Կանանց միջազգային օր

Կանանց միջազգային օր, սկզբնական անվանումը՝ Աշխատավոր կանանց միջազգային օր, տոն, որը նշվում է ամեն տարի մարտի 8-ին աշխարհի մի շարք երկրներում։

1914 թվականի Կանանց միջազգային օրվան նվիրված գերմանական պաստառ[1]։

1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր[2][3]։ Այդ օրվանից մարտի 8-ը համարվում է Կանանց միջազգային օրը կամ աշխատավոր Կանանց միջազգային օրը[2]։ 1917 թվականին Խորհրդային միությունում կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն դարձավ ազգային տոն։ Մարտի 8-ը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները մինչև այն 1967 թվականին ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։ 1975 թվականին մարտի Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ[4]։

Կանանց միջազգային օրն այսօր տարբեր երկրներում նշվում է տարբեր կերպ․ որոշ երկրներում այն հանրային տոն է, այլ վայրերում՝ ամբողջությամբ անտեսվում է[5], որոշ վայրերում այս օրը բողոքների և պայքարի, որոշ վայրերում՝ կանացիության փառաբանման օր է[6]։

Խորհրդային միությունից հետո Հայաստանում վերականգնվեց ապրիլի 7-ը որպես «մայրության և գեղեցկության տոն», որը նաև խորհրդային անցյալից հրաժարվելու փորձ էր։ Ապրիլի 7-ը առնչվում էր նախաքրիստոնեական (հեթանոսական) ժամանակաշրջանին։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Հայաստանում նորից վերականգնվեց 2001 թվականին[7]։ Հայաստանում մարտի ութն անվանվում է «Կանանց տոն» և համարվում է հանրային, ոչ աշխատանքային տոն[8]։

Պատմություն

Կլարա Ցետկին և Ռոզա Լյուքսեմբուրգ, 1910 թվական

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով՝ Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։

1909 թվականի փետրվարի 28-ին Սոցիալիստական կուսակցությունը[9], ակտիվիստ Թերեզա Մալքիլի առաջարկով[10], կազմակերպեց աշխատավոր Կանանց միջազգային օրը[11], որը մինչև 1913 թվականը նշվել է փետրվարի վերջին կիրակի օրը։ Չնայած շատերը պնդել են, թե որ այս օրը նպատակ ունի հիշատակել 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում տեղի ունեցած դերձակ կանանց բողոքի ցույցերը, հետազոտողները այս համընկնումը համարում են պատահական, իսկ պատմությունը՝ հորինված[12][13][14]։

1910 թվականի օգոստոսին կազմակերպվեց Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսը[15]։ Ոգեշնչվելով ամերիկացի սոցիալիստներից՝ գերմանացի սոցիալիստ Լուիզե Ցիթցը առաջարկեց նշել ամեն տարի նշել կանանց օրը։ Այս առաջարկը հետագայում երկրորդեց Ցիթցի գործընկեր և հետագայում կոմունիստական առաջնորդ Կլարա Ցետկինը։ Կոնֆերանսին, սակայն որևէ կոնկրետ օր չորոշվեց[16][17]։ 17 պետություններից ժամանած 100 պատվիրակները համաձայնեցին այս գաղափարի հետ՝ որպես կանաց հավասար իրավունքների և ընտրական իրավունքի համար պայքարի ռազմավարության մի մաս[18]։

Շինարար աշխատավորների ֆեդերացիայի ավստրալիացի կին անդամների երթը 1975 թվականի մարտի ութին՝ Սիդնեյում։

Հաջորդ տարի՝ 1911-ի մարտի 19-ին, Կանանց միջազգային օրը հանրայնորեն առաջին անգամ նշվեց Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում ավելի քան մեկ միլիոն մարդկանց կողմից[9]։ Միայն Ավտրո-Հունգարական կայսրությունում տեղի ունեցան շուրջ 300 բողոքի ցույցեր[16]։ Կանայք պահանջում էին ունենալ ընտրելու իրավունք, վերացնել աշխատանքային սեռական խտրականությունը[19]։

1912 թվականին այդ օրն արդեն նշվում էր մայիսի 12-ին։ 1913 թվականին կանայք դուրս էին գալիս ցույցի Ֆրանսիայում և Ռուսաստանում մարտի 2-ին, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Գերմանիայում՝ մարտի 12-ին։ 1914 թվականին վեց պետություններում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, միաժամանակ նշվում էր մարտի 8-ին։ Այդ տարի մարտի 8-ը համընկավ կիրակի օրվա հետ։ Ամերիկայում Կանանց միջազգային օրը շարունակում էին նշել փետրվարի վերջին կիրակի օրը[16]։ 1913 թվականին Ռուսաստանի կանայք առաջին անգամ նշեցին փետրվարի վերջին շաբաթ օրը՝ ըստ Հուլյան օրացույցի[20]։

1914 թվականի մարտի ութին Կանանց միջազգային օրը նշվեց Գերմանիայում, որից հետո բոլոր երկրներում այն շարունակվեց նշվել մարտի 8֊ին[20]։ 1914-ի միջոցառումը նվիրված էր կանանց ընտրության իրավունքին, որին հնարավոր եղավ հասնել միայն 1918-ին[20][21]։

Մարտի 8-ին նվիրված խոհրդային նամականիշ։

1914-ի մարտի 8-ին Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում նույնպես տեղի ունեցավ երթ՝ նվիրված կանանց ընտրական իրավունքին։ Ակտիվիստ Սիլվիա Փանքհարսթը, որը ելույթ էր ունենալու այդ օրը, ձերբակալվեց Չարինգ Քրոս կայարանի դիմաց՝ Թրաֆալգարյան հրապարակի ճանապարհին[22]։

1917 թվականի մարտի 8-ին՝ Ռուսական կայսրության մայրաքաղաք Պետրոգրադում տեքստիլ արտադրության կին աշխատավորները սկսեցին բողոքի ցույցեր իրականացնել, որը ընդգրկեց ամբողջ քաղաքը։ Սա սկիզբ դրեց Փետրվարյան հեղափոխությանը, որը Հոկտեմբերյան հեղափոխության հետ կազմում է Ռուսական հեղափոխությունը[19][23]։ Սանկտ Պետերբուրգի կանայք այդ օրը գործադուլ սկսեցին պահանջելով «Հաց և խաղաղություն»՝ վերջ դնել Առաջին համաշխարհային պատերազմին և ցարիզմին[20]։ Յոթ օր անց Նիկոլայ II-ը հրաժարվեց գահից և Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը կանանց շնորհեց ընտրության իրավունք[9]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշեվիկ Ալեքսանդրա Կոլոնտայը և Վլադիմիր Լենինը մարտի ութը Խորհրդային միության մեջ դարձրեցին պետական տոն, չնայած որ մինչև 1965 թվականը այն դեռ աշխատանքային օր էր։ 1965-ի մարտի 8-ին Գերագույն խորհրդի Նախագահությունը Կանանց միջազգային օրը ճանաչեց որպես ոչ աշխատանքային օր ամբողջ ԽՍՀՄ֊ի համար։ 1917-ից հետո մարտի 8-ը հիմնականում նշվում էր կոմունիստ պետություններում և շարժումներում[16]։ Սովետական իշխանության առաջին իսկ տարիներից սկսվեց Մարտի 8-ի օրվա իմաստի խեղաթյուրումը։ Նախ, շեշտադրումը փոխվեց գենդերային հավասարությունից դեպի դասակարգային պայքար. այդ օրը սկսեցին անվանվել կին աշխատավորների՝ պրոլետար կանանց սոլիդարության օր[7]։

Երկրորդ աշխարհամարտից հետո, հաշվի առնելով պատերազմի արդյունքում առաջացած ժողովրդագրական ճգնաժամը, ԽՍՀՄ-ում ծնելության խրախուսման քաղաքականություն է տարվում։ Մարտի 8-ը սկսում են զուգորդել մայրության խրախուսման հետ[7]։

1922 թվականից մարտի ութը սկսեց նշվել նաև Չինաստանի կոմունիստների կողմից[16]։ 1927-ին Գուանչժոուում տեղի ունեցավ երթ շուրջ 25,000 կին և տղամարդ աջակից մասնակիցներով[24]։ 1949-ի հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո, դեկտեմբերի 23-ին Գլխավոր խորհուրդը մարտի 8-ը սահմանեց որպես պետական տոն՝ չինացի կանանց ընձեռելով կեսօրյա ազատ օր[25]։

Մինչև 1967-ի ֆեմինիզմի երկրորդ ալիքը մարտի 8-ը մնաց հիմնականում որպես կոմունիստական տոն[16]։ Ֆեմինիզմի երկրորդ ալիքի հետ մարտի 8-ը դարձավ ակտիվիզմի օր՝ Եվրոպայում հաճախ անվանվելով «կանանց պայքարի միջազգային օր»։ 1970-ական և 1980-ական թվականներին կանանց շարժումներին միացան նաև ձախականներն ու աշխատավորական կազմակերպությունները՝ պահանջելով հավասար աշխատանքային հնարավորություններ և աշխատավարձ, իրավական հավասարություն, վերարտադրման հավասար իրավունքներ, երեխայի սուբսիդավորվող խնամք և կանանց հանդեպ բռնությունների կանխարգելում[26][27]։

ՄԱԿ-ը մարտի 8-ը սկսեց նշել 1975-ին՝ Կանանց միջազգային տարվա ընթացքում։ 1977-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան անդամ պետություններին առաջարկեց մարտի 8-ը սահմանել որպես կանանց իրավունքների և աշխարհի խաղաղության or[28]:

2007 թվականի մարտի 4-ին Թեհրանում ոստիկանությունը ծեծեց հարյուրավոր տղամարդկանց և կանանց, որոնք մարտի 8-ի առիթով պատրաստվում էին երթի[29]։ Ոստիկանությունը ձերբակալեց տասնյակ կանանց, որոնք միայն ազատ արձակվեցին օրեր անց՝ կալանքից և հարցաքննություններից հետո[30]։ Շադի Սադրը, Մահբուբեհ Աբասղոլիզադեհը և այլ ակտիվիստներ ազատ արձակվեցին մարտի 19-ին՝ տասնինգ օր տևած հացադուլից հետո[31]։

21-րդ դարում Արևմուտքում մարտի 8-ը հովանավորվում է մեծ ընկերությունների կողմից և սովորաբար օրվա ընթացքում արտահայտվում են բարեկեցության, այլ ոչ սոցիալական արմատական բարեփոխումների ուղերձներով[32]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 234