Արիստոփանես[8] կամ Արիստոֆան[8] (հին հունարեն՝ Ἀριστοφάνης, մոտ մ. թ. ա. 445[1][2], Աթենք[3] - մ. թ. ա. 385[4][5][6][…], Աթենք[7]), հին հունական կատակերգակ, հայտնի է որպես ժանրի սկզբնավորող, «կատակերգության հայր», դասական շրջանի (մ.թ.ա. 9-4-րդ դդ.) հին հունական գեղարվեստական գրականության վերջին մեծ ներկայացուցիչ։
Կատակերգակի մասին կենսագրական տեղեկությունները սուղ են։ Ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 446 թ. Ատտիկայի Կիդաթենք դեմոսում (տարածքային միավոր), ապրել է ժամանակաշրջանի հասարակական հոգսերով, կայուն հայացքներ է ունեցել։ Լինելով Աթենքի և Սպարտայի միջև երկարամյա Պելոպոնեսյան պատերազմի ականատեսը՝ բազմիցս պախարակել է այն սանձազերծողներին և իր կատակերգություններում հաճախ արծարծել խաղաղության թեման։ Հայացքներով «չափավոր» դեմոկրատիայի կողմնակից էր համակրում էր մանր հողագործներին։ Ցավով էր նկատում աթենացիների վաղեմի հեղինակության աստիճանական վերացումը, ստրկատիրական դեմոկրատիայի քայքայումը, որ ի վերջո հասցրեց Պելոպոնեսյան պատերազմում Աթենքի պարտությանը։ Թշնամանքով էր վերաբերվում ինչպես արիստոկրատիային ու խմբիշխանությանը, այնպես էլ այսպես կոչված «արմատական» դեմոկրատներին, ովքեր պատերազմի կողմակիցներ էին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 64)։