Խնձորենու պտղակեր

միջատների տեսակ
Խնձորենու պտղակեր
Խնձորենու պտղակեր
Խնձորենու պտղակեր
Խնձորենու պտղակեր (արու)
Խնձորենու պտղակեր (արու)
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՀոդվածոտանիներ (Arthropoda)
ԵնթատիպՎեցոտանիներ (Hexapoda)
ԴասՄիջատներ (Insecta)
ԿարգԹիթեռներ (Lepidoptera)
ԸնտանիքՏերևոլորներ (Tortricidae)
ՑեղCydia
ՏեսակԽնձորենու պտղակեր (C. pomonella)
Միջազգային անվանում
Cydia pomonella

Խնձորենու պտղակեր (լատին․՝ Carpocapsa (laspeyresia) pomonella), տերևոլորների ընտանիքի թիթեռ։ Խնձորենու ամենավտանգավոր վնասատուներից. վնասում է նաև տանձենու, սերկևիլենու, ծիրանենու, ընուզենու պտուղները։ Լայնորեն տարածված է խնձորենու մշակության արեալում։

Նկարագրություն

Թևերի բացվածքը՝ 18-21 մմ, առջևինները՝ երկարացած, գորշ մանուշակագույն, մուգ լայնակի ալիքաձև գծերով և գագաթային ծայրին՝ դարչնագորշ (բրոնզագույն երանգով) խոշոր բծով։ Հետինները՝ բաց գորշվուն՝ ծոպավոր եզրերով։ Ձմեռում են սնումն ավարտած թրթուրները՝ ամուր ոստայնային բոժոժներում, ծառերի մահացած կեղևի տակ, հենասյուների ճեղքերում, բուսական մնացորդներում, հողի մակերեսային շերտում, նաև պտղապահեստարաններում։ Գարնանը հարսնյակավորվում է։ Թիթեռների թռիչքը սովորաբար համընկնում է խնձորենու ծաղկման ավարտի հետ։ Էգերը ձվադրում են (մինչև 180 ձու) տերևների և պտուղների վրա, հազվադեպ՝ երիտասարդ շիվերի կեղևին։ Թրթուրը, կրծելով, մտնում է պտղամսի մեջ, ուղի է բացում դեպի սերմնախցիկ ու սնվում է սերմերով, ապա տեղափոխվում մյուս պտղի մեջ։ Տարեկան զարգանում է 1-ից (հյուսիսում) մինչև 3 (հարավում) սերունդ։

Պայքարի միջոցառումներ

Վաղ գարնանը ծառաբնի և հաստ ճյուղերի մաքրում մահացած կեղևից, վեգետացիայի ընթացքում սրսկում՝ միջատասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։