Խուճապային խանգարում

Խուճապային խանգարում, տագնապային խանգարման տեսակ, որին բնութագրական են կրկնվող, անսպասելի խուճապային գրոհները[2]։ Խուճապային գրոհները ուժեղ վախից հանկարծակի առաջացած նոպաներ են, որոնք ուղեկցվում են տախիկարդիայով (ավելանում է սրտի զարկերի հաճախականությունը), քրտնարտադրությամբ, դողով, շնչահեղձությամբ, զգայունության կորստով և վախով, որ ինչ-որ սարսափելի դեպք պետք է լինի[2][3]։ Ախտանշանները դրսևորման առավելագույն մակարդակի հասնում են մի քանի րոպեների ընթացքում[3]։ Անհանգստությունը կարող է շարունակվել հետագա գրոհների առաջացման վախից։ Մարդիկ սկսում են խուսափել այն վայրերից, որտեղ նախկինում եղել են խուճապային գրոհներ[2]։

Խուճապային խանգարում
ինչ-որ մեկի մոտ խուճապային գրոհ է
Տեսակհիվանդության կարգ
Պատճառհայտնի չէ[1]
Հիվանդության ախտանշաններուժեղ վախի հանկարծակի նոպաներ[2][3]
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն
ՀՄԴ-9300.01 և 300.21
ՀՄԴ-10F41.0
Ռիսկի գործոններընտանեկան պատմություն, ծխել, հոգեբանական սթրես, երեխաների հետ դաժան վարվելու դեպքեր[3]
Ախտորոշումախտանիշների հիման վրա՝ այլ պատճառների բացակայության պայմաններում[3][1]
Տարբերակիչ ախտորոշումհիպերթիրեոզ, սրտի հիվանդություններ, թմրամոլություն[3][1]
Բուժումխորհրդատվություններ, դեղամիջոցներ[1]
Սկիզբըհանկարծակի և կրկնվող[2]
Հանդիպման հաճախականությունմարդկանց 2.5%-ի մոտ կյանքի որոշակի պահին[4]
 Panic disorder Վիքիպահեստում

Խուճապային խանգարման առաջացման պատճառը հայտնի չէ[1]։ Այս խանգարումը ընտանիքներում հաճախ է հանդիպում[1]։ Ռիսկի գործոններն են ծխելը, հոգեբանական սթրեսը, երեխաների մոտ՝ նրանց հետ դաժան վարվելը[3]։ Ախտորոշումը ներառում է անհանգստության առաջացման այլ հնարավոր պատճառների բացառումը, ներառյալ այլ հոգեբանական խանգարումները, սրտի հիվանդությունները, հիպերթիրեոզը (վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրում), թմրանյութերի օգտագործումը[3][1]։ Մարդու ընդհանուր վիճակի ստուգումը կարող է կատարվել հարցաթերթիկի միջոցով[5]։

Խուճապային խանգարումը սովորաբար բուժվում է խորհրդատվությունների (կոնսուլտացիաների) և դեղերի ընդունման միջոցով[1]։ Կիրառվող խորհրդատվությունները որպես կանոն իրենցից ներկայացնում են ընկալական պահվածքային թերապիան (CBT), որն արդյունավետ է այս խնդիրն ունեցող մարդկանց 50%-ից ավելիի մոտ[1][4]։ Օգտագործվեղ դեղամիջոցներն են հակադեպրեսանտները, երբեմն բենզոդիազեպինը կամ բետա պաշարիչները[2][1]։ Բուժման ավարտից հետո մարդկանց 30%-ի մոտ դիտվում են ռեմիսիաներ (հիվանդության վերադարձ, կրկնում)[4]։

Մարդկանց 2,5%-ը կյանքի ինչ-որ պահի առնչվում են խուճապային խանգարման հետ[4]։ Սովորաբար այս խանգարումը դիտվում է դեռահասների մոտ կամ վաղ չափահաս տարիքում, բայց այն կարող է առաջանալ ցանկացած տարիքի մարդկանց մոտ[6]։ Քիչ տարածված է երեխաների և տարեցների շրջանում[3]։ Կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ[6]։

Նշաններ և ախտանիշներ

Խուճապային խանգարումով տառապողները սովորաբար ունենում են ծայրահեղ անհանգստության մի շարք դրվագներ։ Նոպաները սովորաբար տևում են մոտավորապես տասը րոպե, կարող են լինել նաև կարճաժամկետ՝ 1-ից 5 րոպե, բայց կարող են տևել նաև 20 րոպեից մինչև մեկ ժամ, մինչև ինչ-որ դրական արդյունք տվող միջամտություն չարվի։ Խուճապային նոպաները կարող են աճել և նվազել մի քանի ժամերի ընթացքում (նոպաները հերթափոխում են իրար)։

Նոպաների և՛ ինտենսիվությունը, և՛ կոնկրետ ախտանիշները կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում։ Որոշ դեպքերում նոպան կարող է շարունակվել անկայուն բարձր ինտենսիվությամբ, որոշ դեպքերում էլ գնալով ուժեղանալ։ Խուճապային խանգարման ընդհանուր ախտանիշներն են՝ հաճախասրտություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, շնչահեղձություն, դող, անկառավարելի վախ (ինքնատիրապետումը կորցնելու և խելագարվելու վախ[7], վախ մահանալուց[8]), հիպերվենտիլյացիա (ինտենսիվ շնչառություն), պարալիզ, ցավ կրծքավանդակում, սրտխառնոց, անզգայացում, ծակծկոց, ցնցումներ, ուշաթափություն և խեղաթյուրված իրականության զգացում[9], լաց[10]։ Բացի սրանցից մարդն ունենում է մոտեցող վախճանի մասին մտքեր[11], փորձում են խուսափել այն իրավիճակներից, որոնք դրդում են նոպաների զարգացմանը։ Խուճապային խանգարման նոպան ավելի լուրջ և արտահայտված փուլայնությամբ է ընթանում համեմատած ընդհանրացված տագնապային խանգարման։ Խուճապային գրոհները կարող են հրահրվել կոնկրետ դրդիչնեչով (օրինակ՝ մուկ, առնետ տեսնելիս կամ ատամնաբույժի սենյակ մտնելիս)[9] կամ հրահրվել աստիճանաբար։ Որոշ մարդիկ այսպիսի դրդիչ գործոնների հետ առնչվում են շատ հաճախ՝ ամեն օր կամ ամեն շաբաթ։ Խուճապային խանգարման նոպաների արտաքին դրսևորումների (ուշագնացություններ, պարալիզ) պատճառով մարդկանց մոտ ձևավորվում է բացասական սոցիալական փորձ՝ շփոթվածություն, մեկուսացում, սոցիալական ստիգմա («պիտակավորում»)։

Սահմանափակ ախտանիշներով խուճապային խանգարումների նոպաները նման են խուճապային գրոհների նոպաներին։ Խուճապային խանգարում ունեցող մարդկանց մեծ մասը ունենում են և՛ խուճապային գրոհներ, և՛ սահմանափակ ախտանիշներվ նոպաներ։

Ինտերոցեպցիա

Ինտերոցեպցիան օրգանիզմի ներքին վիճակի մասին զգացողությունն է, օրգանիզմի ինքնագիտակցումը։ Ինտերոցեպցիան իր մեջ ներառում է մարմնից ուղեղ եկող ազդակների մշակում և համապատասխան պատասխանի ձևավորում, ինչը հնարավորություն է տալիս օրգանիզմին մանրամասն տեղեկություն ստանալ ինքն իր մասին։ Հետազոտությունները, որոնք արվել են ինտերոցեպցիայի և խուճապային խանգարման միջև կապը պարզելու համար, ցույց են տվել, որ խուճապային խանգարումով մարդկանց մոտ դեղամիջոցներով հրահրված հաճախասրտությունն ավելի ինտենսիվ է։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ այս մարդկանց ինտերոցեպցիան ավելի ակտիվ է, քան առողջ մարդկանցը[12]։

Պատճառներ

Հոգեբանական մոդելներ

Չկա խուճապային խանգարման միայն մեկ բացատրություն, գոյություն ունեն որոշակի հայացքներ, տեսակետներ, որոնք հետազոտողները փորձում են օգտագործել այս խանգարումը բացատրելու համար։ Առաջինը կենսաբանական տեսակետն է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ խուճապային խանգարում ունեցողների մոտ դիտվում է նորադրենալինի անկանոն ակտիվություն[13]։ Ընթացիկ հետազոտություններն արվում են այս տեսակետի վրա հիմնվելով, քանի որ պարզվել է նաև, որ խուճապային խանգարումով մարդկանց մոտ ուղեղի որոշ շղթայակցված աշխատանքներ ճիշտ չեն կատարվում։ Այս շղթան կազմում են գորշ նյութը, ենթատեսաթմբի վենտրոմեդիալ փորոքը[14]։

Գոյություն ունեն նաև ճանաչողական (կոգնիտիվ) տեսակետներ։ Տեսաբանները կարծում են, որ խուճապային խանգարումով մարդիկ զգում են խուճապային ռեակցիաներ, քանի որ նրանք որոշ մարմնական զգացողություններ կարող են սխալմամբ ընկալել որպես կյանքին սպառնացող վիճակներ[15]։ Այդ զգացողությունները որոշ մարդկանց մոտ ստեղծում են այնպիսի վիճակներ կարծես նրանք կորցնում են ինքնատիրապետումը։ Սա իր հերթին հանգեցնում է խուճապի զարգացման։ Մարմնական զգացողությունների սխալ ընկալումը նշվում է որպես խուճապի զարգացման հանդեպ գերզգայնություն և այն մարդիկ, որոնք հարցազրույցի ժամանակ ստանում են խուճապի հանդեպ զգայնության ավելի բարձր գնահատական 5 անգամ ավել հաճախ են ունենում խուճապային խանգարումներ[16]։

Խուճապային խանգարումը հանդիպում է ընտանիքներում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ժառանգականությունն ին տեղն ունի այս խանգարման փոխանցման հարցում[17]։

Համարվում է, որ հոգեբանական գործոնները, սթրեսային իրավիճակները, շրջակա միջավայրի փոփոխությունները, հաճախակի մտածմունքները օրգանիզմը դարձնում են գերզգայուն, ուժեղացնում են հարաբերականորեն նորմալ ռեակցիաները, ինչպես նաև նշանակություն են ունենում խուճապային խանգարումների զարգացման գործում։ Հաճախ առաջին նոպաները դրսևորվում են ֆիզիկական հիվանդության ժամանակ, ուժեղ սթրեսից կամ որոշակի դեղորայքի ընդունումից հետո։ Մարդիկ ովքեր իրենց վրա են վերցնում չափից շատ պարտականություններ հակված են խուճապային գրոհների։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումով (PTSD) մարդկանց մոտ դիտվում է խուճապային խանգարման ավելի բարձր մակարդակ, քան PTSD չունեցող մարդկանց մոտ։

Որոշ նյութերի չարաշահում

Հոգեմետ դեղերի չարաշահումը հաճախ փոխկապակցված է խուճապային գրոհների հետ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ խուճապային խանգարումով մարդկանց 39%-ը չարաշահել է որոշակի նյութերի օգտագործումը։ Ալկոհոլ ընդունածների 63%-ը հայտնել են, որ օգտագործել են ալկոհոլ մինչև նոպայի ի հայտ գալը, իսկ թմրանյութեր ընդունած մարդկանց 59%-ը հայտնել են, որ թմրանյութի օգտագործումը նախորդել է նոպային։ Միայն մի քանի մարդ է նշել, որ հոգեմետ նյութերի կիռառումը չարաշահել է խուճապային նոպաների ինքնաբուժման նպատակով։ Հետազոտությունը հաստատել է խուճապի զարգացման և տոքսիկոմանիայի միջև կապը[18]։

ՄԵկ այլ հետազոտության ժամանակ հետազոտվել են մեթամֆետամինային կախվածություն ունեցող 100 մարդ, որոնց մոտ կախվածությանը զուգահեռ դիտվել են նաև հոգեկան շեղումներ։ Այս մարդկանց 36%-ը դասվել են ուղեկցող հոգեկան խանգարումներ ունեցողների շարքին։ Տրամադրության և հոգեբանական խանգարումներն ավելի տարածված են, քան տագնապային խանգարումները։ Վերջինս հանդիպել է հետազոտվող 100 մարդկանցից 7%-ի մոտ[19]

Ծխել

Ծխախոտ ծխելը բարձրացնում է խուճապային խանգարման զարգացման ռիսկը, որի ժամանակ կարող են դիտվել (ոչ միշտ) ագորաֆոբիա (վախ բաց տարածություններից)[20][21] և խուճապային գրոհներ։ Դեռահաս կամ վաղ երիտասարդ տարիքում ծխել սկսելը ավելի է բարձրացնում այս ռիսկը[22][23][24]։ Ծխախոտի ազդման մեխանիզմը մինչև վերջ պարզված չէ։ Առաջ են քաշվել մի քանի հիպոթեզներ։ Ծխախոտն առաջացնելով շնչառական ֆունկցիայի փոփոխություններ (շնչահեղձ լինելու զգացողություն) կարող է հրահրել խուճապային խանգարման գրոհներ։ Այս շնչառական փոփոխություններն իրենց հերթին կարող են հանգեցնել խուճապի նոպաների զարգացման։ Շնչառական ախտանշանները բնորոշ են խուճապային խանգարումներին[22][25]։ Շնչառական խանգարումներ դիտվում են բարձր տագնապայնություն ունեցող երեխաների մոտ, ինչը վկայում է այն մասին, որ նմանատիպ խնդիրներ (տագնապայնություն, անհանգստություն) ունեցող մարդիկ հակված են խուճապային նոպանորի և հետևաբար այս նոպաները հետագայում կարող են խուճապային խանգարումների պատճառ դառնալ։ Նիկոտինը դրդիչ է, որը միջնորդում է խուճապային նոպաների զարգացմանը[26][27]։ Նիկոտինային աբստինենցիան՝ զրկանքի համախտանիշ (թմրանյութ չօգտագործելու պատճառով թմրամոլների մոտ զարգանում է աբստինենցիա՝ հանման համախտանիշ, ժուժկալման համախտանիշ) առաջացնում է անհանգստություն, ինչն էլ հանգեցնում է խուճապային նոպայի։

Հաճախ խուճապային խանգարումով մարդիկ փորձում են հանգստացնել իրենք իրենց, ինքնաբուժվել ծխելու միջոցով։ Նիկոտինը և այլ հոգեմետ դեղեր, որոնք ունեն հակադեպրեսանտային ազդեցություն, ազդում են ինչպես մոնոամինօքսիդազայի ինհիբիտորները գլխուղեղում և կարող են փոխել տրամադրությունը, ունենալ հանգստացնող ազդեցություն (կախված դեղաչափից)։

Խթանիչներ

Մի շարք կլինիկական հետազոտություններ ցույց են տվել կոֆեինի և տագնապային, խուճապային խանգարումների զարգացման միջև կապը[28][29]։ Մարդիկ, որվքեր տառապում են խուճապային խանգարմամբ ավելի զգայուն են կոֆեինով պայմանավորված նոպաների հանդեպ։ Անհանգստության զարգացման հիմնական պատճառն այն է, որ կոֆեինը բարձրացնում է սրտի զարկերի հաճախականությունը[30][31][32][33]։

Գրիպի և մրսածության դեմ որոշ դեղամիջոցներ և հակաայտուցային միջոցները կարող են պարունակել էֆեդրին, ֆենիլէֆրին, նաֆազոլին և օքսիմետազոլին։ Այս նյութերը նւյնպես կարող են հրահրել նոպաներ։ Կարելի է օգտագործել այնպիսի հակաայտուցային դեղամիջոցներ, որոնք նախատեսված են արյան բարձր ճնշումը կանխելու համար[34]։

Ալկոհոլ և հանգստացնող միջոցներ

Խուճապային խանգարում ունեցող մարդկանց մոտավորապես 30%-ը օգտագործում են ալկոհոլ, իսկ 17%-ը այլ հոգեմետ դեղեր[35]։ Ալկոհոլ օգտագործում է ընդհանուր բնակչության 61%-ը[36], իսկ այլ հոգեմետ միջոցներ կիրառում են 7,9%-ը[37]։ Ռեկրեացիոն թմրանյութերի (ոչ ստաբիլ, ընդմիջումներվ, առանց բժշկական ցուցումների օգտագործումը) և ալկոհոլի օգտագործումը խորացնում են ախտանշանները[38]։ Համարվում է, որ մի շարք խթանիչ նյութեր (կոֆեին, նիկոտին, կոկային) վատացնում են հիվանդի վիճակը, քանի որ անուղղակի կերպով ուժեղացնում են ախտանշանները (օրինակ սրտի զարկերի հաճախականության ավելացում)։

Դեակոնն ու Վալենտերը (2000)[39] կատարել են հետազոտություն, որի ժամանակ ուսումնասիրվել են հոգեմետ միջոցների և խուճապային խանգարման զարգացման միջև կապը երիտասարդների մոտ։ Հեղինակները պարզել են, որ առողջ վերահսկման տակ օգտագործվող հանգստացնող միջոցների կիրառման համեմատությամբ ոչ կլինիկական մասնակիցները, ովքեր երբևէ ունեցել են խուճապային գրոհ ավելի շատ են օգտագործում հանգստացնող միջոցներ։ Սա հաստատում է Կոկսի, Նորտոնի, Դորվարդի և Ֆերգյուսսոնի (1989)[40] ենթադրություններն այն մասին, որ խուճապային խանգարում ունեցող մարդիկ զբաղվում են ինքնաբուժությամբ։ Նրանք կարծում են, որ ծխախոտը, ալկոհոլը, հանգստացնող դեղամիջոները կարող են թեթևացնել իրենց վիճակը, այնինչ, դրանք ունեն հակառակ ազդեցությունը։ Արդյունքում, ինքնաբուժությամբ զբաղբելու և համապատասխան մասնագետին չդիմելու հետևանքով խուճապային խանգարում ունեցող որոշ մարդիկ կարող են մնալ «թաքնված»։ Այսպիսի մարդիկ դիմում են բժշկի, երբ առաջանում են խնդիրներ ինքնաբուժության հետևանքով[41]։

Սկզբնական շրջանում ալկոհոլի օգտագործումը կարող է թուլացնել ախտանշանները։ Սական միջին չափաբաժինները և չարաշահումը կարող են խորացնել և վատացնել խուճապային խանգարում ունեցող մարդու վիճակը, ինչպես նաև նոր խնդիրների առաջացման պատճառ դառնալ։ Ախտանշանները կարող են խորանալ ալկոհոլի օգտագործումը դադարեցնելուց հետո, հանման համախտանիշի զարգացման պատճառով[42]։ Նույն վիճակը կարող է դիտվել ալկոհոլի նման ազդեցություն ունեցող այլ միջոցների կիրառման արդյունքում։ Ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց նշանակում են բենզոդիազեպին[42]։ Ալկոհոլի կիրառման հետևանքով առաջացած խուճապային խանգարման զարգացման հիմքում ուղեղի գործառույթների և քիմիական կազմի խանգարումն է[43][44][45]։

Հիվանդների մոտավորապես 10%-ի մոտ բենզոդիազեպինի կիրառման դադարեցման դեպքում դիտվում է հանման համախտանիշին համանման ախտանշաններ։ Ախտանշանները առավել արտահայտված դրսևորվում են առաջին 2-3 ամիսներին, բայց սովորաբար ունեն ուժգնության ենթասուր աստիճան։ Մինչև վերջ պարզված չէ դեղի կիրառման դադարեցումից երկար ժամանակ անց պահպանված աբստինենցիայի ախտանշանների պատճառը։ Սա կարող է կապված լինել կոնկրետ դեղաբանական հանման հետ կամ բենզոդիազեպինի քրոնիկ կիրառման արդյունքում նեյրոնների վնասման հետ։ Ամեն դեպքում դեղի հանման ախտանշաններն աստիճանաբար նվազում են և ի վերջո անհետանում[46]։

Հիվանդների էական մասը, ովքեր հաճախում են հոգեբանական կենտրոններ տագնապային և խուճապային խանգարումների, ֆոբիաների պատճառով, այս վիճակները խորացրել են ալկոհոլի և հանգստացնող միջոցների չարաշահման հետևանքով։ Նմանատիպ վիճակները զարգանում են մինչև ալկոհոլի և հանգստացնող դեղերի չարաշահումը, բայց վիճակի խորացումը պայմանավորված է դրանց ունեցած ազդեցությամբ։ Այս միջոցներով ինքնաբուժությամբ զբաղվողները չեն ստանա ցանկալի արդյունք, քանի որ չի բուժվում առաջնային խնդիրը։ Փոխարենը մարդու մոտ զարգանում է կախվածություն[47][48][49][50]։

Մեխանիզմ

Խուճապային խանգարման նեյրոանատոմիան մեծ չափով համընկնում է տագնապային խանգարման նեյրոանատոմիայի հետ։ Նյարդահոգեբանական, նյարդավիրաբուժական, նեյրովիզուալիզացիոն (մի խումբ հետազոտությունների ընդհանուր անվանում է, որոնք թույլ են տալիս տալ գլխուղեղի բիոքիմիական բնութագիրը ը գնահատել դրա աշխատանքը) հետազոտությունները թույլ են տալիս գնահատել ուղեղի կեղևի մի մասի, լիմֆոիդ հյուսվածքների, հիպոկամպի, կողմնային և առաջային ճակատային բաժինների (ACC), պերիակվեդուկտալ գորշ նյութի վիճակը։ Խուճապային խանգարման ուժեղ նոպաների ժամանակ դիտվում է ուղեղի ծանրաբեռնված հատվածների (տվյալ էմոցիոնալ վիճակի համար պատասխանատու) արյունամատակարարման և նյութափոխանակության ակտիվացում։ Այնուամենայնիվ, այս դիտարկումները մինչև վերջ բացահայտված և հաստատված չեն։ Երբեմն որոշ հետազոտությունների ժամանակ խուճապային գրոհները հրահրվում են արհեստականորեն։ Հիպոկամպուսի ակտիվություն դիտվել է հանգստի, ինչպես նաև որոշ նկարների դիտման ժամանակ, որոնք առաջացնում են վատ հիշողություններ։ Համարվում է, որ կեղևի գերակտիվությունը խուճապային գրոհներից առաջ և դրանց ընթացքում պայմանավորված է աննորմալ ինտերոցեպտիվ գործընթացներով։ Խուճապային խանգարումների շատ տեսակների ժամանակ մարմնական զգացողությունները երբեմն լինում են սխալ։ Սա կարող է կապված լինել կեղևի աշխատանքի խանգարման հետ։ Կրծողների և մարդկանց հետազոտությունները ցույց են տալիս գորշ նյութը կարող է առաջացնել վախի ռեակցիաներ։ Որոշ հետազոտություններ ապացուցել են , որ խուճապային խանգարման առաջացման պատճառ կարող են լինել գլխուղեղի տարբեր բաժինների ախտահարումները[51]։

Խուճապային խանգարում ունեցող մարդկանց մետ արվող այլ հեազոտություններ էլ ցույց են տվել լիմբիկ համակարգի բիոքիմիական կազմի և աշխատանքի խանգարման ու գրոհների առաջացման միջև կապը։ Այս համակարգը կարգավորում է GABA-A-ն (γ-ամինաթթու)։ Սրա արտադրության ընկճման արդյունքում կեղծ ազդակներ են գնում գլխուղեղ և զարգանում է «կռվիր կամ փախիր» ռեակցիա։ Սա իր հերթին որոշ ֆիզիոլոգիական ախտանշանների զարգացման պատճառ է դառնում։ Կլոնազեպամը, հակացնցումային բենզոդիազեպինը նման դեպքերում լավ վերահսկում են վիճակը[52]։

Վերջին շրջանում հետազոտողները բացահայտել են մեդիատորներն (միջնորդանյութեր) ու մոդերատորները (կարգավորող նյութեր), որոնք մասնակցում են խուճապային խանգարման զարգացմանը։ Նման նյութ է հանդիասնում ածխաթթու գազը (ավելի կոնկրետ ածխաթթու գազի պարցիալ ճնշումը)։ Շնչառական վարժությունները նպաստում են զարկերակներում ածխաթթու գազի պարցիալ ճնշման կարգավորման, ինչն իր հերթին իջեցնում է տագնապայնությունը և գերզգայունությունը[53]։ Խուճապային խանգարման զարգացման այլ մեդիատոր են հիպոխոնդրիկ խնդիրները (հիպոխոնդրիկ մարդիկ անընդհատ գտնվում են անհանգիստ վիճակում, ունենում են կասկածներ, որ իրենք հիվանդ են այս կամ այն հիվանդությամբ, սովորական զգացողություններն ընկալում են ոչ նորմալ)[54]։

Ընկալվող սպառնալիքի վերահսկումը նույնպես հանդիսանում է մոդերատոր խուճապային խանգարման զարգացման համար։ Սպառնալիքի վերահսկման աստիճանով է պայմանավորված ագորաֆոբիայի զարգացումը խուճապային խանգարման ժամանակ[55]։ Վեջերս հայտնաբերված մոդերատոր են գենային փոփոխությունները (գալանինի կոդավորման խանգարումներ)։ Խուճապային խանգարման ժամանակ դիտվող ախտանշանների աստիճանը պայմանավորված է նաև որոշակի գեներով[56]։

Ախտորոշում

DSM-IV-TR խուճապային խանգարման ախտորոշման չափորոշիչները պահանջում են անսպասելի, կրկնվող գրոհներ, որոնք ժամանակի ընթացքում աստիճանաբար ավելանում են, փոխվում է մարդու պահվածքը, դիտվում է անհանգստություն, անընդհատ դրդված վիճակ։ Հնարավոր է ագորաֆոբիայի զարգացում (ոչ միշտ)։ Խուճապային խանգարման ախտորոշումը հերքվում է եթե գրոհները պայմանավորված են այլ հոգեբուժական հիվանդությունների, որոշակի դեղորայքի ընդունման, ընդհանուր առողջական վիճակի այլ խանգարումների դեպքում։

Ախտորոշման հիմնական չափորոշիչներն են՝

  • հանկածրակի առաջացած հաճախասրտություն
  • ցավ կրծքավանդակում
  • շնչահեղձության զգացողություն
  • գլղապտույտ
  • իրականության զգացողության աղավաղում (դեպերսոնալիզացիա և դեռեալիզացիա)
  • մահանալու վախ, ինքնակառավարումը կորցնելու և խելագարվելու վախ

Երբեմն դեպրեսիվ վիճակներում մարդու մոտ կարող են դիտվել խուճապային խանգամանը բնորոշ ախտանշաններ։ Այս դեպքում գրոհները երկրորդային են և պետք չէ ախտորոշել խուճապային խանգարում[57]։

Խուճապային խանգարման ծանրության աստիճանը (PDSS) որոշելու համար կարող են կիրառվել հարցաթերթիկներ[58]։

Բուժում

Խուճապային խանգարումը առողջական լուրջ խանգարում է, որը շատ դեպքերում կարող է բարեհաջող բուժվել, չնայած կոնկրետ արդյունավետ մի միջոց չկա։ Պարտադիր պայման է ճիշտ որոշել բուժման մեթոդը, ընտրել այն տարբերակը, որն առավելագույն դրական ազդեցությունն է ունենում և կարող է հանգեցնել ռեցիդիվի (հիվանդության կրկնման) կանխման[59]։ Ընկալչական-պահվածքային թերապիան (CBT), դրական մենախոսությունները հանդիսանում են բուժման նախընտրելի մեթոդներ[60]։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ 85-ից 90 խուճապային խանգարում ունեցող հիվանդները, որվքեր ստանում են CBT չեն ունենում խուճապային գրոհներ 12 շաբաթվա ընթացքում[61]։ Երբ CBT չի համապատասխանում կարելի է անցնել դեղորայքային բուժման (ֆարմակոթերապիա)։ SSRIs-ը (սերոտոնինի հետզավթման ընտրողական ինհիբիտորներ) հանդիսանում է առաջնային կիրառման ֆարմակոթերապիա[62][63][64]։

Հոգեթերապիա

Խուճապային խանգարումներն ու ֆոբիայի ժամանակ դիտվող ախտանշանները նույնը չեն[65]։ Չնայած ֆոբիաները սովորաբար զարգանում են խուճապային խանգարման արդյունքում։ CBT-ն (ընկալչական-պահվածքային թերապիա) համարվում է ամենաարդյունավետ հոգեթերապևտիկ միջնոցներից մեկը խուճապային խանգարման և ագորաֆոբիայի բուժման ժամանակ[66][67][68]։ Կլինիկական փորձերը ցույց են տվել, որ CBT-ով բուժումից 2 տարի անց 70–90% մարդիկ ազատվում են խուճապային վիճակից[61][69]։

Հոգեթերապիայի և դեղորայքային բուժման համակցումը հաճախ տալիս է լավ արդյունք, չնայած գիտական մոտեցումն այս հարցին այդքան էլ համոզիչ չէ։ Որոշ դրական փոփոխություններ նկատելի են դառնում բավականին կարճ ժամանակի ընթացքում, մոտավորապես 6-8 շաբաթների ընթացքում։ Հոգեթերապիան կարող է բարձրացնել դեղորայքի արդյունավետությունը, իջեցնել ռեցիդիվների՝ կրկնումների հավանականությունն այն մարդկանց մոտ, ովքեր դադարեցրել են դեղերի ընդունումը, ինչպես նաև կարող է օգնել այն մարդկանց , որոնց մոտ դեղորայքային բուժումը դրական արդյունք չի տալիս[69]։

CBT-ի նպատակը կայանում է նրանում, որպեսզի օգնի հիվանդին կարգավորել մտավոր աշխատանքը, տագնապային մտքերը, անհանգստությունը, որոնք հանգեցնում են գրոհների զարգացման։ 87% հիվանդների մոտ բավականին լավ արդյուն է ցույց տվել ինտերոցեպտիվ թերապիան, որի ժամանակ արհեստականորեն հրահրվում են նոպաներ, որպեսզի հիվանդը սովորի կառավարել դրանք[69]։

Սիմուլյացիոն ճանապարհով (արհեստականորեն, միտումնավոր հրահրվող) ախտանշանները սովորաբար զարգանում են մի րոպեի ընթացքում և կարող են ընդգրկել՝

  • Հիպերվենտիլյացիա՝ գերօդահարում։ Հանգեցնում է գլխապտույտի, դեռեալիզացիայի, տեսողության մթագնման։
  • Աթոռի պտտում։ Առաջանում է գլխապտույտ, դեզօրիենտացիա։
  • Ձողիկային շնչառություն (Straw breathing): Դիտվում է շնչահեղձություն, շնչառական ուղիների նեղացում։
  • Շնչառության պահում։ Առաջանում է շչահեղձության զգացում։
  • Վազք տեղում:Զարգանում է հաճախասրտություն, շնչառության հաճախացում, քրտնարտադրություն։
  • Մարմնի լարում, ձգում։ Առաջանում է ձգվածություն, զգոնության բարձրացում։

Այս սիմուլյացիոն վարժությունների էությունը կայանում է նրանում, որ հնարավոր լինի զարգացնել նույնիսկ ամենավախենալու և ամենաուժեղ խուճապային գրոհները։ Այս վարժությունները կրկնում են օրական 3-5 անգամ, այնքան ժամանակ մինչև մարդու մոտ չզարգանան խուճապային խանգարմանը բնորոշ ախտանշաններ, անհանգստություն ու վախ։ Հաճախ վախից ձերբազատումը կարող է խլել մի շաբաթ։ Փորձերի կրկնման արդյունքում մարդը հասկանում է, որ այդ ներքին զգացողություններից պետք չէ վախենալ և նա դառնում է ավելի քիչ զգայուն ներքին անհանգստացնող զգացողությունների նկատմամբ։ Փորձերի արդյունքում ուղեղը սովորում է չվախենալ, իսկ սիմպաթիկ ակտիվությունն անհետանում է։ Իրական դեպքերի ժամանակ, երբ դիտվում են խուճապային գրոհներ, մարդ կարող է չվախենալ առաջացած ախտանշաններից (հաճախասրտություն, դեռեալիզացիա, շնչառության հաճախացում), բայց, այնուամենայնիվ նա կարող է զգալ սարսափ և հենց այդ սարսափի արդյունքում հնարավոր է դիտվեն նոր ախտանշաններ։

Ագորաֆոբիա ունեցող խուճապային խանգարումով տառապող մարդկանց բուժման նպատակով նույպես կիրառում են սիմուլյացիոն փորձեր։ Սրանց ժամանակ հիվանդը թերապևտի հսկողության տակ ենթարկվում է որոշակի դրիչների ազդեցության, որոնք հրահրում են խուճապային գրոհներ։

Հոգեթերապիայի մեյ այլ տեսակ, որը ցույց է տվել իր արդյունավետությունը կառավարվող կլինիկական փորձերում հոգեդինամիկ թերապիան է։ Այն ուղղված է խուճապի, տագնապի, զայրույթի կառավարմանը։ Հիմնական տեսությունը պնդում է, որ բիոքիմիական անկայունությամբ և տրավմատիկ փորձով (նախկինում ունեցած վնասվածքներ) խուճապային խանգարում ունեցող մարդիկ ունեն կախվածություն այլ մարդկանցից։ Սա պայմանավորված է այս մարդկանց հետ լինելու ժամանակ անվտանգության զգացումով։ Այս մարդկանցից բաժանումը հանգեցնում է բաժանման տագնապի և պաշտպանողական զայրույթի զարգացման։ Թերապիան իր մեջ ներառում է սթրեսոգեն երևույթների ուսումնասիրում, որոնք հանգեցնում են խուճապային գրոհների,օրգանիզմի պաշտպանողական ռեակցիաների ուսումնասիրում, խուճապի խանգարման հիմքում ընկած հակամարտությունների հոգեդինամիկայի և հարձակումներին նպաստող պաշտպանական մեխանիզմների ուսումնասիրում։ Թերապիայի արդյունավետությունը կախված է նաև թերապևտ-հիվանդ փոխհարաբերությունից[70]։

Համեմատական կլինիկական որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մկանների թուլացման և շնչառական վարժությունները արդյունավետ չեն խուճապային գրոհների ընկճման, քչացման համար։ Շնչառական վարժությունները կարող են մեծացնել ռեցիդիվի՝ կրկնման հավանականությունը[71]։

Փորձառու մասնագետի կողմից տարվող համապատասխան բուժումը կարող է կանխել խուճապային գրոհները կամ էապես նվազեցնել նրանց ծանրությունը, զգալիորեն թեթևցնելով հիվանդների վիճակը և բերել այս խանգարումն ունեցող մարդկանց թվի նվազման[72]։ Ռեցիդիվները կարելի է արդյունավետ բուժել այնպես ինչպես նախնական դրվագները[73]։

Վան Ապելդուրնը (2011) ցույց տվեց համակցված բուժման կարևորությունը։ Այն իր մեջ ներառում է SSRI դեղամիջոցներ և ընկալչական-պահվածքային թերապիա[73]։ Գլոստերը (2011) շարունակեց հետազոտությունը։ Հիվանդներին պատահականության սկզբունքով բաժանեցին երկու խմբի։ Մի խմբին բուժում էին CBT-ով թերապևտի հսկողության տակ։ Մյուս խմբին բուժում էին CBT-ով, բայց առանց բժշկի հսկողության, առանց հոգեթերապևտին այցերի։ Արդյունքները ցույց տվեցին, որ առաջին խումբն ունեցավ բուժման ավելի լավ արդյունքներ, բայց, այնուամենայնիվ երկու խմբերում էլ գրանցվեցին դրական փոփոխություններ, դիտվեց խուճապային խանգարմանը բնորոշ ախտանշանների նվազում։ Այս հետազոտությունը հաստատեց այն ենթադրությունը, որ միայն CBT-ով կարելի է հասնել լավ արդյունքների։ Այս եղանակը հատկապես նշանակալի է այն մարդկանց համար, որքեր չունեն բավարար միջոցներ համակցված բուժման կուրս անցնելու համար[74]։ Քննարկվել են նաև ինքնուրույն CBT-ով բուժման եղանակները։ CBT և SSRI համակցումը և ինքնուրույն կիրառումը նույնքան արդյունավետ է որքան միայն CBT-ի և SSRI-ի կիրառումը թերապևտի հսկողության տակ։ Այս հետազոտություններից յուրաքանչյուրը նոր բացահայտումների հիմք է, որոնք թույլ կտան նոր բուժման մեթոդներ մշակել[75]։

Կոգնիտիվ վարքագծային թերապիա

Կոգնիտիվ վարքագծային թերապիան սովորեցնում է հիվանդներին դիմակայել դրդիչներին, որոնք անհանգստության առաջացման պատճառ են դառնում։ Համարվում է, որ կոնկրետ գրոհի առաջացման պատճառի հետ բախումը օգնում է նվազեցնել վախի աստիճանը։ Թերապիան սկսվում է հանգստացնող շնչառական վարժություններից, որից հետո դիտվում են ֆիզիկական զգացողության փոփոխություններ։ Այս փոփոխություններն ակնհայտ են, երբ մարդու մոտ սկսվում է անհանգստություն։ Հիվանդներին խորհուրդ է տրվում պահել և լրացնել օրագիր։ Թերապևտները կարող են արհեստականորեն հրահրել անհանգստություն, վախի պատճառը հասկանալու համար[76]։

Անձի խանգարումները, ալկոհոլի չարաշահումը, դեպրեսիան համարվում են ռիսկի գործոններ և խանգարում են բուժմանը[77]։

Ինչպես շատ խանգարումների ժամանակ, այս խանգարման ժամանակ էլ ընտանիքի անդամների և ընկերների կողմից աջակցումը կարող է դրական ազդել բուժման ընթացքի վրա և արագացնել այն։ Նման խնդիրներ ունեցող մարդկանց համար կան նաև աջակցող խմբեր, որոնք նույպես կարող են օգնել հաղթահարել խուճապային խանգարումը։

Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի Ժամանակակից բուժման սկզբունքները առաջին հերթին ներառում են ճանաչողական-պահվածքային թերապիա, համապատասխան դեղորայքային բուժում։ Կան ապացույցներ, որ սրանց համակցումը բավականին լավ արդյունք է տալիս[66][78][79]։

Ճանաչողական-պահվածքային թերապիան կարելի է անցկացնել նաև ինքնուրույն, օգտագործելով գրքեր կամ համացանց[80]։ Մարդն ինքնուրույն կատարում է որոշակի վարժություններ։ Վարժություններ կարելի է կատարել նաև հեռախոսով կամ այլ միջոցով լսելով բժշկի հրահանգները[81]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ինքնաբուժության այս եղանակը բավականին արդյունավետ է և կարող է օգնել մարդկանց[80]։ Առավել լավ ուսումնասիրված են խուճապային խանգարումը և սոցիալական ֆոբիան[80]։

Ինտերոցեպցիայի մեթոդներ

Ինտերոցեպտիվ ազդեցությունը երբեմն օգտագործվում է խուճապային խանգարման ժամանակ։ Ինտերոցեպտիվ տագնապային դրդիչների ազեցությունը մարդկանց մոտ գնահատվում են մեկը մյուսի հետևից։ Թեթև վարժությունների միջոցով կատարվում է հաճախասրտության հանդեպ զգայունության ցրում։ Այս մեթոդը կիրառվում է 12–20% դեպքերում։

Դեղամիջոցներ

Կան մի շարք համապատասխան և արդյունավետ դեղեր խուճապային խանգարման համար։ Սերոտոնինի հետզավթման ընտրովի ինհիբիտորները առաջնային կիրառման դեղեր են։ Բենզոդիազեպինը առաջացնում է հարաբերական ընտելացում, կախվածություն[82]։ Կան քիչ ապացույցներ, որ դեղաբանական միջամտությունները կարող են անուղղակիորեն փոխել ֆոբիաները, այս ուղղությամբ քիչ հետազոտություններ են տարվել։ Այնինչ խուճապային խանգարման ժամանակ կիրառվող դեղաբանական միջոցները էականորեն թեթևացնում են ֆոբիաները[83]։ Դեղերը կարող են իրենց մեջ ընդգրկել՝

  • Հակադեպրեսանտներ (SSRIs, MAOIs, եռցիկլիկ հակադեպրեսանտներ, նորէպինեֆրինի հետզավթման ինհիբիտորներ)։ Այս դեղերը ընդունում են ամեն օր։ Սրանք փոխում են նյարդային հաղորդիչի (նեյրոտրանսմիտեր) կոնֆիգուրացիան, ինչն էլ իր հերթին կարող է օգնել արգելափակել ախտանշանները։ Չնայած այս դեղամիջոցները նկարագրված են որպես հակադեպրեսանտներ, սրանց մեծ մասը, հատկապես եռցիկլիկ հակադեպրեսանտները, ունեն անհանգստություն առաջացնելու հակում։ Հայտնի է, որ SSRIs դեղերի պարբերաբար ընդունումը խորացնում են խուճապային խանգարում ունեցող հիվանդների վիճակը, հատկապես բուժման սկզբնական շրջանում, իսկ առողջ մարդկանց շրջանում կարող են առաջացնել նաև խուճապային գրոհներ։ Հայտնի է նաև, որ SSRIs դեղերը առաջացնում են զրկանքի համախտանիշ։ Կոմորբիդ դեպրեսիան (լատիներեն՝ «со» միասին + «morbus» հիվանդություն՝ միաժամանակ մի քանի հիվանդությունների առկայություն) ունի ամենավատ ընթացքը և կարող է հանգեցնել քրոնիկ հիվանդության զարգացման[84][85]։
  • Հակատուբերկուլյոզային դեղամիջոցներ (բենզոդիազեպին)։ Բեզոդիազեպինի ընդունումը խուճապային խանգարման ժամանակ բժշկական գրականության մեջ հակասական կերպով է ներկայացված։ Բենզոդիազեպինի, հակադեպրեսանտների և հոգեթերապիայի կիրառումը պետք է որոշվի անհատական՝ ամեն հիվանդի համար առանձին, հիմնվելով հիվանդի և հիվանդության առանձնահատկությունների վրա[86]։ Բժիշկների մի խումբ էլ կարծում է, որ ավելի լավ է խուսափել բենզոդիազեպինի կիրառումից, դրա ֆիզիկական կախվածություն առաջացնելու պատճառով[87]։ Կենսաբանական հոգեբուժության համաշխարհային ֆեդերացիան ասում է, որ բենզոդիազեպինը պետք չէ կիրառել որպես առաջնային բուժման միջոց, բայց այն կարելի է կիրառել որպես այլընտրանքային միջոց, այլ դեղերի բուժմանը չենթարկվելու դեպքում[88]։ Չնայած այն բանի, որ խուճապային խանգարման ժամանակ ավելի մեծ կիրառում են ստացել հակադեպրեսանտները, այնուամենայնիվ բենզոդիազեպինը շարունակում է մնալ լայն կիրառում ունեցող դեղամիջոց խուճապային խանգարման ժամանակ[89][90][91]։ Բենզոդիազեպինի կիրառման կողմնակիցները կարծում են, որ չկան բավարար ապացույցներ, որոնց հիման վրա կարելի է անտիդեպրեսանտները գերադասել բեզոդիազեպինից։ Մեկ այլ պլացեբո-կառավարվող հետազոտության ժամանակ եկել են այն եզրահանգման, որ բենզոդիազեպինը նպատակահարմար չէ կիրառել խուճապային խանգարման բուժման երկար ժամանակ պահանջող դեպքերում և խուրհուրդ են տվել չօգտագործել այս դեղը ավելի քան 4 շաբաթ։ Առաջարկվել են դեղաբանական և հոգեթերապևտիկ բուժման այլընտրանքային տարբերակներ[92]։

Բուժման այլ եղանակներ

Շատ մարդկանց մոտ անհանգստությունը էապես կարող է նվազել, եթե դադարեցնեն կոֆեինի ընդունումը[93]։ Բայց պետք է հաշվի առնել, որ կիրառման դադարեցումից հետո որոշ ժամանակ կդիտվի ուժեղ անհանգստություն[94][95][96]։

Համաճարակաբանություն

100000 մարդկանց շրջանում խուճապային խանգարման հանդիպման տարիքային ցուցանիշները:

Խուճապային խանգարումը սովորաբար սկսվում է վաղ հասակում, հատկապես այն անձանց մոտ, ովքեր ունեցել են հոգեկան և ֆիզիկական վնասվածքներ։ Այս վիճակն ունեցող մարդկանց մի մասի մոտ այն զարգացել է մինչև 24 տարեկան հասակը։ Որոշ աղբյուրներ էլ ասում են, որ շատ մարդկանց մոտ խուճապային խանգարման առաջին նոպան զարգացել է 25-30 տարեկան հասակում։ Կանանց մոտ այն հանդիպում է 2 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ։ Հայտնի է նաև, որ խուճապային խանգարումը զարգանում է ինտելեկտի միջինից բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ[97]։

Խուճապային խանգարումը կարող է շարունակվել ամսիներով և տարիներով, կախված այն բանից երբ և ինչ մեթոդով է սկսվել բուժումը։ Եթե բուժում չսկսվի վիճակը կարող է վատանալ այն աստիճան, որ խուճապային գրոհները կփոխեն կյանքի որակը։ Շատ մարդիկ են ունենում խնդիրներ անձնական կյանքում և աշխատավայրում։ Փորձում են թաքցնել իրենց վիճակը դրանով իսկ խորացնելով վիճակը։ Որոշ մարդիկ կարող են թաքցնել հիվանդությունը կարծելով և վախենալով, որ իրենք ունեն հոգեկան հիվանդություն։ Որոշ մարդկանց մոտ կարող է լինել ախտադադարի շրջան, երբ ախտանշանները հնարավոր է բացակայեն նույնիսկ տարիներ։ Որոշ դեպքերում ախտանշանները կարող են չխորանալ և պահպանվել նույն մակարդակում շատ երկար ժամանակ։ Հայտնի են դեպքեր, երբ մարդկանց մոտ խուճապային խանգարումն ընթանում է անախտանիշ, իսկ երբեմն էլ սուր ախտանիշներով ընթացող խուճապային խանգարման ախտանշանները կարող են անցնել ավելի մեծ տարիքում՝ 50-ից հետո։

Համաձայն 2000 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կատարած հետազոտության Աֆրիկայում խուճապային խանգարում դիտվում է 100000 մարդուց 309 տղամարդկանց, 649 կանանց, Արևելյան Ասիայում 330 տղամարդկանց, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում 649 կանանց մոտ[98]։

Երեխաներ

Ռետրոսպեկտիվ հետազոտությունը (խմբերը կազմվում են տվյալների հավաքումից հետո) ցույց է տվել, որ մեծահասկ հիվանդներիի 40%-ի մոտ խանգարումը սկսվել է մինչև 20 տարեկան[99]։ 2004 թվականին Դիլերի կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ անչափահասների մոտ խուճապային խանգարման ախտանշանները գրեթե նույնն են ինչ մեծահասակների մոտ[100][101]։ Նրանց մոտ նույնպես դիտվում է հաճախասրտություն, քրտնարտադրություն, դող, սրտխառնոց, ցավ որովայնում։ Նույն կոմորբիտ խանգարումնրը, որոնք դիտվում են մեծահասակների մոտ հանդիպում են նաև եևեխաների շրջանում[102][103][104][105][106]։ Լասթը և Սթրաուսը (1989) կատարել են հետազոտություն, որում ընդգրկված էին 17 դեռահաս, ովքեր ունեին խուճապային խանգարում, դեպրեսիվ և վարքային խանգարումներ[107]։ Իսուի (1999) կատարած հետազոտության մեջ ընդգրկվել էին երեխաներ, որոնց ընտանիքներում եղել են խուճապային խանգարումներով մարդիկ[104]։ Երեխաների մոտ հայտնաբերվել են ծանր դեպրեսիվ խանգարումներ (80%), համակարգային տագնապային խանգարումներ (40%), դիսթիմիկ խանգարումներ (40%) (քրոնիկ դեպրեսիա), սոմատոֆորմ խանգարումներ (40%) (դիտվում են ֆիզիկական ախտանշաններ, որոնք պայմանավորված են ոչ թե օրգանների հիվանդությամբ,այլ սթրեսով), տոքսիկոմանիա (40%) (թունավոր նյութերի, օրինակ ՝ ացետոն, սոսինձ, ներշնչում), ֆոբիայի տարբեր տեսակներ (20%)։ Դիլերը (2004) կատարեց հետազոտուրյուն, որում ընդգրկված էին 42 դեռահասներ, ովքեր ունեին խուճապային խանգարում։ Խուճապային խանգարում չունեցող դեռահասներ համեմատությամբ այս խանգաումն ունեցող դեռահասների շրջանում կոմորբիտ դեպրեսիվ խանգարումն ու երկբևեռ խանգարումն ունեն հանդիպման ավելի մեծ հաճախականություն։

Երեխաները դեռահասներից և մեծահասակներից տարբերվում են ինրերոցեպցիայով և ինքնաարտահայտվելու ունակությամբ։ Ինչպես մեծերի այնպես էլ երեխաների մոտ դրսևորվում են խանգարմանը բնորոշ ախտանշաններ։ Ներառյալ քրտնարտադրություն, հաճախասրտություն, դող, ցնցումներ, շնչահեղձություն, սրտխառնոց, ցավ որովայնում, գլխապտույտ։ Երեխաները զգում են նաև կոգնիտիվ՝ ընկալչական ախտանշաններ ինչպիսիք են մահանալու վախը, ինքնատիրապետումը կորցնելու և խելագարվելու վախը։ Ի տարբերություն մեծերի նրանք կարող են չբարձրաձայնել այս ախտանշանները։ Նրանք ուղղակի զգում են, որ ինչ-որ բան այնպես չէ, ինչ-որ բան սխալ է և սկսում են վախենալ։ երեղաները կարող են նկարագրել միայն ֆիզիկական ախտանշանները։ Փոքր տարիքում դժվար է նկարագրել կոգնիտիվ զգացողությունները և դժվար է դրանք տարբերակել որպես վախ։ Ծնողներն իրենց զգում են անօգնական, երբ տեսնում են ինչպես է տառապում իրենց երեխան[108]։

Մկքեյը և Սթերչը (2011) իրենց աշխատությունում խոսում են այն մասին, թէ ինչ դեր ունեն ծնողները խուճապային խանգարումով երեխաների բուժման գործում։ Բուժման և հետազոտության որոշ փուլերում ծնողների դերը մեծ է։ Առաջին քայլն իրենից ներկայացնում է առաջնային գնահատումը։ Ծնողները, ինչպես և երեխաները պետք է ստուգվեն, որպեսզի պատկերացում կազմվի ընտանեկան վիճակի, հիվանդության և դրա բուժման մասին։ Երկրորդ շրջանում սկսվում է բուժումը, որի ժամանակ բժիշկը պետք է հանդիպի ընտանիքի անդամների հետ ինչքան հնարավոր է հաճախ։ Բուժման արդյունավետությունը բարձրանում է, երբ ընկալչական-պահվածքային թերապիային մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները։ Սա անհրաժեշտ է, որպեսզի ընտանիքի անդամները սխալմամբ չփորձեն շրջանցել վախի պատճառը[109]։

Ներկայումս երեխաների մոտ առանձնացվում են տագնապային խանգարումների հետևյալ 6 տեսակնեը՝

Չնայած այն բանին, որ երեխաների մոտ լինում են խուճապային խանգարումներ, այն այս ցուցակում ընդգրկված չէ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուճապային խանգարում» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա