Լինդա Լավլեյս

Լինդա Լավլեյս (անգլ.՝ Linda Lovelace, ծնյալ՝ Լինդա Սյուզան Բորմեն, հունվարի 10, 1949(1949-01-10)[2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 22, 2002(2002-04-22)[3][4][5], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի պոռնոդերասանուհի, որը հայտնի է դարձել 1972 թվականին նկարահանված «Deep Throat» ֆիլմում իր մասնակցությամբ։ Չնայած ֆիլմը ժամանակին հսկայական հաջողություն է ունեցել, Բորմենը հետագայում ասել է, որ իր բռնարար ամուսինը՝ Չակ Թրեյնորը, սպառնացել և ստիպել էր իրեն նկարահանվել այնտեղ։ «Ordeal» վերնագրված իր ինքնակենսագրականում նա նկարագրել է, թե ինչ է կատարվել կադրից դուրս։ Հետագայում դարձել է վերածնված քրիստոնյա ու հակապոռնոգրաֆիկ շարժման խոսնակ[6]։

Լինդա Լավլեյս
անգլ.՝ Linda Susan Boreman[1]
Ծնվել էհունվարի 10, 1949(1949-01-10)[2]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 22, 2002(2002-04-22)[3][4][5] (53 տարեկան)
Մահվան վայրԴենվեր, ԱՄՆ
ԳերեզմանParker
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան, ինքնակենսագիր, կինոդերասանուհի, կանանց իրավունքների պաշտպան և մարմնավաճառ
ԸնտրանիDeep Throat?
Ամուսին(ներ)Չակ Թրեյնոր

Վաղ կյանք

Բորմենը ծնվել է 1949 թվականի հունվարի 10-ին[7] Նյու Յորք քաղաքի Բրոնքս շրջանում, աշխատավորի ընտանիքում[8]։ Ունեցել է դժբախտ մանկություն ոստիկանության սպա Ջոն Բորմենի ու մատուցողուհի Դորոթի Բորմենի ընտանիքում․ հայրը հազվադեպ է տանը եղել, իսկ մայրը կոպիտ էր ու բռնակալ[9]։ Հաճախել է մասնավոր կաթոլիկ դպրոցներ, այդ թվում՝ Հովհաննես Մկրտչի անվան դպրոցն ու Մարիա թագուհու անվան աղջիկների ավագ դպրոցը։ Ավագ դպրոցում Լինդային անվանել են «միսս սրբություն սրբոց», քանի որ նա ժամադրությունների ժամանակ որոշակի հեռավորություն էր պահում՝ սեռական հարձակումներից խուսափելու նպատակով[10]։ 16 տարեկանում, երբ հայրը հանգստի է անցել Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքից, ընտանիքը տեղափոխվել է Դեյվի, Ֆլորիդա[11]։

20 տարեկանում ունեցել է արտաամուսնական կապից ծնված իր առաջին երեխային, որին մոր պահանջով որդեգրման է հանձնել[9]։ Կարճ ժամանակ անց վերադարձել է Նյու Յորք ապրելու և համակարգչային դպրոց հաճախելու։ Այնտեղ ավտովթարի է ենթարկվել, որից ստացած վնասվածքներն այնքան լուրջ են եղել, որ նրան արյան փոխներարկում են կատարել։ Փոխներարկված արյունը պատշաճ կերպով չի ստուգվել հեպատիտով վարակված լինելու դեմ, որի արդյունքում 18 տարի անց ստիպված է եղել լյարդի փոխպատվաստման ենթարկվել[10]։

Կարիերա

Պոռնոգրաֆիա

Իր ծնողների տանն ապաքինվելիս ծանոթցել է Չակ Թրեյնորի հետ, որն ըստ Բորմենի, սկզբում գրավիչ ու ուշադիր է եղել, հետո դարձել դաժան ու բռնարար։ Նա ստիպել է իրեն տեղափոխվել Նյու Յորք, որտեղ դարձել է իր մենեջերը, կավատն ու ամուսինը[10]։

Ենթադրաբար Թրեյնորի կողմից պարտադրվելով[12] Բորմենն սկսել է նկարահանվել պոռնոգրաֆիկ համր կարճամետրաժ ֆիլմերում[13]։

1969 թվականին նկարահանվել է «Dogarama» դաժան ֆիլմում[14], որտեղ իր մասնակցությունը ժխտել է այնքան ժամանակ, մինչև չեն հայտնաբերվել մի քանի բնօրինակ կադրեր[10][15]։ 2013 թվականին կինոնկարի օպերատոր Լարրի Ռևենն առաջին անգամ խոսել է այդ ֆիլմի մասին ու պնդել, որ Բորմենը պատրաստակամորեն է մասնակցել նկարահանմանը և որ ոչ մի հարկադրանք չի եղել[13]։ Պոռնոդերասան Էրիկ Էդվարդսը, որը ներկա է եղել նկարահանումների ժամանակ, նույնպես պնդել է, որ որևէ ակնհայտ պարտադրանք տեղի չի ունեցել և որ Բորեմանը բարեխիղճ նկարահանվում էր[16]։

1971 թվականին նկարահանվել է նաև «Piss Orgy» վերնագրով միզարձակման կադրեր պարունակող կինոնկարում[17]։

1972 թվականին նկարահանվել է «Deep Throat» կինոնկարում ու մինետ իրականացրել։ Ֆիլմը հիմնական լսարանի շրջանում զարմանալի և աննախադեպ ժողովրդականություն է վայելել, «Նյու Յորք Թայմս» օրաթերթում նույնիսկ հոդված է տպագրվել դրա մասին[18][19]։ Այն ցուցադրվել է օրական մի քանի անգամ ավելի քան տաս տարվա ընթացքում Պասիկատ թատրոնի ցանցի թատրոններում, որտեղ Բորմենը նույնիսկ իր մատնահետքերն ու ոտնահետքերն է թողել բետոնե մայթերի վրա։ Ֆիլմը հետագայում դարձել է X-վարկանիշ ունեցող տեսաֆիլմերից առաջին ու ամենաշատ եկամուտ ստացողը, հավաքել ավելի քան 600 միլիոն դոլար, որից Բորմենին վճարվել է միայն $1250 դոլլար, որն էլ հետագայում առգրավվել է նրա ամուսնու՝ Թրեյնորի կողմից[20][21]։

Մեդիա կարիերա «Deep Throat» կինոնկարից հետո

1973 թվականի դեկտեմբերին թատերական դեբյուտը կատարել է Ֆիլադելֆիայի Լոքուստ թատրոնում՝ «Pajama Tops» բեմականացման մեջ, որն անհաջողության է մատվել[22][23]։

1974 թվականին նկարահանվել է R-վարկանշված «Deep Throat II» կինոնկարում, որն այնքան լավ չի ընդունվել, ինչպես առաջինը[9]։

1975 թվականին Թրեյնորից հեռացել է 1976 թվականին նկարահանված «Linda Lovelace for President» ֆիլմի պրոդյուսեր Դեյվիդ Ուինթերսի մոտ, սակայն դերասանուհու իր կարիերան ծաղկում չի ապրել[9]։ 1973-1974 թվականներին նկարվել է «Փլեյբոյ», «Bachelor» և «Esquire», ամսագրերի համար[24]։

1970-ական թվականների կեսերին սկսել է ցավազրկողների հետ մեծ քանակով մարիխուանա օգտագործել, իսկ երկրորդ ամուսնությունից և երկու երեխաների լույս աշխարհ գալուց հետո լքել է պոռնոֆիլմերի բիզնեսը[9]։

1974 թվականին հրատարակել է երկու «պոռնոամետ» ինքնակենսագրությունները՝ «Inside Linda Lovelace» և «The Intimate Diary of Linda Lovelace»։

1976 թվականին նրան ընտրել են «Forever Emmanuelle» էրոտիկ կինոնկարի գլխավոր դերակատարման համար, սակայն ինչպես նշել է պրոդյուսեր Օվիդիո Գ․ Ասոնիտիսը՝ Լավլեյսն այդ ժամանակ «չափազանց շատ էր թմրադեղ օգտագործում» ու պայմանագիրն ստորագրելուց հետո խոստովանել է, որ «Աստված փոխել է իմ կյանքը», այդ պատճառով հրաժարվել է մերկանալ, նույնիսկ առարկել է նկարահանման հրապարակում Միլոսյան Վեներայի արձանի դեմ՝ վերջինիս մերկ կրծքերի պատճառով։ Նրան փոխարինել են ֆրանսիացի դերասանուհի Աննի Բելով[25]։

1977 թվականի հունվարին կարճ ժամանակով վերադարձել է թատրոն ու խաղացել «My Daughter's Rated X» լաս վեգասյան բեմադրության մեջ, սակայն ներկայացումը շուտ փակվել է, իսկ նրա դերասանական խաղը՝ քննադատվել[26]։

Մեղադրանքներ Չակ Թրեյնորի դեմ

Թրեյնորից ամուսնալուծվելու հայցի ընթացքում Լավլեյսն ասել է, որ ամուսինը զենքի սպառնալիքով իրեն ստիպել է պոռնոգրաֆիայով զբաղվել և որ «Deep Throat» կինոնկարում իր ոտքերի վրա ծեծելուց առաջացած կապտուկներ կարելի է տեսնել։ Ասել է նաև, որ ամուսինը «ստիպել է իրեն անել այդ բաները գլխին M16 հրացան պահելով»։ Բորմենն իր ինքնակենսագրականում նշել է, որ իր ամուսնությունը լի է եղել բռնությամբ, բռնաբարությամբ, բռնի մարմնավաճառությամբ և մասնավոր պոռնոգրաֆիկայով։

Բորմենի մեղադրանքները տարբեր արձագանքներ են ստացել։ Թրեյնորն ընդունել է, որ հարվածել է Լավլեյսին, սակայն դա եղել է սիրախաղի մի մաս[10]։ 2005 թվականին հրատարակված Լեգս Մաքնեիլի ու Ջենիֆեր Օզբորնի հեղինակած «The Other Hollywood» գրքում մի քանի վկաներ պնդել են, որ Թրեյնորը Բորմենին ծեծել է փակ դռների հետևում, բայց նաև կասկածով են վերաբերվել Լինդայի ասածներին։ Ոմանք Բորմենին համարել են պաթոլոգիկ ստախոս։ Դերասանուհի Գլորիա Լեոնարդը նրա մասին ասել է․ «Դա մի կին էր, որը երբեք պատասխանատվություն չէր ստանձնում իր կատարած ընտրությունների համար, այլ փոխարենը պոռնոյին էր մեղադրում իր կյանքում կատարված ամեն ինչի համար»։ Անդրեա Թրուն պնդել է, որ Թրեյնորը սադիստ էր և բոլորն ատում էին նրան։ Անդրեա Դվորկինը նշել է, որ Բորեմանին տրված ստի դետեկտորի թեստերի արդյունքները հաստատել են նրա պնդումները[27]։ Ավելին, հոգեբույժ Ջուդիթ Լյուիս Հերմանը նշել է, որ Լավլեյսի «Ordeal» հուշագրության շատ մանրամասներ համապատասխանում են հետվնասվածքային սթրեսի բարդ խանգարումներին[28]։

Բորմենը պնդել է, որ «Deep Throat» կինոնկարի համար իրեն վճարված $1,250 դոլլարն առգրավվել է ամուսնու կողմից[29]։

Ամուսնություն Մարչիանոյի հետ

1976 թվականին Բորմենն ամուսնացել է մալուխ տեղադրող Լարրի Մարչիանոյի հետ, որը հետագայում հիմնել է գիպսաստվարաթղթի բիզնես։ Ունեցել են երկու երեխա՝ 1977 թվականին ծնված Դոմինիկը և 1980 թվականին ծնված Լինդսին։ Ապրել են Լոնգ Այլնդում գտնվող Center Moriches փոքրիկ քաղաքում, որտեղ Բորմենը ենթարկվում էր լյարդի փոխպատվաստման։ Որոշ ժամանակ ամուսնությունը և մասնավորապես մայրությունը նրան որոշակի կայունություն և երջանկություն են բերել[9], սակայն 1990 թվականին Մարչիանոյի բիզնեսը սնանկացել է, ու ընտանիքը տեղափոխվել է Կոլորադո[11]։

«The Other Hollywood» գրքում Բորմենը Մարչիանոյին ներկայացրել է որպես չափից դուրս հարբեցողի, որը խոսքով բռնություն է գործադրել իր երեխաների վրա ու երբեմն դաժան վարվել իր հետ։ 1996 թվականին քաղաքակիրթ կերպով ամուսնալուծվել են ու մինչև Լինդայի մահը միմյանց հետ կապ պահպանել։

Հակապոռնոգրաֆիական ակտիվիզմ

1980 թվականին «Ordeal» վերնագրված ինքնակենսագրականի լույս ընծայումից հետո Բորմենն անդամագրվել է «Ընդդեմ պոռնոգրաֆիայի» շարժմանը։ Գրքի շնորհանդեսին առաջին անգամ հրապարակավ խոսել է Թրեյնորի դեմ մեղադրանքների մասին։ Նրան միացել ու աջակցել են Անդրեա Դվորկինը, Քեթրին Մաքքիննոնը, Գլորիա Սթայնեմը և «Կանայք ընդդեմ պոռնոգրաֆիայի» խմբի այլ անդամներ։ Բորմենը դեմ է արտահայտվել պոռնոգրաֆիային՝ ասելով, որ իրեն բռնության են ենթարկել ու պարտադրել։ Նա պոռնոգրաֆիայի վերաբերյալ ելույթներ է ունեցել ֆեմինիստական խմբերում, քոլեջներում ու կառավարական լսումների ժամանակ։

1986 թվականին հրատարակել է «Out of Bondage» հուշագրությունը, որը նվիրված էր 1974 թվականից հետո իր կյանքին։ 1986 թվականին ցուցմունք է տվել Գլխավոր դատախազի պոռնոգրաֆիայի հանձնաժողովի առաջ ու պնդել, որ «երբ դուք դիտում եք «Deep Throat» կինոնկարը, դուք տեսնում եք, թե ինձ ինչպես են բռնաբարում։ Հանցագործություն է այդ կինոնկարը ցուցադրելը․ ամբողջ նկարահանման ընթացքում իմ գլխին ատրճանակ են պահել»։ Այս ցուցմունքին հաջորդել են նրա դասախոսությունները համալսարանական քոլեջներոմ, որտեղ նա դատապարտել է իր նկարագրությամբ անվայել և շահագործող գործողությունները պոռնոգրաֆիայի արդյունաբերության մեջ[29]։

Վերջին տարիներ ու մահ

Բորմենը վարակվել էր հեպատիտով 1970 թվականին ավտովթարի ենթարկվելուց հետո կատարած արյան փոխներարկումից[30], որից հետո 1987 թվականին կատարել էր լյարդի փոխպատվաստում[31]։ 2001 թվականին նկարահանվել է հոլիվուդյան հայտնիների մասին պատմող «E! True Hollywood Story» ամերիկյան վավերագրական կինոսերիալում, որից հետո ներքնազգեստով հանդես եկել «Leg Show» ամսագրում[32]։

2002 թվականի ապրիլի 3-ին ենթարկվել է ևս մեկ ավտովթարի, որն ավելի լուրջ էր, քան 1970 թվականինը։ Ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ ու ներքին վերքեր։ Նույն թվականի ապրիլի 22-ին անջատվել են ինտենսիվ թերապիայի սարքավորումներն ու նա մահացել է 53 տարեկան հասակում Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում․ Մարչիանոն ու նրանց երկու զավակները ներկա են եղել[33]։ Հուղարկավորվել է Կոլորադոյի Պարկեր գերեզմանատանը[34][35]։

Ժառանգություն

«Լինդա» համակարգչային ծրագրավորման լեզուն անվանվել է ի պատիվ Լինդա Լավլեյսի։ Անվան ընտրության վրա ազդել է «Ադա» ծրագրավորման լեզուն, որն անվանակոչվել է համակարգչային ռահվիրա Ադա Լավլեյսի պատվին[36]։

Բորեմանի մասնակցությունը «Deep Throat» ֆիլմում այն թեմաների թվում էր, որոնց անդրադարձել է 2005 թվականին նկարահանված «Inside Deep Throat» վավերագրական ֆիլմը։

Ինդի փոփ երգիչ ու երգահան Մարկ Սիրդորեուսը 2008 թվականին «Linda Lovelace for President» վերնագրով ալբոմ է թողարկել, որտեղ ընդգրկված է նույն վերնագրով մի երգ[37]։

Քանթրի երգիչ ու երգահան Դեյվիդ Ալան Քուն «Լինդա Լավլեյս» վերնագրով երգ է գրել[38], որն ընդգրկվել է 1978 թվականին թողարկված նրա «Nothing Sacred» ալբոմում։ Նույն երգն ընդգրկվել է 1990 թվականի «18 X-Rated Hits» ալբոմում այլ անվան տակ[39]։

2008 թվականին Բորմենի չորս ինքնակենսագրականներից երկուսի հիման վրա բեմադրված «Lovelace: A Rock Musical» ռոք մյուզիքլը ներկայացվել է Լոս Անջելեսի Հեյվորթ թատրոնում[40]։

Լավլեյսը 2010 թվականին Դեյվիդ Բերտոլինոյի բեմադրած «The Deep Throat Sex Scandal» պիեսի գլխավոր հերոսներից մեկն է։ Պիեսում պատմվում է Հարրի Ռիմզի կյանքի ու պոռնոգրաֆիայում սկզբնական կարիերայի մասին, ինչպես նաև «Deep Throat» ֆիլմի նկարահանման ու դրա արդյունքում Մեմֆիս քաղաքում իր խայտառակության ու անպարկեշտ դատավարության մասին․ Լավլեյսը գլխավոր կերպար է։ 2013 թվականի հուլիսին «Ինդիգոգո» քրաուդֆանդինգի արշավը ներկայացման կինոտարբերակն ստեղծելու համար հավաքել է $25,000 գումար[41]։

2011 թվականին նախատեսված էր սկսել Բորեմանի մասին երկու կենսագրական կինոնկարների թողարկումը[42][43]։ «Լավլեյս» վերնագրով առաջինը, որտեղ Լինդային մարմնավորել է Ամանդա Սեյֆրիդը, թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 9-ին, սակայն հաջողություն չի ունեցել։ «Inferno: A Linda Lovelace Story» վերնագրված հաջորդ կինոնկարը[42][43][44], որտեղ Լինդային մարմնավորելու էր Մալին Ակերմանը, պետք է նկարահանվեր 2011 թվականի սկզբին[45][46], սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով այդպես էլ չի թողարկվել։

«Family Ties» սիթքոմի դրասանուհի Թինա Յոթերսը Լինդայի դերում նկարահանվել է «Lovelace: The Musical» մյուզիքլում[47]։

Ֆիլմագրություն

  • Dogarama (1969)
  • Piss Orgy (1971)
  • Deep Throat (1972)
  • The Confessions of Linda Lovelace (1974)
  • Deep Throat Part II (1974) as Nurse Lovelace
  • Linda Lovelace for President (1975)

Գրքեր

  • Inside Linda Lovelace (1974), Linda Lovelace, later seen as a book saying by Chuck 0-902826-11-5
  • Ordeal (1980), Linda Lovelace and Mike McGrady, 0-517-42791-5
  • Out of Bondage (1986), Linda Lovelace and Mike McGrady, 0-425-10650-0

Այլ գրքեր՝

  • Jack Stevenson (ed): Fleshpot: Cinema's Sexual Myth Makers & Taboo Breakers (Headpress, England 2000). գրքում ընդգրկված է հարցազրույց Լինդայի հետ։

Տես նաև

  • Կանայք ընդդեմ պոռնոգրաֆիայի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Լավլեյս» հոդվածին։