Արտաքին քնային զարկերակ
Արտաքին քնային զարկերակը (լատ․ ՝ arteria carotis externa) գլխի և պարանոցի գլխավոր զարկերակն է։ Այն անջատվում է ընդհանուր քնային զարկերակից ներքին քնային զարկերակի հետ միասին։ Այն սնում է դեմքն ու պարանոցը[1]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/Blausen_0170_CarotidArteries.png/220px-Blausen_0170_CarotidArteries.png)
Կառուցվածքը
Արտաքին քնային զարկերակն սկսվում է վահանաճառի վերին եզրի մակարդակին, ծռվում է դեպի առաջ և վեր, շրջվում է հետ, գրկում ստորին ծնոտի վզիկը, որի մակարդակին՝ հարկանանջային թքագեղձի հաստության մեջ, բաժանվում է իր վերջնային ճյուղերի՝ վերին ծնոտային և քունքային մակերեսային զարկերակների։ Սկզբում զարկերակն ունի մակերեսային դիրք․ գտնվում է քնային եռանկյան շրջանում՝ ներքին քնային զարկերակից միջայնորեն։
Զարգացումը
Երեխաների օրգանիզմում արտաքին քնային զարկերակը փոքր է ներքինից, սակայն հասուն մարդկանց մոտ երկու զարկերակներն ունեն հավասար չափեր։
Հարակից օրգանները
Պարանոցի երկայնքով բարձրանալիս՝ արտաքին քնային զարկերակը պառկում է ներքին քնային զարկերակից կողմնայնորեն։
Արտաքին քնային զարկերակը ծածկված է մաշկով, մակերեսային փակեղով, պարանոցի մակերեսային երակով, խորանիստ փակեղով և կրծոսկրաանրակապտկաձև մկանի առաջային եզրով։ Ավելի վեր այն գտնվում է հարականջային թքագեղձի հաստության մեջ, որտեղ ունի ավելի խորանիստ դասավորություն, քան դիմային նյարդը։
Զարկերակից միջայնորեն գտնվում են կորճոսկրը, ըմպանի պատը, վերին կոկորդային նյարդը և հարականջային թքագեղձի մի մասը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d0/External_carotid_artery.png/220px-External_carotid_artery.png)
Զարկերակի սկզբում՝ նրանից հետ, գտնվում է վերին կոկորդային նյարդը, ավելի վեր այն ներքին քնային զարկերակից բաժանվում է մախաթալեզվային, մախաթաըմպանային մկաններով, լեզվաըմպանային նյարդով, թափառող նյարդի ըմպանային ճյուղով, հարականջային թքագեղձի մի մասով։
Ճյուղերը
Բարձրանալով վեր՝ արտաքին քնային զարկերակը տալիս է հետևյալ ճյուղերը․
- քնային եռանկյան մեջ[2]․
- վահանային վերին զարկերակ - անջատվում է առաջային եզրից,
- ըմպանային վերել զարկերակ - անջատվում է միջային կամ խորանիստ եզրից,
- լեզվային զարկերակ - անջատվում է առաջային եզրից,
- դիմային զարկերակ - անջատվում է առաջային եզրից,
- ծոծրակային զարկերակ - անջատվում է հետին եզրից,
- հետին ականջային զարկերակ - անջատվում է հետին եզրից։
Արտաքին քնային զարկերակի վերջնային ճյուղերն են․
- վերին ծնոտային զարկերակ,
- քունքային մակերեսային զարկերակ։
Բերանակցումները
Վահանային վերին զարկերակը բերանակցվում է վահանային ստորին զարկերակի հետ, որը սկիզբ է առնում ենթաանրակային զարկերակի վահանավզային ցողունից։
Դիմային զարկերակի վերջնային ճյուղը բերանակցվում է ներքին քնային զարկերակի ճյուղ ակնային զարկերակի հետ[3]։
Հետին ականջային զարկերակը բերանակցվում է ծոծրակային զարկերակի հետ։
Քունքային մակերեսային զարկերակի ճյուղը բերանակցվում է ակնային զարկերակի ճյուղեր արցունքային և կոպային զարկերակների հետ։
Լրացուցիչ պատկերներ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/41/External_carotid_artery_with_branches.jpg/220px-External_carotid_artery_with_branches.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/38/Mra1.jpg/220px-Mra1.jpg)