Արևային վառարան

Արևային վառարան, արևի լույսի էներգիայով աշխատող հարմարանք կերակուր պատրաստելու նպատակով։ Վառարանում չի կիրառվում որևէ այլ վառելիք կամ էլեկտրաէներգիա։ Նման սկզբունքով աշխատող սարքերը չորային վայրերում երբեմն կիրառում են ջրի աղազրկման համար[1]։

Հայելային սկզբունքով արևային վառարան

Պատմություն

Արևային խոհանոցները կիրառվում են 20-րդ դարի սկզբներից։ Այսպես, 1920 -ական թվականներին արևային խոհանոց է գործել Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում[2]։

Կառուցվածք

Արևային վառարան Օդեյոյում

Հասարակ արևային վառարանը հատուկ ձևով պտտած ստվարաթուղթ է` ծածկված նրբաթիթեղով[3]։ Նրբաթիթեղն անդրադարձնում է արևի լույսը` այն կենտրոնացնելով սովորական մետաղական սև կերակրաթասի վրա, որը փակված է ապակե կափարիչով և փաթաթված թափանցիկ պլաստիկե տոպրակով ջերմության կորուստը փոքրացնելու համար։ Գոյություն ունեն արևային վառարանների ավելի կատարելագործված տեսակներ` մետաղական արտացոլիչներով։

Financial Times ամսագրի կազմակերպած էկոլոգիապես էժան բիզնես-ծրագրերի «Կլիմայի փոփոխության մարտահրավեր» («Climate Change Challenge») մրցույթում նորվեգացի գյուտարար Յոն Բոմերի (Jon Bohmer) նախագծած «Կիոտո բոքս» (անգլ.՝ Kyoto box) արևային վառարանը` պատրաստված ստվարաթղթից, ստացել է առաջին մրցանակ և 75.000 դոլար դրամական պարգև գյուտը տարածելու համար[4][5]։

«Արևային վառարան» բառակապակցությունը կիրառվում է նաև հալման ու տարբեր նյութերի ջերմամշակման համար նախատեսված առավել բարդ կառուցվածք ունեցող հելիոսարքավորումները մատնանշելու համար։ Նման արևային վառարաններն առանձնանում են բարձր արժեքով և կիրառվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լինում ստեղծել հալման ու ջերմամշակման հատուկ ստերիլ պայմաններ, երբ կբացառվի որևէ այլ մասնիկի թափանցումը մշակվող նյութի մոտ։

Աշխարհում խոշորագույն նմանատիպ արևային վառարանը գործում է Ֆոն Ռոմյո Օդեյոյում (Ֆրանսիա)։ Նրա հայելու տրամագիծը 54 մ է, հզորությունը` 1 մՎտ։

Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում արևային ամենամեծ վառարանը գտնվել է Ուզբեկստանում` Պարկենտ քաղաքից 6 կմ հեռավորության վրա[6]։ «Արև» հելիոհամակարգը ստեղծվել է 1981 թվականին։ Նրա հայելու տրամագիծը 47 մ է, հզորությունը` 1.000 կՎտ[7]։

Կիրառում

Արևային պարզագույն վառարաններ Սուդանում

ՄԱԿ-ի` փախստականների հարցով կոմիսարը փոխստականների Իրիդիմի ճամբարում խրախուսել է ստվարաթղթից ու նրբաթիթեղից պատրաստված արևային վառարանների կիրառումը սննդի պատրաստման նպատակով։ Ճամբարում ապաստանել էր 18.000 մարդ, ովքեր ստիպված լքել էին Սուդանի Դարֆուր նահանգը[8][9]։ Ճամբարի շրջանում չկային էներգակիրներ։ ՄԱԿ-ի ծրագրով փախստականներին բաժանվել է մոտ 15.000 արևային վառարան սնունդ պատրաստելու համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևային վառարան» հոդվածին։