Լիբերեցի երկրամաս, (չեխ.՝ Liberecký kraj, գերմ.՝ Reichenberger Region, լեհ.՝ Kraj liberecki), վարչական միավոր Չեխիայում (չեխ.՝ kraj), որը գտնվում է Բոհեմիայի պատմական շրջանի ամենահյուսիսային մասում։ Անվանումը ստացել է ի պատիվ իր մայրաքաղաք Լիբերեցի։ Երկրամասը միջազգային սահմաններ ունի Գերմանիայի և Լեհաստանի հետ։ Երկրի ներսում երկրամասը արևմուտքում սահմանակից է Ուստեցկի երկրամասին, հարավում՝ Միջինչեխական երկրամասին և արևելքում՝ Կրալովեգրադեցկի երկրամասին։
Երկրամասի լանդշաֆտը ներառում է Ջիզերա լեռները, Կրկոնոշե լեռների մի մասը և Լուսատյան լեռների մի մասը[5]։
Երկրամասը տուժել է 2010 թվականի օգոստոսին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով, որտեղ Սմեդա գետի արտահոսքը եղել է երկրամասի տարհանմանը խթանող գործոններից մեկը[6]։
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Լիբերեցի երկրամասի բնակչությունը կազմում էր 442,356 մարդ՝ 217,791 տղամարդ և 224,565 կին, որոնք կազմում էին բնակչության համապատասխանաբար 49,2 %-ը և 50,8 %-ը։
Լիբերեցի երկրամասը, ի թիվս այլոց, ունի արտադրական, ապակեգործության, մեքենաշինության և ոսկերչության արտադրության արդյունաբերություններ[5]։ Երկրամասը, Լեհաստանի, Գերմանիայի և Չեխիայի եռակողմ սահմանի՝ ծանր արդյունաբերականացման և շրջակա միջավայրի աղտոտվածության տարածքի, այսպես կոչված, «Սև եռանկյունու» մի մասն է[7]։
Լիբերեցի երկրամասում են գտնվում 11 ազգային մշակութային հուշարձաններ, այդ թվում՝ Բեզդեզ ամրոցը, Դլասկիվ Ստատեկ մշակութային ժառանգության թանգարանը և Յեստեդ աշտարակը Տուրնովայում, որը փոխանցում է հեռուստատեսային ազդանշանները, նաև հյուրանոց է[8]։ 2013 թվականին առաջարկվեց ցուցակին ընդգրկել ևս երկու տեղամասեր, որոնցից են 1895 թվականից թվագրվող Հարախովում ապակու հղկման գործարանը և Բուրանիում գտնվող «Janatův Mlýn» ջրաղացը, որի մի մասը մնացել է 1767 թվականից[8]։
2007 թվականին Փրիշովիցե գյուղի մոտ հայտնաբերվել է նեոլիթյան հնավայր, որը թվագրվում է մ.թ.ա. մոտ 4500 թվականով[9]։
Դոքսի քաղաքի մոտ գտնվող Մաչա լիճը հանգստի կարևոր երկրամասային կենտրոն է, որը տարեկան գրավում է մոտ 30,000 այցելու[10]։ Լճի շրջակայքում կա քարավանների պարկ, որտեղ տեղի է ունենում «Mácháč» ամենամյա երաժշտական փառատոնը, որին 2013 թվականին մասնակցել է մոտավորապես 8000 մարդ[10][11]։
Քանի որ երկրամասը երկար ժամանակ եղել է Սրբազան Հռոմեական կայսրության մաս, իսկ ավելի ուշ (1938–1945 թվականներին) երկրամասի մեծ մասը եղել է Գերմանիայի Սուդետյան մարզի մասը։ Տեղի շենքերում և ընդհանուր առմամբ մշակույթում նկատելի է գերմանացիների ազդեցությունը՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ երկրամասի որոշ հատվածներ բնակեցված էին սուդետյան գերմանացիների մեծամասնությամբ՝ նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրանց վտարումը։
Երկրամասը Պրահայի հետ կապված է «D10» մայրուղով, որը վերջանում է Տուրնով քաղաքում։ Երկրամասում շահագործվող երկաթուղային գծերի երկարությունը կազմում է 551 կմ (342 մղոն)[12] : Երկրամասում կան երեք օդանավակայան։ Դրանցից ամենաառանցքային նշանակությունն ունի Ռալսկո քաղաքի մոտ չգործող ռազմական Հրադչանի օդանավակայանը։ Այլ փոքր օդանավակայաններ կան Չեսկա Լիպայում և Հոդկովիցա նադ Մոհելկուում։
Երկրամասում է գտնվում Լիբերեցի հանրային տեխնիկական համալսարանը, որը հիմնադրվել է 1953 թվականին։ Այն ի սկզբանե մասնագիտացած էր մեքենաշինության և տեքստիլ ճարտարագիտության մեջ, սակայն 1990-ական թվականներին ավելացրել է ևս չորս ֆակուլտետ, մասնավորապես՝ կրթության, տնտեսության, ճարտարապետության և մեխատրոնիկայի ոլորտներում[13]։