Էլիսոն Փորթեր

Էլիսոն Փորթեր (անգլ.՝ Alisan Porter, հունիսի 20, 1981(1981-06-20)[1], Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, որը նախ և առաջ հայտնի է «Գանգրահեր Սյուն» ֆիլմում Սյուի դերով։ 2016 թվականին դարձել է «Ձայնը» նախագծի ամերիկյան տարբերակի 10-րդ եթերաշրջանի հաղթողը՝ հանդես գալով Քրիստինա Ագիլերայի թիմում։

Էլիսոն Փորթեր
Ծննդյան թիվ՝հունիսի 20, 1981(1981-06-20)[1] (43 տարեկան)
Ծննդավայր՝Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝երգչուհի, երաժիշտ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երգերի հեղինակ և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0692018

Կենսագրություն

Էլիսոն Փորթերը ծնվել է 1981 թվականի հունիսի 20-ին, Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում՝ հրեական ընտանիքում։ 3 տարեկան հասակում Նյու Յորքում նկարահանվել է գովազդում։ Շուտով նրան հրավիրել են «Star Search» շոու։ 5 տարեկանում դարձել է այդ հաղորդման ամենակրտսեր «Լավագույն պատանի վոկալիստը»։

Դերասանուհին տեղափոխվել է Հոլիվուդ և 1987 թվականին նկարահանվել «Ես կնվաճեմ Մանհեթենը» մինի սերիալում, որտեղ խաղացել է փոքրիկ Մաքսիի դերը։ 1989 թվականին նկարահանվել է «Ծնողներ» ֆիլմում՝ խաղալով Թեյլորի դերը։ 1991 թվականին «Գանգրահեր Սյու» ֆիլմում խաղացել է Սյուի դերը։ 1994 թվականին դադարեցրել է դերասանական գործունեությունը և ծնողների հետ տեղափոխվել Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգի Ուեսթփորթ քաղաքը։ Այնտեղ նա խաղացել է դպրոցի թատրոնում և որոշել, որ ցանկանում է խաղալ ոչ թե ֆիլմերում, այլ բեմում։

18 տարեկանում Էլիսոնը տեղափոխվել է Նյու Յորք և երեք ամիս անց նրան ներգրավել են «Footloose» ներկայացման մեջ, որտեղ դերասանուհին կերտել է Ուռլինի կերպարը։ Որոշ ժամանակ անց Փորթերը տեղափոխվել է Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքը։

2003 թվականին կազմավորվել է «Raz» երաժշտական խումբը, որտեղ Էլիսոն Փորթերը հանդես է եկել որպես վոկալիստ և երգերի հիմնական հեղինակ։ «Raz» խումբը լուծարվել է 2004 թվականին։ 2005 թվականի մարտին Փորթերը հայտարարել է «Alisan Porter Project» անվամբ նոր խմբի ստեղծման մասին։ 2006 թվականին Էլիսոնը հանդես է եկել Նյու Յորքի «Gerald Schoenfeld Theatre» թատրոնի «A Chorus Line» ներկայացման մեջ՝ խաղալով Բեբե Բենսոնհեյմերի դերը։

2008 թվականի դեկտեմբերից Փորթերը ամերիկյան «Movmnt» ամսագրի համագործակցող տեսաբանն է[2]։

2016 թվականի մայիսի 23-ին դարձել է «Ձայնը» շոուի ամերիկյան տարբերակի 10-րդ եթերաշրջանի հաղթողը՝ եզրափակչում կատարելով «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլից «Somewhere» երգը և այսպիսով դառնալով առաջին եթերաշրջանից մասնակիցների մարզիչ Քրիստինա Ագիլերայի թիմից առաջին հաղթողը[3]։

Անձնական կյանք

2012-2018 թվականներին Էլիսոնն ամուսնացած է եղել մրգերի արտահանող և «օճառային օպերաների» (տնային տնտեսուհիների համար նախատեսված սերիալներ) նախկին դերասան Բրայան Օթենրիթի հետ։ Ունեցել են երկու երեխա՝ որդին՝ Մեյսոն Բլեյզ Օթենրիթը (ծնված 2012 թվականի հուլիսի 7-ին)[4], և դուստրը՝ Արիա Սեյջ Օթենրիթը (ծնված 2014 թվականի մայիսի 8-ին)[5]։

2014 թվականի սեպտեմբերին Էլիսոնն իր բլոգում խոստովանել է, որ երկար ժամանակ կախվածություն է ունեցել ալկոհոլից և թմրադեղերից, բայց 2007 թվականի հոկտեմբերի 28-ից պահպանում է ժուժկալություն, մինչև 2011 թվականն այցելել է «անանուն հարբեցողների» ակումբ[6]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1987սPee-wee's PlayhouseԼիլ Փանկին
1987ս«Ես կնվաճեմ Մանհեթենը»I'll Take ManhattanՓոքրիկ Մաքսի
1987ս«Ընտանեկան կապեր»Family TiesԵրեխա
1988ֆHomesickՄեգի
1989ֆ«Ծնողներ»ParenthoodԹեյլոր
1989սChicken SoupՄոլի Փիրս
1990ֆ«Ստելլա»StellaՋենի (8 տարեկանում)
1990ֆ«Ես սիրում եմ քեզ մինչև մահ»I Love You To DeathԿառլա Բոկա
1990սPerfect StrangersԹես Հոլանդ
1990հֆWhen You Remember MeՔեփլի
1991ս«Ոսկե աղջիկները»The Golden GirlsՄելիսա
1991ֆ«Խուճուճիկ Սյուն»Curly SueՍյու
2001ս«Հագուստը հանած»UndressedԲելինդա
2003ֆShrink RapԲրենդի
2006ֆ«Տասը հրամանները. Երաժիշտը»The Ten Commandments: The MusicalՄիրիամ
2008ֆ«Ծանոթացեք՝ Դեյվ»Meet DaveԿորդեբալետի պարուհի
2011մսTeen TitansStarfire

Սկավառակգրություն

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակներ

  • 1993՝ «Երիտասարդ դերասան» մրցանակ` «Ֆիլմում գլխավոր դերի լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ «Գանգրահեր Սյու» ֆիլմի համար։

Առաջադրումներ

  • 1992՝ «Երիտասարդ դերասան» մրցանակ` «Սերիալում երկրորդական դերի լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ «Ոսկե աղջիկներ» սերիալի համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Փորթեր» հոդվածին։