Կաթոլիկ եկեղեցում սեռական ոտնձգությունների մասին սկանդալ

Կաթոլիկ եկեղեցում սեռական ոտնձգությունների մասին սկանդալ, 1990-2000-ական թվականներին տեղի ունեցած եկեղեցական սկանդալ։ Սկանդալի շրջանակներում բացահայտվել են երեխաների նկատմամբ սեռական բռնության բազմաթիվ դեպքեր, որոնք իրականացվել են կաթոլիկ եկեղեցու սպասավորների կողմից։ Թիրախում եղել են 3-14 տարեկան աղջիկները և տղաները[1][2][3][4]։

Գրաֆիտի Լիսաբոնի պատերից մեկի վրա, որտեղ պատկերված է հոգևորական, ով վազում է երկու աղջիկների հետևից։ Գրաֆիտին խորհրդանշում է երեխաների նկատմամբ սեռական բռնությունները, որոնք տեղի են ունեցել կաթոլիկ եկեղեցում։

«The New York Times» ամսագրի կատարած հետաքննության համաձայն, պաշտոնական Վատիկանը ոչ միայն լռել է անչափահասների նկատմամբ բռնությունների վերաբերյալ և չի տեղեկացրել այդ մասին աշխարհիկ իշխանություններին, այլև չի իրականացրել ներքին հետաքննություն՝ բռնության մեջ մեղադրվող սպասավորների նկատմամբ[5]։ Իր հերթին կաթոլիկ եկեղեցին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ժխտում էր ամերիկացի լրագրողների մեղադրանքները[5]։

Պատմաբան և կրոնագետ Ֆիլիպ Ջենքինսը նշում է, որ բազմաթիվ հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ կաթոլիկ հոգևորականների 0,2 %-ը կապ ունեն երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ[6]։ Արքեպիսկոպոս Սիլվանո Մարիա Թոմասիի կարծիքով, այդ ցուցանիշը կարող է հասնել մինչև 5 %-ի[7]։

Պատմություն

Հոգեպատմաբան Լլոյդ Դեմոսի տվյալներով, մինչև 13-րդ դարը վանքերում ընդունված պրակտիկա է եղել երեխաներին սեռական նպատակներով օգտագործելը[8]։

ԱՄՆ

ԱՄՆ կաթոլիկ եկեղեցում սկսվել է սեռական սկանդալ, երբ պարզվել է, որ Բոստոնի թեմում տեղի են ունեցել սեռական բռնությունների դեպքեր։ Պարզվել է, որ Բոստոնի արքեպիսկոպոս կարդինալ Բերնարդ Ֆրենսիս Լոուն իմացել է երեխաների նկատմամբ իր թեմի հոգևորականների կողմից իրականացվող սեռական բռնությունների մասին։ Կարդինալը ոչինչ չի ձեռնարկել և նույնիսկ թաքցրել է հանցագործներին։ Դրանից հետո եկեղեցին մեծ տուգանքներ է մուծել տուժածների ընտանիքներին, իսկ Լոուն հրաժարական է տվել է 2002 թվականի դեկտեմբերի 13-ին։ Այս իրադարձությունները էլ ավելի են սրել իրադրությունը։ Ներկայումս, տուժածների ընտանիքներին վճարվել է ավելի քան 2 միլիարդ դոլարի փոխհատուցում։ Բենեդիկտոս XVI պապը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» տեղի ունեցածով, ներողություն է խնդրել տուժածներից և ասել, որ պեդոֆիլները չեն կարող լինել Հռոմի կաթոլիկ եկեղեցու սպասավորներ[9]։

2002 թվականի հունիսին ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը դիմել է Ջոն Ջեյի քրեական իրավունքի քոլեջ՝ խնդրելով հետաքննել կաթոլիկ հոգևորականների կողմից երեխաների բռնության դեպքերի փաստը։ Վերջինս Նյու Յորքի քաղաքային համալսարանի հիմնական քոլեջներից մեկն է։ Ջոն Ջեյի քոլեջի զեկույցի մեջ նշվում է, որ 1950-2002 թվականներին ԱՄՆ կաթոլիկ եկեղեցու սպասավորների դեմ հարուցվել է 10667 քրեական գործ, որտեղ կաթոլիկ եկեղեցականները մեղադրվում էին անչափահաս երեխաների բռնաբարության մեջ (զեկույցի 7-րդ էջ)[10]։1960- 1970-ական թվականներին մեղադրանքների թիվը աճել է և նվազել միայն 1980-ական թվականների սկզբին։1960-ական թվականների սկզբին տարեկան հարուցվել է շուրջ 50 քրեական գործ։1970-ական թվականների վերջին այդ թիվը հասել է 450-500-ի։2000 թվականին այդ ցուցանիշը դարձյալ հասել է 50-ի(զեկույցի 28-րդ էջ)[10]։

2010 թվականի մարտին «The New York Times» ամսագիրը, հինգ երեխաների փաստաբաններ Ջեֆ Անդերսոնից և Մայք Ֆինեգանից, ովքեր դատական հայց էին ներկայացրել Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի արքեպիսկոպոսի և հոգևորական Լոուրենս Մերֆիի դեմ, ստացել է մի շարք փաստաթղթեր, որտեղ ներկայացված էր նահանգի եպիսկոպոսի և Վատիկանի ներքին գրագրությունը։ Փաստաթղթերում ներկայացված էր Մերֆիի զոհերի հայտարարությունները, սեքսուալ բռնությունների հարցերով փորձագետի գրառումները և Վատիկանում տեղի ունեցած դատավարության վերջին նիստի արձանագրությունը։ Փաստաթղթերից պարզ է դարձել, որ Միլուոկիի երեք արքեպիսկոպոսները իմացել են երեխաների նկատմամբ բռնությունների մասին, սակայն չեն հայտնել ոստիկանությանը, ինչպես նաև կոծկել են Մերֆիին, որը վերջին 24 տարիներին եղել է տեղի հոգևորականներից մեկը[11]։

2010 թվականի ապրիլի 22-ին պարզ է դարձել, որ Իլինոյս նահանգի պեդոֆիլ հոգևորականներից մեկի զոհերից մեկը հայց է ներկայացրել Հռոմի պապի դեմ։ Դատական հայցի հիմք են դարձել սեռական բռնությունները և բռնաբարությունները, որոնք իրականացվել էին Վիսկոնսինի «Խուլ երեխաների սուրբ Հովհաննեսի անվան դպրոցի» հոգևորական Լոուրենս Մերֆիի կողմից։ Հայցվորը հայտարարել է, որ 1995 թվականին փորձել է տեղեկացնել եկեղեցական իշխանություններին՝ երկու անգամ նամակ ուղարկելով Վատիկանի արտաքին հարցերով քարտուղարության ղեկավար Անջելո Սոդանոյին։ Սակայն պատասխան չի ստացել։ BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ «նամակում հիշատակված մեղադրանքները, որոնք ուղղված են հոգևորականի դեմ, պետք է ուղարկվեր Հավատի կոնգրեգացիոն դոկտրինային, որը, այդ ժամանակ, ղեկավարում էր կարդինալ Յոզեֆ Ռատցինգերը, հետագայում զբաղեցնելով Սուրբ Աթոռը՝ Բենեդիկտոս XVI անվամբ»[12][13][14].

2007 թվականի հուլիսին Լոս Անջելեսի արքեպիսկոպոսությունը համաձայնվել է վճարել փոխհատուցում, որն ընդհանուր առմամբ կազմում էր 660 միլիոն դոլար[15]։ Փոխհատուցումը տրամադրվելու էր՝ արքեպիսկոպոսության հոգևորականների սեռական ոտնձգությունների զոհ դարձած երեխաներին։ 1940-ական թվականներից սկսած, միայն Լոս Անջելեսում, սեռական ոտնձգությունների զոհ է դարձել 508 երեխա[16]։ Զոհերին հատկացված փոխհատուցումների արդյունքում, եպիսկոպոսությունը կանգնել է սնանկության շեմին[16]։ ԱՄՆ ողջ տարածքում 1950-ական թվականներից մինչ օրս հոգևորականների կողմից սեռական բռնությունների զոհերին է փոխանցվել ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար[16][17]։

2011 թվականի մարտին, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների իրականացման մեղադրանքով, Ֆիլադելֆիայի արքեպիսկոպոսությունից հեռացվել է 21 հոգևորական[18][19][20][21]։

Ավստրալիա

Ավստրալիայում 1993-2010 թվականներին դատապարտվել են շուրջ 100 կաթոլիկ վանահայրեր, ովքեր սեռական ոտնձգություններ են իրականացրել անչափահասների նկատմամբ[22]։

Բելգիա

2008 թվականի հունվարին Բրյուսելի դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել աբբա Ռոբեր Բորեմանին՝ նրան մեղավոր ճանաչելով իր անչափահաս սանիկի նկատմամբ պեդոֆիլ գործողություններ իրականացնելու համար։ Բորեմանը մի քանի տարվա ընթացքում ստիպել է 11-ամյա երեխային ունենալ հոմոսեքսուալ սեռական հարաբերություններ[23]։

Բելգիայի կաթոլիկ եկեղեցին, բժիշկ- հոգեբույժ Պետեր Ադրիանսենսի գլխավորությամբ, ստեղծել է «Պաստորական գործողություններում սեռական չարաշահումների բողոքների ուսումնասիրման կոմիտեն»։ Վերջինս պատրաստել և հրապարակել է 200 էջից բաղկացած զեկույց[24], որտեղ ներկայացված են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների շուրջ 300 գործեր, որոնք իրականացվել են ոչ միայն հոգևորականների, այլև կրոն դասավանդող ուսուցիչների և երիտասարդական խմբերի ղեկավարների կողմից։ Փաստերը հիմնված են բռնությունների 124 զոհերի տված ցուցմունքների վրա։ Երեխաների մեծ մասի տարիքը չի գերազանցում 12-ը, իսկ որոշներն էլ բռնության են ենթարկվել, երբ եղել են 2-5 տարեկան[25][26][27]։

Կոմիտեի ղեկավար Պետեր Ադրիանսենսը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում էր, որ պեդոֆիլիայի դրսևորումներ գրանցվել են գրեթե բոլոր թեմերում, իսկ բռնաբարությունների 13 զոհեր ինքնասպանություն են գործել։ Սովորաբար, տղաների նկատմամբ սեռական բռնությունները ավարտվում են 15 տարեկանում, այն դեպքում, երբ աղջիկների նկատմամբ սեռական բռնությունները շարունակվում են մինչև նրանց չափահաս դառնալը։ Միևնույն ժամանակ Ադրիանսենսը հայտարարել է, որ կոմիտեն չի հայտնաբերել այնպիսի ապացույց, որտեղ կաթոլիկ եկեղեցին տվյալներ է ունեցել պեդոֆիլ դրսևորումների վերաբերյալ և անհրաժեշտ կարգով չի հետաքննել դրանք։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պեդոֆիլիայի աճը սկսվել է 1960-ական թվականներին, երբ բռնությունների դեպքերը գրանցվել են բոլոր թեմերում և կաթոլիկ գիշերօթիկ դպրոցներում։ Իսկ բռնությունների նվազումը գրանցվել է 1980-ական թվականներին, երբ կաթոլիկ հոգևորականների թվի նվազմանը զուգընթաց, նվազել է նաև կրթության ոլորտում կաթոլիկ եկեղեցու ունեցած դերը[25][27]։

«NEWSru.com» համացանցային պորտալը նշում է, որ 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին կոմիտեն ստացել է 475 բողոք, իսկ ամենաշատ բողոքներ ստացվել են 2010 թվականի ապրիլին, երբ Բրյուգեի եպիսկոպոս Ռոջեր Վանգելյուվեն հեռացվել է եկեղեցական ծառայությունից։ Վերջինս, 1973- 1986 թվականներին իր զարմիկի հետ ունեցել է սեռական հարաբերություններ[23][25][28]։ 2011 թվականի ապրիլին Վանգելյուվեն «VT4» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ, ավելի քան 25 տարի առաջ սեռական հարաբերություն է ունեցել իր անչափահաս զարմիկների հետ, սակայն մերժել է ընդունել այդ փաստը որպես պեդոֆիլություն՝ հայտարարելով, որ «այն կապ չունի սեքսուալության հետ», քանի որ, նրա խոսքերով, զարմիկները ուղղակի քնել են իր հետ մեկ անկողնում։ Նա նաև նշել է, որ «հարաբերությունը սկսվել է որպես խաղ, և երբեք բռնաբարության հարց չի եղել։ Դրանք եղել են փոքրիկ հարաբերություններ, և ես չեմ նկատել, որ իմ զարմիկները դեմ են եղել դրան։ Կարելի է ասել հակառակը։ Հարաբերության ժամանակ կոպիտ սեքս չի եղել»[26][29]։

Հունիսի վերջին սեռական բռնությունների հետաքննման հարցերով գործի ժամանակ, ոստիկանությունը հետախուզել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու նստավայրը, որի արդյունքում Ադրիանսենսի զեկույցի որոշ մանրամասներ հաստատվել են։ Ինքը` Ադրիանսենսը, հայտարարել է, որ դադարեցնում է Կոմիտեի գործունեությունը, քանի որ կարծում է, որ իր աշխատանքը՝ որպես խայծ, օգտագործվել է բելգիական իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։ Սեպտեմբերին դատարանի որոշմամբ ոստիկանության գործողությունները ճանաչվել են անօրինական և արգելվել են կիրառել առկա փաստաթղթերը՝ պաշտոնական մեղադրանք առաջ քաշելու ժամանակ[23]։

Վանգելյուվեի դեպքի պատճառով՝ պեդոֆիլիայի և սեռական բռնությունների մեջ մեղադրվող քահանաների դեմ ուղղված մեղադրանքների քննման հատուկ կոմիտեն 270 նոր գործ է հարուցել[23][26]։

2010 թվականի սեպտեմբերի 13-ին Բելգիայի կաթոլիկ եկեղեցու մամլո խոսնակ Անդրե Ժոզեֆ Լեոնարը նշել է, որ Ադրիանսենսի կոմիտեի զեկույցի պաշտոնական հրապարակումից հետո «զայրույթ և անզորություն է զգում», իսկ զեկույցի բովանդակությունը և տուժածների պատմածները սարսուռ են առաջացնում։ Լեոնարը նաև նշել է, որ եկեղեցին ձգտում է վերականգնել իր բարի անունը, այդ իսկ պատճառով անվերապահորեն մասնակցում է բռնության զոհերի հոգեկան բուժման գործընթացին[30]։ Նույն տարվա ապրիլին նա խոստովանել էր, որ կաթոլիկ եկեղեցին գտնվում է ճգնաժամի մեջ և ցանկանում է արագ թերթել եկեղեցու պատմության այս դառը էջը[31]։

«NEWSru.com» համացանցային պորտալը նշում է, որ 2010 թվականի սեպտեմբերին Բելգիայի դաշնային դատախազություն է ուղարկվել 103 բողոք, որոնք ուղղված էին կաթոլիկ եկեղեցու սպասավորների հանցագործ գործողությունների դեմ։ Բողոք ներկայացնողների 76 %-ը եղել են մինչև 40 տարեկան տղամարդիկ, ովքեր անչափահաս տարիքում դարձել են պեդոֆիլիայի զոհ։ Զոհերից ամենատարեցը եղել է 82 տարեկան, իսկ ամենակրտսերը՝ 23 տարեկան։ Սեռական ոտնձգությունների խորհրդարանական կոմիտեի ղեկավար, որը ստեղծվել էր Բելգիայի խորհրդարանի ստորին պալատում 2010 թվականի նոյեմբերին, Կարին Լալեն հանդես է եկել նախաձեռնությամբ, որի հիմնական էությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է ֆինանսական սանկցիաներ կիրառել Բելգիայի կաթոլիկ եկեղեցու նկատմամբ՝ պեդոֆիլության հետ կապված գործողությունների համար[32]։

2011 թվականին Բրյուսելում 75 մարդուց բաղկացած խումբը, ովքեր բռնաբարվել էին հոգևորականների կողմից, դատի է տվել երկրի կաթոլիկ եկեղեցուն։ Ընդ որում,պարզվել է, որ հոգևորականներից մեկը, իմանալով, որ իր հանցանքը բացահայտվել է, ինքնասպան է եղել[32]։

Գերմանիա

Ռեգենսբուրգի եպիսկոպոսության մամլո քարտուղար Կլեմենս Նեկը պատմել է, որ 1958-1973 թվականներին գիմնազիայի տնօրենի և ուսուցչի սեռական բռնության զոհ են դարձել «Ռեգենսբուրգեր Դոմշպատցեն» տղաների հայտնի երգչախմբի անդամները։ Երկու անձինք էլ հեռացվել են աշխատանքից, սակայն չեն հասցրել կանգնել դատարանի առջև՝ մահանալով 1984 թվականին[33]։

2010 թվականին ողջ Գերմանիան ցնցվեց մի լուրից, համաձայն որի Բավարիայի Էտտալ վանքի հոգևորականները բռնաբարել են անչափահասների։ Կաթոլիկ պեդոֆիլների զոհ են դարձել շուրջ 100 երեխաներ, ովքեր եղել են վանքի խնամքի տակ։ Երեխաների թվում եղել են նաև «Ռեգենսբուրգեր Դոմշպատցեն» երգչախմբի որոշ սաներ։ Իրավիճակը խորացրեց այն փաստը, որ 1964-1994 թվականներին երգչախմբի դիրիժորը և կապելմայստերը եղել է Գեորգ Ռաթցինգերը, ով նաև Հռոմի Բենեդիկտոս XVI պապի հարազատ եղբայրն էր։ Ռացինգերը, պատասխանելով բավարական հեռուստատեսության տված հարցին, հայտարարել է, որ անգամ շշուկների տեսքով չի լսել բռնությունների և այլ հանցագործությունների մասին, որոնք իրականացվել են երգչախմբի անդամ տղաների նկատմամբ[33]։

Նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել XX դարի 70-80-ական թվականներին Բեռլինի էլիտար իեզուիտական Կանիզիա քոլեջում, որի բազմաթիվ շրջանավարտներ, գերմանական «Der Spiegel» թերթի փոխանցմամբ, ներկայումս պետական ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյաներ և մասնավոր ձեռներեցներ են։ 2004 թվականին քոլեջի գործող տնօրեն Կլաուս Մերկեսի մոտ են եկել երկու տուժած շրջանավարտներ։ Ապշելով տեղի ունեցած իրադարձություններից՝ Մերկեսը բաց նամակով դիմել է ուսումնական հաստատության շուրջ 600 շրջանավարտների՝ խնդրելով հաստատել տեղի ունեցածը։ Նա վարձել է մասնավոր խուզարկու և փաստաբան Ուրսուլա Ռաուդելին՝ հետաքննություն իրականացնելու համար։ Զոհերի խնդրանքով, մինչև ներքին հետաքննության ավարտը, Մերկեսը երկար ժամանակ չի հրապարակել հանցագործության մանրամասները։ Իր հերթին, Ռաուդելը պարզել է, որ 12 ուսուցիչ հոգևորականների սեռական ցանկությունների զոհ են դարձել շուրջ 115 դպրոցականներ, ընդ որում զոհերի մի մասը հետագայում ինքնասպանություն է գործել։ Հետագայում հանցագործության երկու հիմնական կասկածյալներն են դարձել քոլեջի ուսուցիչներ 65-ամյա Վոլֆգանգ Շ.-ն, ով գտնվում էր Չիլիում (ինքնախոստովանել է) և 69-ամյա Պետեր Ռ.-ն, ով բնակվում էր Բեռլինում։ Վերջինս թաքնվել է, երբ իմացել է, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Կասկածյալներից մեկն էլ եղել է 70-ամյա մի միաբան, ով հարցաքննվել է՝ երեք տուժածների տված ցուցմունքի հիման վրա[5][34][35][36][37][38][39][40]։ Հետագայում տուժած է ճանաչվել 205 մարդ, ովքեր միավորվել են ասոցիացիայի մեջ և պահանջել դրամական խոշոր փոխհատուցում՝ հասցված բարոյական և մարմնական վնասի համար[41][42]։ Ավելի ուշ, միաբանությունը հայտարարել է իր սնանկ ճանաչվելու մասին[43]։

Իռլանդիա

Կաթոլիկ հոգևորական Բրենդան Սմիթը, ով բռնաբարել է մի քանի հարյուր երեխաների[44]

2000 թվականին Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցին վճարել է 12 հազար ֆունտ մի աղջկա, ում 8 տարեկանից (1979 թվականից սկսած) բռնաբարել է կաթոլիկ վանականը։ Դրա փոխարեն աղջիկը պետք է լռեր։ Համաձայն The Guardian-ի, համաձայնությունը կայացրել են եպիսկոպոս Շեյմաս Հեգարդին, նախորդ եպիսկոպոս Էդվարդ Դալին և ինքը՝ տուժողը։ Տեղեկատվությունը բացահայտվել է միայն 10 տարի անց` միջազգային սկանդալի շրջանակներում[45][46]։

2009 թվականին Իռլանդիայում հրապարակվել է մի զեկույց, համաձայն որի բռնաբարության մեջ մեղադրվում էին 46 հոգևորականներ։ Բռնաբարության դեպքերը տեղի են ունեցել 1975- 2004 թվականներին, ընդ որում տղաները երկու անգամ ավելի շատ են սեռական բռնության ենթարկվել, քան աղջիկները։ Իռլանդիայում պեդոֆիլ հոգևորականների զոհ, այդ ընթացքում, կարող էր դառնալ մինչև 2000 երեխա։ Հետաքննության տվյալներով, արքեպիսկոպոսներ Ջոն Չարլզ Մաքքուեյդը, Դերմոթ Ռայանը, Քևին Մաք-Նամարը և կարդինալ Դեսմոնդ Քոննելը իմացել են անչափահասների նկատմամբ իրականացվող սեռական բռնությունների մասին, սակայն չեն հայտնել իրավապահ մարմիններին։ Իր զեկույցում հետաքննությունը նշել է, որ «եկեղեցին իր սեփական հեղինակությունը ավելի բարձր է դասում, քան երեխաների պաշտպանությունը։ Իսկ պետությունը, փաստացի, թաքցրել է հոգևորականների անօրինական գործողությունները»։ Սկանդալը ավելի է խորացել, երբ խոստովանել է կարդինալ Շոն Բրեդին, որ 1975 թվականին, Բրենդան Սմիթի գործունեության հետ կապված եկեղեցական ներքին հետաքննության ժամանակ, Բրեդին 10 և 14 տարեկան տղա երեխաների հետ հանդիպման ընթացքում՝ «հնարավոր դավադրությունից խուսափելու համար», համոզել է նրանց տալ գրավոր պարտավորություն, որ չեն հայտնի սեռական բռնությունների ենթարկվելու մասին։ Կարդինալ Բրեդին ներողություն է խնդրել և նշել, որ ամաչում է «անցյալի ցավալի դրվագների համար»[47][48][49]։ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-րդը ընդունել է սկանդալը և ներողություն խնդրել իր ենթակաների փոխարեն[50]։

2012 թվականի մարտին, ընդդեմ իռլանդացի վանամոր, սկսվել է դատական գործընթաց։ Վերջինս մեղադրվում էր 87 աղջիկների բռնաբարության մեջ[4]։

Մալթա

2010 թվականին հայտնի է դարձել երեք պեդոֆիլ հոգևորականների մասին, ովքեր մեղադրվում էին կաթոլիկ որբանոցի 10 երեխաներին բռնաբարելու մեջ[51]։

Նիդերլանդներ

«NRC Handelsblad» լրատվականի տվյալներով, 1950-ական թվականներին կաթոլիկ եկեղեցին ամորձահատել է 11 տղաների, ովքեր բռնաբարվել էին կաթոլիկ հոգևորականների կողմից։ Նպատակը «տղաներին հետ պահելն էր համասեռամոլությունից»։ Թերթի հրապարակումից անմիջապես հետո, երկրի խորհրդարանը կոչ է արել իրականացնել մանրակրկիտ հետաքննություն։ Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ 1945 թվականից սկսած հազարավոր երեխաներ բռնաբարվել են Նիդերլանդների կաթոլիկ եկեղեցիներում[52]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաթոլիկ եկեղեցում սեռական ոտնձգությունների մասին սկանդալ» հոդվածին։