Լին Քոնվեյ

Լին Քոնվեյ (անգլ.՝ Lynn Conway, հունվարի 2, 1938(1938-01-02)[1], Մաունթ Վերնոն, Նյու Յորք - հունիսի 9, 2024(2024-06-09)[2][3], Ջեքսոն, Միչիգան), ամերիկացի համակարգչային գիտնական, էլեկտրոնիկայի ինժեներ, գյուտարար, ժամանակակից միկրոէլեկտրոնիկայի առաջամարտիկ, տրանսգենդեր կին և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ։ Քոնվեյը 1960-ականներին աշխատել է Այ-Բի-Էմ միջազգային ընկերությունում, նրա մշակած գյուտն օգտագործվում է ժամանակակից համակարգչային պրոցեսորների արդյունավետությունը բարելավելու համար։

Լին Քոնվեյ
անգլ.՝ Lynn Conway
Դիմանկար
Ծնվել էհունվարի 2, 1938(1938-01-02)[1]
ԾննդավայրՄաունթ Վերնոն, Նյու Յորք
Մահացել էհունիսի 9, 2024(2024-06-09)[2][3] (86 տարեկան)
Մահվան վայրՋեքսոն, Միչիգան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոց և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1958)
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, գյուտարար և ինժեներ-էլեկտրիկ
ԱշխատավայրIBM[4][5], Միչիգանի համալսարան[6] և PARC?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlynnconway.com
 Lynn Conway Վիքիպահեստում

Այն բանից հետո, երբ «Այ-Բի-Էմ» ընկերությունը բացահայտել է սեռափոխություն կատարելու Լինի մտադրության մասին, նրան ազատել է աշխատանքից։

Սեռափոխությունից հետո նա նոր անուն է ստացել և սկսել նոր կարիերա։

Կենսագրություն

Լին Քոնվեյը ծնվել է Նյու Յորք նահանգի Մաունթ-Վերնոն քաղաքում 1938 թվականի հունվարի 2-ին, մեծացել է որպես տղա, եղել է ամաչկոտ, ունեցել է գենդերային ինքնության խանգարում։ Փոքր տարիքում տարվել է աստղագիտությամբ, ավագ դպրոցում սովորել է մաթեմատիկա[15][16][17]։

1955 թվականին բարձր գնահատականներով ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, 1957–58 թվականներին արականից իգական սեռի անցման փորձից հետո հուսահատված հեռացել է ինստիտուտից։ Մի քանի տարի որպես էլեկտրոնային տեխնիկ աշխատելուց հետո Քոնվեյը վերսկսել է ուսումը Կոլումբիայի համալսարանի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոցում և 1962 և 1963 թվականներին ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ[18]։

Քոնվեյը 1964 թվականին աշխատանքի է ընդունվել «Այ-Բի-Էմ» ընկերությունում և կարճ ժամանակ անց ընդգրկվել ճարտարապետական թիմում, որը զարգացնում էր առաջադեմ գերհամակարգիչ[19][20][21] ։

Սեռափոխություն

Քոնվեյը դիմել է տրանսգենդերների հետ աշխատող բժիշկ-սեքսապաթոլոգ Հարի Բենջամինին, որը խորհրդատվություն է տրամադրել Քոնվեյին և հորմոններ նշանակել։ Բենջամինի խնամքի ներքո Քոնվեյը սկսել է իր սեռափոխության գործընթացը։

Մինչ այդ Քոնվեյը ամուսնացած է եղել և ունեցել է երկու երեխա։ Այն ժամանակ գործող իրավական սահմանափակումների համաձայն՝ սեռափոխությունից հետո սեռափոխվողն իրավունք չուներ իր երեխաների հետ շփվեր։ 1968 թվականին «Այ-Բի-Էմ» ընկերությունը սեռափոխության պատճառով նրան ազատել է աշխատանքից։

Քոնվեյը գերմանական ծագում ունեցող ամերիկացի ճարտարագետ-էլեկտրիկ Չարլզ Պրոտեուս Շտայնմեցի գերեզմանի մոտ

։

Կարիերա որպես համակարգչային գիտնական

Սեռափոխությունից հետո նա նոր անուն է ստացել և 1968 թվականին սկսել նոր կարիերա։ Որպես պայմանագրային ծրագրավորող` նա աշխատել է «Computer Applications, Inc.» ընկերությունում։ Որպես թվային համակարգերի դիզայներ և համակարգչային ճարտարապետ` 1969-1972 թվականներին աշխատել է «Memorex» ընկերությունում[22]։

1973 թվականին նա միացել է համակարգչային տեխնոլոգիաների հետ կապված ապրանքներ արտադրող «Xerox PARC» ընկերությանը, որտեղ նա Բերտ Սաթերլենդի ղեկավարությամբ ղեկավարել է «LSI Systems» խումբը[23][24]։ Այդ ընկերությունում Քոնվեյը հիմնել է Multi-Project Wafer միկրոէլեկտրոնային արտադրության տարբերակը։ Նրա նոր գյուտը մեծացրել է արտադրությունը և նվազեցրել ծախսերը[25]։ Նա համագործակցել է ամերիկացի համակարգչային գիտնական և ինտերնետի ռահվիրա Քարվեր Միդի և ամերիկացի գիտնական և ինժեներ Իվան Սաթերլենդի հետ ու համակարգչային ոլորտում հասել լուրջ հաջողության[26][27][28][29][30]։

1978 թվականին Քոնվեյը` որպես հրավիրյալ դոցենտ, աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտությունների ամբիոնում՝ դասավանդելով հայտնի դարձած «VLSI» նախագծման դասընթացը։ Դասընթացի ընթացքում փորձարկվել են նախագծման նոր մեթոդներ և դասագիրք, ինչպես նաև մշակվել է ուսումնական ծրագիր և ուղեցույց հրահանգիչների համար, որոնք հետագայում օգտագործվել են ամբողջ աշխարհի հետագա դասընթացներում[31][32]։

1980 թվականին նա հեռացել է մեծ ներդրում թողած «Xerox» ընկերությունից և միացել DARPA-ին, որը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության հետազոտական ​​և զարգացման գործակալություն է և պատասխանատու է բանակի կողմից կիրառվող զարգացող տեխնոլոգիաների մշակման համար։ Այնտեղ նա պաշտպանության դեպարտամենտի ռազմավարական համակարգչային նախաձեռնության հիմնական մշակողն էր, ուսումնասիրել է բարձր արդյունավետության հաշվողական, ինքնավար համակարգերի տեխնոլոգիան և խելացի զենքի տեխնոլոգիան։ Նա նաև աշխատել է որպես պաշտպանության դեպարտամենտի ռազմավարական համակարգչային դեպարտամենտում։

1985 թվականին որպես էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտությունների պրոֆեսոր և ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ նա աշխատանքի է ընդունվել Միչիգանի համալսարանում։ 1998 թվականին որպես Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր հեռացել է համալսարանից։

Թոշակի անցնելուց հետո Քոնվեյն իմացել է, որ IBM-ում իր վաղ աշխատանքի պատմությունը շուտով կարող է բացահայտվել Մարկ Սմոդերմանի հետազոտության շնորհիվ, որը պատրաստվում էր հրապարակման 2001 թվականին։ 1999 թվականին նա սկսել է կամաց-կամաց պատմել ընկերներին և գործընկերներին իր անցյալի սեռափոխության մասին[33][34][35]։

Իր պատմությունը հրապարակելուց հետո նա սկսել է զբաղվել տրանսգենդերների իրավունքների պաշտպանությամբ՝ նպատակ ունենալով լուսաբանել և կարգավորել գենդերային ինքնության խնդիրները և գենդերային անցումային գործընթացները։ Նա ուղղակի և անուղղակի օգնություն է ցուցաբերել շատ այլ տրանսգենդեր կանանց, որոնք անցել են սեռափոխության շրջան, և վարել է կայք, որը տրամադրել է բժշկական ռեսուրսներ և հոգեբանական խորհրդատվություն[36][37]։

Նա նաև հանդես է եկել տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում տրանսգենդեր մարդկանց զբաղվածության հավասար հնարավորությունների և պաշտպանության օգտին[38][39][40][41][42][43]։

Ժառանգություն

1980-ականներին Mead-Conway VLSI չիպերի զարգացման հեղափոխությունը արագորեն տարածվել է հետազոտական համալսարաններում և համակարգչային արդյունաբերություններում[19][44][45][46][47]։

2012 թվականի աշնանը Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտի կողմից հրատարակել է «IEEE Solid-State Circuits» ամսագրի հատուկ համարը, որը նվիրված է եղել Լին Քոնվեյի կարիերային։ Ամսագրում զետեղվել են նրա կարիերայի հուշերը և ճարտարագիտության նախկին տնօրեն Չակ Հաուսի գործընկերների մեկնաբանությունները[48][49][50]։

2020 թվականին NAE-ի նախագահ Ջոն Լ. Անդերսոնը հայտարարել է, որ «Լին Քոնվեյը հեղափոխական ռահվիրա է «VLSI» համակարգերի նախագծման մեջ։ 2000 թվականին նրա պատմությունն ավելի լայն լուսաբանում է ստացել «Scientific American» և «Լոս Անջելես Թայմս» ամսագրերում։

2020 թվականին «IBM» ընկերությունը ներողություն է խնդրել նրան աշխատանքից հեռացնելու համար[51]։

Անձնական կյանք և մահ

1987 թվականին Քոնվեյը հանդիպել է պրոֆեսիոնալ ինժեներ Չարլզ Ռոջերսին, որը կիսել է նրա հետաքրքրությունը։ 1994 թվականին նրանք Միչիգանի գյուղական վայրերում տուն են գնել։ 2002 թվականի օգոստոսի 13-ին նրանք ամուսնացել են[21][33][52]։

Քոնվեյը մահացել է սրտի կաթվածից Միչիգան նահանգի Ջեքսոն քաղաքում գտնվող իր տանը, 2024 թվականի հունիսի 9-ին, 86 տարեկան հասակում[53][54]։

Լավագույն աշխատություններ

Արտոնագրեր

  • US 5046022, Conway, Lynn; Volz, Richard & Walker, Michael, "Teleautonomous System and Method Employing Time/Position Synchrony/Desynchrony", issued September 3, 1991. 
  • US 5444476, Conway, Lynn, "System and Method for Teleinteraction", issued August 22, 1995 
  • US 5652849, Conway, Lynn & Cohen, Charles, "Apparatus and Method for Remote Control Using a Visual Information Stream", issued July 20, 1997 
  • US 5719622, Conway, Lynn, "Visual Control Selection of Remote Mechanisms", issued February 17, 1998 
  • US 5745782, Conway, Lynn, "Method and System for Organizing and Presenting Audio/Visual Information", issued April 28, 1998 

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լին Քոնվեյ» հոդվածին։