Լեսյա Ուկրաինկա (ուկրաիներեն՝ Леся Українка, իսկական անունը Լարիսա Պետրովնա Կոսաչ-Կվիտկա (ուկրաիներեն՝ Лариса Петрівна Косач-Квітка), փետրվարի 251871 - հունիսի 191913), ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ։ Ստեղծագործել է բազմապիսի ժանրերում։ Զբաղվել է նաև ժողովրդագրական ստեղծագործության հավաքչությամբ՝ 220 ժողովրդական երգ ձայնագրվել է նրա կատարումից։ Ուկրաինայի ազգային շարժման ակտիվ մասնակից էր։
Պոեզիայում և դրամատուրգիայում Ուկրաինկան շարունակել ու զարգացրել է Տարաս Շևչենկոյի ավանդույթները։ «Երգերի թևերով» (1893), «Խոհեր ու երազանքներ» (1899) և «Արձագանքներ» (1902) բանաստեղծությունների գրքերը տոգորված են պայքարի ոգով։ Ուկրաինկայի ստեղծագործությանը բնորոշ է հետևողական ինտերնացիոնալիզմը («Ռոբերտ Բրյուս, արքա շոտլանդական», 1894)։ «Գերության երգեր» (1895-1896) և «Ազատության երգեր» (1905) բանաստեղծական շարքերում զինված ապստամբության ուղղակի կոչ է արվում։
Ուկրաինկայի դրամաններն ու դրամատիկ պոեմները գրված են առավելապես պատմական ու դիցաբանական սյուժեներով, բայց արտահայտում են 20-րդ դարի համար արդիական գաղափարներ ու տրամադրություններ՝ «Դիվահարը» (1901), «Բաբելոնյան գերություն» (1903), «Ավերակների վրա» (1904), «Կատակոմբներում» (1905)։ 1905-1907 թվականների հեղափոխություններին համահունչ են «Աշնանային հեքիաթ» (1905, հրատարակվել է 1928 թվականին) «ֆանտաստիկ դրամայի» այլաբանությունները։ Ձևով առավել ազգային է «Անտառի երգը» (1912, բեմադրվել է 1918 թվականին) հեքիաթ-դրաման, որի մոտիվներով ստեղծված են բալետ, օպերա, կինոնկար։ Ուկրաինկային են պատկանում նաև «Կասանդրա» (1908), «Քարե տիրակալը» (1912) և այլ դրամաներ[6]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։