Բողոքի ակցիաներ Չիլիում (2019)
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Բողոքի ակցիաներ Չիլիում 2019, Չիլիի մի քանի քաղաքներում տեղի ունեցող բողոքի մի շարք քաղաքացիական ակցիաներ։ Անկարգությունների հիմնական պատճառը ուժեղ տնտեսական անհավասարությունն է[1]։
Բողոքի ակցիաները սկսվել են մայրաքաղաք Սանտյագոյում՝ որպես մետրոպոլիտենում միջնակարգ դպրոցների աշակերտների և ուսանողների համակարգված արշավ՝ ի պատասխան մետրոյի 30 պեսո ուղեվարձի հերթական թանկացման[2]։ Երիտասարդները սկսել են ցատկել պտտաձողերի վրայով, նրանց կանգնեցրել է ոստիկանությունը, ինչը հանգեցրել է բախումների և տարերային ցույցերի[1]։ Այնուհետև հաջորդել են քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանների գրավումը և ազգային ոստիկանության (Կարաբիներոս) հետ բաց բախումները։
Իրավապահների կոշտ գործողությունները չիլիացիների մոտ ավելի մեծ վրդովմունք են առաջացրել[1]։ Հոկտեմբերի 18-ին իրադրությունը սրվել է, քանի որ ցուցարարների կազմակերպված խմբերը անկարգություններ են սարքել ամբողջ քաղաքում՝ զավթելով մետրոյի ցանցի բազմաթիվ տերմինալներ և անջատելով դրանք՝ ենթակառուցվածքի ծավալուն վնասվածքով, ինչի հետևանքով ամբողջ մետրոն շարքից դուրս է եկել։
Հոկտեմբերի 18-ին Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան հայտարարել է արտակարգ դրություն, արտոնել է Չիլիի բանակի ուժերի տեղակայումը հիմնական շրջաններում՝ կարգուկանոն ապահովելու համար։ Պարետային ժամը հայտարարվել է հոկտեմբերի 19-ին՝ Մեծ Սանտյագոյի շրջանում[3], 1987 թվականից ի վեր առաջին անգամ՝ Պինոչետի բռնապետությունից հետո[4]։ Հոկտեմբերի 19-ին Սանտյագոյի կենտրոնում զրահատեխնիկա է տեղակայվել։ Բողոքի ակցիաների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, 62 ոստիկան և 15 քաղաքացիական վիրավորում է ստացել[1]։
Բողոքի ակցիաները և անկարգությունները տարածվել են այլ քաղաքներում ևս, այդ թվում՝ Կոնսեպսիոնում, Սան Անտոնիոյում և Վալպարաիսոյում[5]։ Արտակարգ դրությունը տարածվել է Կոնսեպսիոն նահանգի, Վալպարաիսոյի ամբողջ շրջանի (բացառությամբ Զատկի կղզու և Խուան Ֆերնանդեսի կղզեխմբի), ինչպես նաև Կոկիմբո, Լա Սերենա և Ռանկագուա քաղաքներում։
Չնայած կառավարության զիջումներին՝ չիլիացիները շարունակում են դուրս գալ իրենց քաղաքների փողոցներ, որպեսզի դեմ արտահայտվեն տնտեսական անհավասարությանն ու կրթության ու առողջապահության ոլորտներում թանկարժեք ծառայություններին։ Հոկտեմբերի 22-ին նախագահ Սեբաստիան Պինյերան հայտարարել է բողոքի հետ կապված իրադրության կարգավորման համար սոցիալական աջակցության միջոցների մշակման մասին[1]։ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ ուղղումների փաթեթը ենթադրում է սոցիալական միջոցառումներ, որոնք ներառում են նվազագույն կենսաթոշակի և աշխատավարձի բարձրացում, դեղորայքի գների իջեցում, առողջապահության և էլեկտրաէներգիայի համար վճարման 10 %-ի նվազում, բարձր եկամուտներ ունեցող անձանց համար հարկերի բարձրացում և պատգամավորների և բարձրաստիճան պետական ծառայողների աշխատավարձերի իջեցում[6][7]։
Հոկտեմբերի 24-ին Չիլիի Պատգամավորների պալատը ստեղծել է բողոքի ակցիաների ժամանակ ուժային գերատեսչությունների գործողությունները հետաքննող հանձնաժողով, որոնց արդյունքում ձերբակալվել են հազարավոր մարդիկ և զոհվել 18 մարդ[8]։
Ի աջակցություն չիլիացի ցուցարարների՝ ցույցեր են անցկացվել նաև Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ուրուգվայում[9][10], ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլուր[11]։ Արգենտինայում հոկտեմբերի 21-ին այս ամենի ֆոնին լուրջ բախումներ են տեղի ունեցել[12]։
Հոկտեմբերի 25-ին մայրաքաղաքում մեկ միլիոնից ավելի մարդ է մասնակցել երկրի պատմության մեջ խոշորագույն դարձած բողոքի ցույցին[13][14]։ Դրանից հետո կառավարությունը պաշտոնաթող Է արել Պիներային[15]։
Չնայած կառավարության կազմի նորացմանը (Չիլիում ութ նախարարներ զրկվել են պաշտոններից, այդ թվում՝ ներքին գործերի և հասարակական անվտանգության նախարար Անդրես Չադվիկը), երկրում բողոքի ակցիաները չեն հանդարտվում։ Հարյուրավոր ցուցարարներ Սանտյագոյի փողոցներ են դուրս եկել երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին։ Բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների[16]։
Հոկտեմբերի 30-ին Պիներան հայտարարել է նոյեմբերին և դեկտեմբերին կլիմայի հարցով ԱԽՏՀ-ի հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին[17]։