Էրոտոմանիա (հիվանդություն)

հիվանդություն

Էրոտոմանիա, հոգեբանական խանգարում, որի ժամանակ հիվանդին թվում է, թե ինչ-որ մեկն իրեն սիրահարվել է։ Հիմնականում նրանք ընտրում են այնպիսի մարդկանց, ովքեր առավել բարձր հասարակական դիրք ունեն կամ հայտնի անձնավորություն են։ Էրոտոմանիան բնորոշ է հատկապես շիզոֆրենիայով և փսիխոզով տառապող մարդկանց։ Այսպիսի խանգարման ժամանակ հիվանդը հավատացած է, որ իր գաղտնի երկրպագուն տարբեր ժեստերի, հայացքների և անգամ հեռազգացության միջոցով փորձում է իր սերը խոստովանել[1]։ Անգամ երբ տվյալ անձը հերքում է, թե սիրում է հիվանդին, վերջինս միևնույն է չի հավատում և կարծում է, որ դա ուղղակի իրենց հարաբերությունները գաղտնի պահելու համար է արվում[2]։

Էրոտոմանիայով տառապող կին

Ախտանիշներ

Էրոտոմանիայի հիմնական ախտանիշն այն է, որ հիվանդը միանգամայնորեն հավատացած է, որ մեկ այլ անձ սիրում է իրեն։ Անգամ հնարավոր է, որ հիվանդը մտածի, թե միանգամից մի քանի գաղտնի երկրպագու ունի։ Շատ հաճախ էրոտոմանիայով տառապող հիվանդը կարող է նամակներ գրել, նվերներ ուղարկել, այցելել կամ զանգահարել իր երևակայական սիրեցյալին` հավատացած լինելով, որ վերջինս էլ իր հերթին է փորձում իր զգացմունքներն արտահայտել։

Պատմություն

Հիվանդության մասին վաղ արձանագրություններ են գրանցվել դեռևս Հիպոկրատի, Պլուտարքոսի և Գալեն Կլավդիոսի աշխատություններում։ Հոգեբուժական գրականությունում առաջին անգամ 1623 թվականին են անդրադարձել էրոտոմանիա երևույթին։ Օգտագործվել են տարբեր անվանումներ, ինչպես օրինակ` սիրո հիվանդություն, էրոտիկ մելանխոլիա, էրոտիկ պարանոյա։

Հայտնի դեպքեր

Էրոտոմանիան հայտնի է նաև Կլերամբոլի սինդրոմ անունով։ Վերջինս սիրահարվել էր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միապետ Ջորջ V-ին[3] և ժամերով կանգնում էր Բուքինգհեմյան պալատի բակում` մտածելով, որ թագավորը, վարագույրները շարժելով, հաղորդակցվում է իր հետ[3][4]։ Մեկ այլ այսպիսի դեպք գրանցվել է 2011 թվականին։ Մի անտուն ամերիկացի 15 տարի շարունակ տարօրինակ և անպարկեշտ փաթեթներ էր ուղարկում Եղիսաբեթ II թագուհուն[4]։

1981 թվականի մարտի 30-ին Վաշինգտոնի Հիլթոն հյուրանոցից դուրս գալիս ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ զինված հարձակում է տեղի ունենում։ Կրակողը Ջոն Հինկլի կրտսերն էր, ով տառապում էր էրոտոմանիայով և այդպիսի զգացմունքներ ուներ ամերիկացի դերասանուհի Ջուդի Ֆոսթերի նկատմամբ։ Ջոնը նշել է, որ այդ քայլին գնացել է Ջուդիի ուշադրությունը գրավելու համար[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ