Բաբելոնի աշտարակ, բաբելոնյան աշտարակ (եբրայերեն՝ מִגְדַּל בָּבֶל` Migddal Bāḇēl), Հին կտակարանի, Հրեական Աստվածաշնչի (Թանախ) Ծննդոց գրքում գրված պատմություն է, լեգենդ, որը փորձում է բացատրել տարբեր լեզուների ծագումը։ Այս պատմության համաձայն՝ Մեծ Ջրհեղեղից հետո մարդկային սերունդները խոսում էին մի ընդհանուր լեզվով։ Գաղթելով արևելքից՝ նրանք գալիս են Սենաար (եբրայերեն՝ שנער) կոչվող երկիրը։ Հին Կտակարանում գրված է այսպես՝
4 Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք։ Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»։
5 Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։
6 Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել։ Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են։
7 Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»։
8 Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։
9 Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ։
Որոշ ժամանակակից դպրոցներ համարում են, որ Բաբելոնյան աշտարակի պատմությունը վերցվել է ՄիջագետքիՄարդուկ աստծո պատվին Բաբելոնի թագավոր Նաբուպալասարի (մ. թ. ա. 610) կողմից կառուցված զիկկուրատից՝ Էտեմենանկիից[2][3]։ Բաբելոնի Մեծ Զիկկուրատն ուներ 91 մետր բարձրություն։ Ալեքսանդր Մեծը հրամայել է այն ավերել մոտ մ. թ. ա. 331 թվականին[4][5]։ Այս լեգենդին շատ նման պատմություն կա նաև շումերական «Էնմերկարը և Արատտայի թագավորը» ավանդազրույցում։
Դրա պատմությունը գրված է Ծննդոց 11:1-9 գլխում։ Երկրի վրա մարդիկ նույն լեզվով էին խոսում։ Արևելքից գաղթելով` մարդիկ բնակություն են հաստատում Սենաար կոչվող տեղանքում։ Մարդիկ որոշում են քարեր հավաքել և կառուցել քաղաք` մի աշտարակով, որը կհասնի երկնքին, սրանով ցույց տալով իրենց փառքը։ Աստված իջնում է երկիր` քաղաքը և աշտարակը տեսնելու և նկատում, որ եթե մարդիկ մեկ լեզվով չխոսեին, նրանք չէին կարող հասնել իրենց ուզածին։ Աստված վերադառնում է և խառնում մարդկանց լեզուները` դարձնելով նրանց անհասկանալի միմյանց համար, տարածում նրանց ամբողջ աշխարհով՝ սրանով դադարացնելով աշտարակի կառուցումը։ Սրա պատճառով քաղաքն անվանվում է Բաբելոն։
«Բաբելոնի աշտարակ» բառակապակցությունը Աստվածաշնչում չի հանդիպում։ Աստվածաշնչում գրված է միայն «քաղաքը և աշտարակը» (եբրայերեն՝ אֶת-הָעִיר וְאֶת-הַמִּגְדָּל) կամ պարզապես «քաղաքը» (եբրայերեն՝ הָעִיר)։ Բաբելոն աքքադերենից թարգմանաբար նշանակում է «Աստծո դարպաս» (bab` «դարպաս» + ilu՝ «աստված»)[6]։ Ըստ Աստվածաշնչի` «Բաբելոն» բառն առաջացել է եբրայերեն balal, բառից, որը նշանակում է «խառնաշփոթ»[7]։
Ծննդոցում գրված է, որ Բաբելոնը (Յոթանասունից թարգմանությունում` Βαβυλών) Նեբրովթ թագավորի թագավորության մի մասն էր կազմում։ Աստվածաշնչում կոնկրետ նշված չէ, թե արդյոք Նեբրովթն է հրամայել կառուցել աշտարակը, բայց շատ այլ աղբյուրներում Բաբելոնի աշտարակի կառուցումը կապվում է հենց Նեբրովթի հետ։
Ծննդոց 11:9-ում Բաբելոն բառի ծագումը կապվում է եբրայերեն balal բայի հետ, որը նշանակում է խառնել, խառնաշփոթ ստեղծել։ Առաջին դարի հռոմեահրեական հեղինակ Հովսեփոս Փլավիոսը նույնպես նշում է, որը Բաբելոն (βαβὲλ) բառը ծագել է եբրայերենից, որը նշանակում է խառնաշփոթ[8]։
Բառի հունարեն ձևը սեպտուագինտայում՝ Βαβυλὼν, ծագել է աքքադերենBāb-ilim արտահայտությունից, որը նշանակում է աստծո դարպաս` նկատի ունենալով հին Շումերի մեծ տաճար-աշտարակները` զիկկուրատները։
Բաբելոնի ավերակները գտնվում են Ալ-Հիլլա քաղաքի մերձակայքում՝ Իրաքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 192)։