Լյուբլյանիցա

Լյուբլյանիցա (սլովեն.՝ Ljubljanica), գետ Սլովենիայում, Սավա գետի վտակը։

Լյուբլյանիցա
Բնութագիր
Երկարություն85 կմ
Ավազանի մակերես1890 կմ²
Ջրի ծախս25 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումRetovje Springs?
Գետաբերանի տեղակայումՍավա
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերIška?, Gradaščica?, Besnica?, Bistra?, Borovniščica?, Mala Ljubljanica? և Unica?
Երկիր Սլովենիա[1]
ԵրկրամասԼյուբլյանա
ՋրահավաքSava Basin?
Աշխարհագրական տեղադրությունLjubljana Basin?

Ստուգաբանություն

Գետի անվանման ծագման ստույգ բացատրություն չկա։ Վարկածներից մեկի համաձայն՝ գետն իր անունն ստացել է գերմաներեն գերմ.՝ Laibach («դանդաղ ջուր») բառից, ըստ այլ ենթադրությունների՝ գետի անունը ծագել է Լյուբովիդ անձնանունից, որը գետի ափին գտնվող բնակավայրի ենթադրյալ հիմնադրի անունն է։ Իսկ արդեն գետի անունով կոչվել է Լյուբլյանա քաղաքը[2][3]։

Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում գետը և նրա ափին գտնվող բնակավայրը, որը գտնվել է ժամանակակից Վրխնիկայի տեղում, կոչվել են Նավպորտ (լատին․՝ Nauportus)[4]։ Միջնադարյան աղբյուրներում գետը կոչվել է գերմանական և լատինական անուններով՝ Leybach (1254 թվական), Laibacus (1260 թվական), Leybach (1265 թվական), Laybach (1314, 1443 թվականներ)։ Սլովենական անվանումն առաջին անգամ օգտագործել է Յանեզ Վայկարդ Վալվազորը[5]։

Նկարագիր

Իր ողջ ընթացքում գետը յոթ անգամ անհետանում է կարստային խորխորատներում և կրկին հայտնվում է մակերեսին՝ փոխելով իր անունը[4][6][7]։ Իր հոսանքի սկզբում այն կոչվում է Տրբուխովիցա (սլովեն.՝ Trbuhovica), ապա Օբրխ (սլովեն.՝ Obrh), Ստրժեն (սլովեն.՝ Stržen), Ռակ (սլովեն.՝ Rak), Պիվկա (սլովեն.՝ Pivka), Ունիցա (սլովեն.՝ Unica) և միայն Վրխնիկա քաղաքից ներքև է ստանում Լյուբլյանիցա անվանումը[7][8]։

Վրխնիկա քաղաքից մինչև Սավա գետի մեջ թափվելու վայրը գետի երկարությունը 41 կմ է[8]։ Ջրհավաք ավազանի մակերեսը 1890 կմ² է[6]։ Գետի լայնությունը 25-30 մ է, առավելագույն խորությունը՝ մինչև 12 մ[9]։ Դրա հոսանքը մոտ 20 կմ անցնում է ստորգետնյա կարստային քարանձավներով։ Լյուբլյանիցայի ջրահավաք ավազանում հայտնաբերվել են կարստային բիֆուրկացիաներ, որտեղ մեկ տեղամասի ջուրը միաժամանակ հոսում է տարբեր կողմեր։ Լյուբլյանիցայի ափին՝ Սավա գետը թափվելու վայրից 10 կմ հեռավորության վրա է տեղակայված Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան։ Ջրի ծախսը տատանվում է 4,3-ից մինչև 132 մ³/վ և միջին հաշվով կազմում է 39 մ³/վ[4]։

Լյուբլյանիցա գետի պրոֆիլը
Լյուբլյանիցան Ֆունիզեի մոտ

Երկրաբանություն

Գետի ավազանի մեծ մասը ձևավորվել է կավճի և Յուրայի ժամանակաշրջանի կրաքարերի հզոր շերտով և Յուրայի ու Տրիասի ժամանակաշրջանների դոլոմիտներով[10]։ Կան նաև չորրորդական մնացորդներ, որոնց հզորությունը Պլանինյան դաշտում հասնում է 25 մետրի, բայց միջինը կազմում է 5 մ[4]։ Ավազանի հարավային մասը՝ մինչև Վրխնիկա, ձևավորվել է դինարյան կարստով, որը բաղկացած է հիմնականում կրաքարից։ Հյուսիս-արևմուտքում գտնվում է նախալպիական կամ մեկուսացված կարստի տարածքը՝ դոլոմիտից կտրուկ լանջերով։ Ջրհավաք ավազանի մեծ մասը բաղկացած է ճեղքված կարստային ջրատար հորիզոններից, որոնք փոքր ջրային հորիզոններ են կազմում, որոնք օգտագործվում են որպես ստորգետնյա ջրերի աղբյուրներ (Լյուբլյանայի ճահիճներ)։

Լյուբլյանիցայի ակունքի և Պլանկինյան դաշտի միջև ընկած հատվածում ընկած մոտ 150 կմ² տարածքում հայտնի է ավելի քան 800 քարանձավ[10]։

Կլիմա

Գետի ավազանում տարվա ընթացքում հաշվվում է 100-150 անձրևոտ օր, այդ ընթացքում լինում են 1300-ից մինչև 3000 մմ տեղումներ։ Օրական տեղումների ռեկորդային քանակը կազմում է 300 մմ։ Աշնանային և ձմեռային վարարումները լինում են երկարատև անձրևներից հետո։ Գարնանային վարարումների պատճառ է դառնում բարձրլեռնային սարահարթի վրա ձյան հալչելը[4]։

Հնագիտական ուսումնասիրություններ

19-րդ դարի վերջին Լյուբլյանիցա գետում Կարել Դեժմանն սկսել է ջրասուզակային հնագիտական հետազոտություններ։ Հայտնաբերվել են բրոնզե անոթներ և երկաթե զենք[9]։

Տեսարժան վայրեր

Լյուբլյանիցա գետի վրա կառուցվել է Վիշապների կամուրջը[11]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբլյանիցա» հոդվածին։