Խիմենա դե լա Ֆրոնտերա (իսպաներեն՝ Jimena de la Frontera), պատմական մեծ անցյալ ունեցող քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Կադիսի պրովինցիայում։ Համայնքը, որ բաղկացած է երեք քաղաքներից (Խիմենա դե լա Ֆրոնտերա, Էստասիոն և Սան Պաբլո դե Բուսեյտե), ընդգրկված է Կամպո դե Խիբրալթար կոմարկայի (շրջանի) կազմում, զբաղեցնում է 347 քառակուսի կիլոմետր տարածք, Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտի 2018 թվականի տվյալներով ուներ 9.773 բնակիչ։ Խիմենա դե լա Ֆրոնտերան շրջապատված է Լոս Ալկոնոկալես բնական պարկով։ Մարզկենտրոն Կադիսից նրա հեռավորությունը 164 կիլոմետր է։ Բնակավայրի հովանավոր սուրբը Իսիդրո Լաբրադորն է։
Հնագույն ժամանակներում քաղաքը բնակեցված է եղել փյունիկցիներով, իբերիացիներով, կարթագենցիներով, հին հռոմեացիներով։ Մավրերը, երբ տիրացել են բնակավայրին, մերձակա բլուրն օգտագործել են որպես ռազմական հենակետ։ Մոտավորապես 750 թվականին նրանք այստեղ ամրոց են կառուցել՝ օգտագործելով դեռևս հին հռոմեական ժամանակներում հիմնադրված, բայց հետագայում ավերված բերդի կրաքարերը, որ տեղական ծագում ունեն։
Խիմենա դե լա Ֆրոնտերան քաղաքի կարգավիճակ է ստացել 1879 թվականին, Ալֆոնսո Տասներկուերորդ թագավորի իշխանության օրոք[4]։
Անցյալում այս բնակավայրը եղել է շատ կարևոր առևտրական վայր. հնագիտական պեղումների արդյունքում նրա տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ մետաղադրամներ, որոնք կրում են լատիներեն ու փյունիկերեն մակագրություններ։