Ժողովրդական հանրաքվե

Ժողովրդական հանրաքվե, կախված իրավասությունից հայտնի է նաև որպես քաղաքացիների վետո, ժողովրդի վետո, վետոյի հանրաքվե, քաղաքացիների հանրաքվե, չեղարկման հանրաքվե, մերժման հանրաքվե, կասեցման հանրաքվե և ստատուտային հանրաքվե[1][2][3], հանրաքվեի տեսակ, երբ որոշակի թվով գրանցված ընտրողների ստորագրահավաքի միջոցով կարող են նախաձեռնել հանրային քվեարկություն (պլեբիսցիտ) այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են գործող օրենքը, սահմանադրական փոփոխությունը, կանոնադրության փոփոխությունը կամ ՏԻՄ որոշումը։ Իր ամենապարզ ձևով սա գործադիր կամ օրենսդիր մարմիններին պարտավորեցնում է քննարկել թեման՝ այն ներառելով նիստի օրակարգում[4][5]։ Ժողովրդական հանրաքվեն ուղիղ ժողովրդավարության դրսևորման ձև է[6]։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (մայիսի 16, 2024) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Ժողովրդական հանրաքվե.      Կիրառելի է ազգային մակարդակով,     Կիրառելի է միայն անդրազգային մակարդակով։

Ի տարբերություն ժողովրդական նախաձեռնության կամ օրենսդրական հանրաքվեի, որը թույլ է տալիս ընտրողներին մշակել և առաջարկել նոր օրենսդրություն, ժողովրդական հանրաքվեն նրանց հնարավորություն է տալիս առաջարկել չեղյալ համարել գործող օրենսդրությունը[4][5]։ Ժողովրդական նախաձեռնության նման, ժողովրդական հանրաքվեն անց է կացվում, երբ գործող իշխանություններին ներկայացվում են անհրաժեշտ թվով ստորագրություններ[3][6]։ Որոշ դեպքերում նման հանրաքվեն կարող է նախաձեռնվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Բացի այդ, որոշ երկրներում, ելնելով տեղական օրենսդրությունից, ժողովրդական հանրաքվեն կարող է իրականացվել օրենսդրության ընդունումից հետո կարճ ժամկետում։ Մի շարք երկրներում էլ այն ​​կարող է կիրառվել գործող ցանկացած իրավական ակտ չեղարկելու համար[3][7][8]։ Ժողովրդական հանրաքվեները կարգավորող ընթացակարգերը՝ ստորագրությունների անհրաժեշտ քանակը, դրանց հավաքման ժամկետը, հանրաքվեի անցկացման կարգն ու ժամկետները, ինչպես նաև այն մարմինը, որին պետք է ներկայացվեն այդ ստորագրությունները,տարբերվում են՝ կախված երկրից։ ԱՄՆ-ում ևս դրանք էականորեն տարբերվում են նահանգից նահանգ։

Ժողովրդական հանրաքվեի կողմնակիցները նշում են, որ այն խոչընդոտում է հատուկ շահերի գերակայությանը և պաշտպանում փոքրամասնությունների իրավունքները[2][6]։ Քննադատներն էլ նշում են, որ ժողովրդական հանրաքվեների ժամանակ ավելի բարձր է այն ընտրողների մասնակցությունը, որոնք ուղղակիորեն առնչվում են քննարկվող հարցի հետ[6]։ Բացի այդ, համաժողովրդական հանրաքվեներն ավելի մեծ ազդեցություն կամ ուժ են տալիս որոշակի շահեր կամ օրակարգ ունեցող որոշ խմբերի, որոնք կարող են անհամաչափ ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։

Միջազգային պրակտիկա

Եվրոպա

Աշխարհի երեսուն երկրներ թույլ են տալիս ազգային մակարդակով անցկացնել ժողովրդական հանրաքվեներ[9]։ Եվրոպայում ժողովրդական հանրաքվե (սովորաբար հայտնի է նաև «չեղարկման հանրաքվե» անվամբ) առաջին անգամ անց է կացվել 1831 թվականին Շվեյցարիայի Սանկտ Գալլեն կենտրոնում։ Այնուհետև այն իրականացվել է ողջ երկրում՝ ֆակուլտատիվ կամ կամընտրական հանրաքվեի անվան տակ[10]։ Ժողովրդական հանրաքվեն ներկայումս կիրառելի է Ալբանիայում[11][12], Դանիայում (1953 թվականից)[2], Իտալիայում (1970 թվականից)[2][11][12], Մալթայում[11][12], Ռուսաստանում և Շվեյցարիայում (1874 թվականից)[2][12]։

Լատինական Ամերիկա

Լատինական Ամերիկայում ժողովրդական հանրաքվեները կիրառվում են Կոլումբիայում, Ուրուգվայում և Վենեսուելայում[13]։

Միացյալ Նահանգներ

Միացյալ Նահանգներում ժողովրդական հանրաքվեների պրակտիկան կիրառելի է 2009 թվականի մայիսից՝ 23 նահանգներում և մեկ տարածքում։ Դրանց թվում են Ալյասկան, Արիզոնան, Արկանզասը, Կալիֆոռնիան, Կոլորադոն, Այդահոն, Մենը, Մերիլենդը, Մասաչուսեթսը, Միչիգանը, Միսսուրին, Մոնտանան, Նեբրասկան, Նևադան, Նյու Մեքսիկոն, Հյուսիսային Դակոտան, Օհայոն, Օկլահոման, Օրեգոնը, Հարավային Դակոտան, Յուտան, Վաշինգտոնը, Վիսկոնսինը, Վայոմինգը և Ամերիկյան Վիրջինյան կղզիները[4][14][15]։ Ժողովրդական հանրաքվեն առաջին անգամ ԱՄՆ-ում կիրառվել է 1898 թվականին Հարավային Դակոտա նահանգում[16], իսկ ԱՄՆ դաշնային մակարդակով առաջին անգամ կիրառվել է 1906 թվականին։ Դրանից երկու տարի առաջ՝ 1904 թվականին, Օրեգոնում իրականացվել էր նաև ժողովրդական նախաձեռնության հանրաքվե[17]։

Հայաստան

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ամրագրում է Հայաստանում հանրաքվեի ինստիտուտի առկայությունը։ Իսկ արդեն «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն ամրագրում է Հայաստանում հանրաքվե անցկացնելու կամ դրա պահանջ ներկայացնելու օրենսդրական հիմքերը։ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, կառավարությունը, ընտրական իրավունք ունեցող առնվազն 200 000 քաղաքացի[18]։ Ըստ այդմ՝ նախագիծը ներկայացվում է Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը և կայացնում որոշում։ Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

Այդուհանդերձ, նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ եթե Ազգային ժողովը մերժում է ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` 60 օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը ընտրական իրավունք ունեցող ևս 300 000 քաղաքացու միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականության հաստատման համար։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը հաստատվելու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Սահմանադրական դատարանն օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող կամ հակասող ճանաչելու մասին որոշումն ընդունում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ Սահմանադրական դատարանի կողմից օրենքի նախագիծը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանրաքվեի չի դրվում։

ՀՀ օրենսդրության համաձայն՝ հանրաքվեն անցկացվում է դրա նշանակելուց ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո։

Տես նաև

Ծանոթագրություններ