Ժանգոտ գոտի

Ժանգոտ գոտի (անգլ.՝ Rust Belt), հայտնի է որպես արդյունաբերական կամ գործարանային գոտի, Միացյալ Նահանգների միջին արևմտյան և արևելյան ափերի մի մասն է, որտեղ ի սկզբանե կենտրոնացած էին պողպատի արտադրությունը և ամերիկյան ծանր արդյունաբերության այլ ճյուղերը։ Աշխարհագրորեն, այս գոտին սովորաբար ներառում է Նյու Յորքի նահանգի կենտրոնական մասը, Փենսիլվանիա, Օհայո, Ինդիանա, Միչիգան և Իլինոյս նահանգների արևմուտքում գտնվող շրջանները մինչև Միչիգան լճի արևմտյան ափը։ Երբեմն այն ներառում է նաև Դուլութ և Մինեսոտայի այլ հանքարդյունաբերական համայնքներ, և նույնիսկ Հարավային Օնտարիոն և Քվեբեկը Կանադայում։ Ժանգոտ գոտու կենտրոնը համարվում է Էրի լճի ափը։ Հարավում ժանգոտ գոտին հարում է Ապալաչյան լեռների ածուխի արդյունահանման շրջաններին։

Ամերիկայի ժանգոտ գոտին

Հետինդուստրիալ դարաշրջանի սկսվելուց հետո ԱՄՆ-ի ծանր արդյունաբերությունը անկում ապրեց։ Շատերը կարծում են, որ տարածաշրջանը կարող է օգուտ քաղել նանոտեխնոլոգիայի, բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից վառելիքային բջիջների և բարձր տեխնոլոգիական այլ արդյունաբերությունների արտադրության անցումից[1][2]։

Ժանգոտ գոտի տերմինն ինքնին արտացոլում է տարածաշրջանի, հատկապես պողպատե արդյունաբերության ճգնաժամը, որի արդյունքում, սկսած 1970-ականներից, հարյուր հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը հիմնականում Բուֆալո, Ռոչեսթեր, Սիրաքյուս, Պիտսբուրգ, Ալենթաուն, Էրի, Քլիվլենդ, Տոլեդո, Յանգսթաուն, Դետրոյթ, Ֆլինտ, Լանսինգ, Գարի, Ինդիանապոլիս, Սաութ Բենդ, Միլուոքի, Չիկագո, Սփրինգֆիլդ, Դուլութ քաղաքներում։ Այնուամենայնիվ, նույնիսկ գործարանների վերափոխումից հետո ժանգոտ գոտին շարունակում է մնալ ԱՄՆ-ի ամենակարևոր արդյունաբերական շրջաններից մեկը։

Պատմություն

Առևտրի դեֆիցիտի աճը բացարձակ արտահայտությամբ (կապույտ գույն) և համախառն ներքին արդյունքի համեմատ (կարմիր գիծ) հանգեցրել է ԱՄՆ Միջազգային ներդրումային դիրքի համակարգված անկման՝ սկսած 1970-ականներից

Արդյունաբերական գոտին առաջացավ արդյունաբերական հեղափոխության սկզբում՝ որպես տարածաշրջան, որտեղ ռեսուրսների առկայությունը զուգորդվում է ջրային տրանսպորտի առկայության հետ, որն այն ժամանակ ամենակարևորն էր զարգացող արդյունաբերության համար։ Ածուխի հանքավայրերը մշակվել են Արևմտյան Վիրջինիա, Թենեսի և Կենտուկի նահանգների հարավային մասում, ինչպես նաև Փենսիլվանիայի արևմտյան մասում։ 19-րդ դարի վերջին Եվրոպայից զանգվածային ներգաղթի հետևանքով բնակչության արագ աճը արդյունաբերողներին ապահովեց աշխատանքային մեծ ռեսուրսներով։ Բեռները կարող էին ջրանցքներով տեղափոխվել Միացյալ Նահանգների արևելյան ափ և Մեծ լճերի ավազան։ Ավելի ուշ բեռների փոխադրումն արագացվեց երկաթուղային տրանսպորտի հաշվին, որի զարգացումը ԱՄՆ-ում նույնպես սկսվեց այստեղ։ Ածուխը, երկաթի հանքաքարը և այլ հումք տեղափոխվեցին խոշոր քաղաքներ՝ Պիտսբուրգ, Գարի, Բաֆալո, Քլիվլենդ, Յանգսթաուն, որտեղ արագ զարգանում էր պողպատի արդյունաբերությունը։ Դուլութը, Չիկագոն, Քլիվլենդը, Բուֆալոն, Դետրոյթը, Միլուոքին, Տոլեդոն առաջացան որպես տրանսպորտային հանգույցներ։ Առևտրի դեֆիցիտի աճը բացարձակ առումով (կապույտ գույն) և համախառն ներքին արդյունքի համեմատ (կարմիր գիծ) հանգեցրել Է ԱՄՆ միջազգային ներդրումային դիրքի համակարգված անկման՝ սկսած 1970-ականներից[3]։

1970-ական և 1980-ականների ժամանակ ժանգոտ գոտին անկում ապրեց պողպատի, ավտոմեքենաների և այլ ծանր արդյունաբերության արտադրության մեջ[4]։ Գլոբալիզացիայի դարաշրջանում բազմաթիվ արդյունաբերություններ տեղափոխվեցին արտերկիր։ Հակագլոբալիստները կարծում են, որ միջազգային ազատ առևտրի համաձայնագրերը վնաս են հասցրել ամերիկյան արդյունաբերությանը Չինաստանի և այլ զարգացող երկրների ինտենսիվ մրցակցության պատճառով, որտեղ աշխատուժի արժեքը զգալիորեն ցածր է, քան Ամերիկայում։ Տնտեսագետները նշում են, որ երկարաժամկետ հեռանկարում գլոբալիզացիան հանգեցնում է առևտրի դեֆիցիտի աճի և հանդիսանում է լուրջ տնտեսական խնդիրների[5][6], մասնավորապես՝ արտաքին պարտքի աճի և ԱՄՆ միջազգային ներդրումային դիրքի համակարգված անկման պատճառ[3][7][8]։ Որոշ տնտեսագետներ կարծում են, որ ԱՄՆ-ը մեծ պարտքեր է վերցնում ներկրվող ապրանքների գնումը ֆինանսավորելու համար[3][8]։ General Electric ընկերությունը ԱՄՆ կառավարությանը կոչ է անում ավելացնել իր բնակչության զբաղվածությունը սեփական արտադրական բազայում մինչև 20%, քանի որ ԱՄՆ-ն այլևս չի կարող ապավինել իր ֆինանսական հզորությանը և սպառողների պահանջարկին[9]։

Ալենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ-ի ժանգոտ գոտում, 2010 թվականի մայիս

1970-ականների ճգնաժամից և արտադրության կրճատումից հետո ԱՄՆ-ում աճեց տնտեսության հիմնականում երրորդական հատվածը[10][11]։ Պողպատի և այլ նյութերի արտահանման պատճառով առևտրային հաշվեկշռի դեֆիցիտ է առաջացել Չինաստանի, Ճապոնիայի, Թայվանի և Հարավային Կորեայի հետ Ամերիկայի հարաբերություններում։ Արտադրության կրճատման և աշխատանքային ռեսուրսների բացթողման հետ միաժամանակ աճել են բնակչության կենսաթոշակային և այլ սպասարկումն ապահովող պետական բյուջեի ծախսերը[7][8]։ Շատ տնտեսագետներ Ամերիկայի կրած դժվարությունները կապում են նրա առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի հետ[10][11][12][13]։

Արվարձանների աճի և քաղաքային բնակչության զբաղվածության կրճատման արդյունքում բազմաթիվ խոշոր քաղաքների կենտրոնական մասը, ինչպիսիք են Դետրոյթը, Ֆլինտը, Քլիվլենդը, Պիտսբուրգը, Էրին, Դուլութը, Բուֆալոն, Բինգհեմթոնը, Ռոչեսթերը, Ակրոնը, Տոլեդոն, Սիրակյուզը, ապաբնակեցվել են։ Դրանցում մասամբ են մնացել միայն բիզնես կենտրոնները[14]։ Բացասական փոփոխություններից ավելի լավ պաշտպանված էին Միջին Արևմուտքի զարգացած ենթակառուցվածքներով քաղաքները[15]։

Որոշ հեղինակներ աշխատանքից ազատումները կապում են արհմիությունների հետ։ Սակայն վիճակագրական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արհմիությունների ազդեցության և միջազգային շուկայում բարձր մրցունակության միջև գոյություն ունի ավելի շատ դրական, քան բացասական հարաբերակցություն[16]։ Մինչ ԱՄՆ-ի արևմուտքում շատ նոր բիզնեսներ են բացում օտարերկրացիները, մասնավորապես՝ խոշոր արտասահմանյան ընկերությունները, ինչպիսիք են Samsung-ը և Fujitsu-ն, ժանգոտ գոտում նրանց գործունեությունը ակտիվ չէ[17]։ Այս տարածաշրջանը արտադրության աճով զիջում է ամերիկյան հարավին[18]։

Ծանոթագրություններ