Լյուչիա Բոզե (իտալ.՝ Lucia Bosè, իսկական անունը` Լյուչիա Բորլոնի, իտալ.՝ Lucia Borloni, հունվարի 28, 1931(1931-01-28)[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն - մարտի 23, 2020(2020-03-23)[4][5][6][…], Սեգովիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[7][8][6]), իտալացի դերասանուհի, որը հանրաճանաչ է դարձել 1950-ական թվականներին` իտալական նեոռեալիզմի ժամանակաշրջանում։
Լյուչիա Բոզեն պատանեկության տարիներին Միլանում աշխատել է որպես հացթուխ։ 1947 թվականին մասնակցել է «Միս Իտալիա» գեղեցկության մրցույթին և դարձել է հաղթող։ Այդ մրցույթին մասնակցել են նաև Ջինա Լոլոբրիջիդան, Սիլվանա Մանգանոն, Ջաննա Մարիա Կանալեն և Էլեոնորա Ռոսսի Դրագոն։
Լյուչիա Բոզեն առաջին անգամ հանդես է եկել Ջուզեպպե դե Սանտիսի կողմից 1950 թվականին նկարահանված «Չկա խաղաղություն ձիթենիների ներքո» ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվել է Միքելանջելո Անտոնիոնիի «Մի սիրո ժամանակագրություն» կինոնկարում։ 1953 թվականին Անտոնիոնին նրան կրկին հրավիրեց` այս անգամ «Տիկինը` առանց կամելիաների» ֆիլմում նկարահանվելու համար։ Հետագա տարիներին Լյուչիա Բոզեն նկարահանվել է «Սիրո գիշեր» (1954), «Կախարդական գյուղը» (1955), «Հեծանվորդի մահը» (1955), «Ջախջախվածները» (1955), «Սիրո սիմֆոնիան» (1956) և այլ ֆիլմերում։ Այդ ժամանակաշրջանի վերջին ֆիլմը, որում խաղացել է Լյուչիա Բոզեն, Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակը» (1960) կինոնկարն էր։ Ամուսնությունից հետո նա լքեց կինոնկարահանման հրապարակը և իրեն նվիրեց իր երեխաների խնամքին։
Կրկին կինոնկարահանման հրապարակ վերադարձավ 1960-ական թվականների վերջին և նկարահանվեց Ֆեդերիկո Ֆելինիի «Սատիրիկոն» (1969) և Տավիանի եղբայրների «Կարիճի նշանի ներքո» (1969) կինոնկարներում։ Այդ տարիների նրա ֆիլմերից են «Մենք քարից չենք» (1968), «Նոկտյուրն 29» (1968), «Ինչ-որ բան թաքնվում է խավարում» (1971), «Հյուրը» (1971), «Աղավնիների տունը» (1972), «Նատալի Գրանժե» (1972), «Արյունոտ հանդես» (1973), «Արյան բծեր նոր ավտոմեքենայի վրա» (1975) և այլն։ Լյուչիա Բոզեն ոչ մեծ դերերով հաճախ հայտնվում է Մարգերիտ Դյուրասի, Ժաննա Մորոյի, Լիլիանա Կավանիի, Պեդրո Ալմոդովարի, Ֆրանչեսկո Ռոզիի, Ագուստի Վիլյարոնգայի և այլոց ֆիլմերում։
Լյուչիա Բոզեն 1956 թվականին ամուսնացել է իսպանացի ցլամարտիկ Լուիս Միգել Դոմինգինի հետ։ Նրանք ունեցել են մեկ որդի և երկու դուստր։ Որդին իսպանացի երգիչ և դերասան Միգել Բոզեն է, դուստրերը` դերասանուհիներ Պաոլա Դոմինգինը և Լյուչիա Բոզե-կրտսերը։ Լյուչիա Բոզեի թոռնուհին մոդել, երգչուհի և դերասանուհի Բիմբա Բոզեն է։
Լյուչիա Բոզեն մահացել է 2020 թվականի մարտի 23-ին Սեգովիայում՝ COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբից։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|
1950 | Չկա խաղաղություն ձիթենիների ներքո | Non c'è pace tra gli ulivi | Լյուչիա Սիլվեստրի |
1950 | Մի սիրո ժամանակագրություն | Cronaca di un amore | Պաոլա Մոլոն Ֆոնտանա |
1951 | Ինձ կործանում է սերը | È l'amor che mi rovina | Կլարա Մոնտեսի |
1951 | Փարիզը միշտ Փարիզն է | Parigi è sempre Parigi | Միմի |
1951 | Աղջիկներ Իսպանիայի հրապարակից | Le ragazze di Piazza di Spagna | Մարիսա Բենվենուտի |
1952 | Հռոմը ժամը 11-ին | Roma ore 11 | Սիմոնա |
1952 | Երկու ճշմարտություն | Le due verità | - |
1953 | Տիկինը` առանց կամելիաների | La signora senza camelie | Կլարա Մաննի |
1954 | Այսպիսին է կյանքը | Questa è la vita | Անժելա Ռեյս |
1954 | Սիրո գիշեր | Tradita | Էլիզաբեթ Տատաբոր |
1954 | Պատահար կոմիսարիատում | Accadde al commissariato | Ստեֆանիա Ռոկկա |
1955 | Կախարդական գյուղը | Village magique | Թերեզա Միչելի |
1955 | Հեծանվորդի մահը | Muerte de un ciclista | Մարիա Խոսե դե Կաստրո |
1955 | Ջախջախվածները | Gli sbandati | Լյուչիա |
1956 | Սիրո սիմֆոնիան | Sinfonia d'amore | Թերեզա Գրոբ |
1956 | Սա կոչվում է լուսաբաց | Cela s'appelle l'aurore | Կլարա |
1960 | Օրփեոսի կտակը | Le testament d'Orphée | Օրփեոսի ընկերուհին |
1968 | Մենք քարից չենք | No somos de piedra | - |
1968 | Նոկտյուրն 29 | Nocturno 29 | - |
1969 | Սատիրիկոն | Fellini - Satyricon | մայր |
1969 | Կարիճի նշանի ներքո | Sotto il segno dello scorpione | Գլայա |
1969 | Արևածագ | Jutrzenka | Ժորժ Սանդ |
1970 | Մետելլո | Metello | Վիոլա |
1970 | Չաո, Գուլիվեր | Ciao Gulliver | Էվելին |
1971 | Ինչ-որ բան թաքնվում է խավարում | Qualcosa striscia nel buio | Սիլվիա Ֆորեստ |
1971 | Հյուրը | L'ospite | Աննա |
1971 | Կրկնորդը | La controfigura | Նորա Տոսատտի |
1972 | Աղավնիների տունը | La casa de las palomas | Ալեքսանդրա |
1972 | Արկանա | Arcana | մայր |
1972 | Նատալի Գրանժե | Nathalie Granger | Իզաբել |
1972 | Հանրահայտ սյունը | La colonna infame | Չիարա |
1973 | Արյունոտ հանդես | Ceremonia sangrienta | Էլիզաբեթ Բաթորի |
1975 | Արյան բծեր նոր ավտոմեքենայի վրա | Manchas de sangre en un coche nuevo | Եվա |
1975 | Ոսկե պատարագ | La messe dorée | Հելենա |
1975 | Հինավուրց աստիճանների վրայով | Per le antiche scale | Ֆրանչեսկա |
1976 | Լույս | Lumière | Լաուրա |
1978 | Վիոլանտա | Violanta | Դոննա Վիոլանտա |
1982 | Պարմի մենաստանը | La certosa di Parma | մարքիզուհի դել Դոնգո |
1987 | Հայտարարված մահվան ժամանակագրություն | Cronaca di una morte annunciata | Պլաչիդա Լիներո |
1988 | Ձմեռայինը | Brumal | մայր դե Ադրիանա |
1989 | Լուսնային տղան | El niño de la luna | տնօրեն |
1990 | Ես տաբատ էի ուզում | Volevo i pantaloni | Գրացիա |
1990 | Ժլատը | L'avaro | Դոնա Էլվիրա |
1999 | Վերջին հարեմը | Harem Suare | Սաֆիյա |
2006 | Կապրի | Capri | Դոննա Իզաբելլա |
2007 | Փոխարքաներ | I vicerè | Դոննա Ֆերդինանդա |
2013 | Ալֆոնսինան և ծովը | One More Time | Լյուչիա |
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|