Բանքալար (փողոց)
Բանքալար քադդեսի (թուրքերեն՝ Bankalar Caddesi, բառացի «Բանկային փողոց»), փողոց Ստամբուլի պատմական Քարաքոյ թաղամասում։ Բանքալար փողոցը եղել է Օսմանյան կայսրության ֆինանսական կենտրոնը։ Այստեղ են եղել բանկերի կենտրոնակայանները, ֆինանսական ինստիտուտները, ապահովագրական ընկերությունները, ներառյալ նաև Բանկ Օտոմանը և Օսմանյան ֆոնդային բորսան։ Այս կառույցները մինչ օրս օգտագործվում են որպես թուրքական բանկերի և այլ ֆինանսական կառույցների կենտրոնակայաններ[1]։Բանքալար փողոցը եղել է Ստամբուլի ֆինանսական կենտրոնը, ընդհուպ մինչև 1990-ական թվականների սկիզբը, երբ թուրքական բանկերի մեծ մասը տեղափոխվեցին Լևենտ և Մասլաք թաղամասերը։ 1995 թվականին, Ստամբուլի ֆոնդային բորսան տեղափոխվեց Սարըյեր շրջան։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Bankalar_Caddesi_%C5%9Eubat_2012.jpg/220px-Bankalar_Caddesi_%C5%9Eubat_2012.jpg)
Տեսարժան վայրեր
Փողոցի արևելյան հատվածում է գտնվում Թյունելի հարավային կայարանը։ Կամոնդո աստիճանը, որը հանդիսանում է նեոբարոկկո և վաղ մոդեռն ոճի խառնուրդ, նույնպես գտնվում է Բանքալար փողոցում։ Կառուցվել է բանկիր Աբրահամ Կամոնդոյի ֆինանսավորմամբ[2]։Աստիճանները տանում են դեպի պատմական Ռույե Կամոնդո (ներկայումս՝ Բանքեր Սոքաք) և Kart Çınar Sokak (Բանքեր Սոքաքի արևմտյան շարունակությունը), որտեղ գտնվում են ջենովական Պալացցո դել Կոմունեի ավերակների (Palazzo del Comune, 1316 թվական), որը կառուցվել է Մոնտանո դե Մարինսոմի կողմից։ Դեպի արևմուտք գտնվում է Պոդեսթա Գալաթան, որի հարևանությամբ էլ գտնվում է Բերեքեթ Խանի շենքը։