Ավետարանոց

Ավետարանոց (նաև Չանախչի), գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում[3][4][5][6][7][8][9], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի բնակավայր[4], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջալուի շրջանի բնակավայր։

Գյուղ
Ավետարանոց
ադրբ.՝ Çanaqçı
Տեսարան դեպի Ավետարանոց գյուղ, 29․09․2010թ․
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՇրջանԱսկերանի շրջան
ՀամայնքԱվետարանոց
Մակերես2433,58 հա կմ²
ԲԾՄ1119 մետր
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն1039[1][Ն 1] մարդ (2005 թվական)
Ազգային կազմՀայեր
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Ժամային գոտիUTC+4
Ավետարանոց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ավետարանոց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Բնակավայրի անուն

Բնակավայրի հայկական անունը Ավետարանոց է, որն ավանդաբար կապվում է երկրամասում քրիստոնեության տարածման հետ[10]։ Խորհրդային ժամանակներում հայերը գյուղը նաև անվանել են Չանախչի։ Այդ անունով են բնակավայրը կոչում նաև ադրբեջանցիները։ Գյուղը Ադրբեջանի կողմից պաշտոնապես կոչվում է Չանախչի (ադրբ.՝ Çanaqçı), իսկ Արցախի Հանրապետության կողմից տրված պաշտոնական անվանումը Ավետարանոց է։

Աշխարհագրություն

Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության կենտրոնական հատվածում։ Շրջկենտրոն Ասկերան քաղաքից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 23 կմ հեռավորության վրա[3][4]։

Համայնքը լեռնային է, ունի 2433,58 հա տարածք, որոնցից 894,91 հա-ը անտառային է։ Ծովի մակարդակից բարձր է մոտ 1200 մ։ Գտնվում է Քիրս լեռան ստորոտում։ Ավետարանոց համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը[4]։

Պատմություն

Ավետարանոց գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից է, սակայն հուշագրություններում և պատմական հիշատակարաններում առավելապես հայտնի է 17-18-րդ դարերից։ Բնակավայրում եղել են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ[10][11][12][13][14][15]։

17-19-րդ դարեր

17-րդ դարում Արցախը կիսանկախ պետական միավոր էր Սեֆյան Պարսկաստանի կազմում։ 1603 թվականին Պարսկաստանի շահ Աբբաս I Սեֆիի հրովարտակով Վարանդայի նոր մելիքության հիմնադիր է դառնում Վերին Խաչենի (Ծարի) Դոփյան իշխանատոհմի ճյուղերից մեկի՝ Մելիք-Շահնազարյանների ներկայացուցիչ, Սոթքի Մելիք-Շահնազար Ա-ի եղբայր Միրզա-բեկը։ Վերջինին ժառանգության սկզբունքով հաջորդել են Բաղրխանը, Մելիք-Բաղի Ա-ն, Մելիք-Շահնազար Ա-ն, Մելիք-Բաղի Բ-ն և սրա եղբայր Մելիք-Հուսեյն Ա-ն, որոնք աչքի են ընկել հայրենապաշտպան ու մշակութանպաստ գործունեությամբ։ Նրանց վարած քաղաքականության արդյունքում իրենց ենթակայության ներքո գտնվող տարածքներում ամրապնդվել է հայկական մշակութային, քաղաքական ներկայությունն ու ինքնուրույնությունը։ Իշխանատոհմի ներկայացուցիչները որպես նստավայրեր կառուցել են նաև ապարանքներ (մելիքական ապարանքներ)[10][13][16][17]։

1747 թվականին Պարսկաստանի Նադիր Շահի սպանությունից հետո երկրում և ենթակա տարածքներում առաջացած քաղաքական անկայունության պայմաններում Մելիք-Հուսեյն Ա-ի կրտսեր որդի Շահնազարը, սպանելով Նադիրի կողմից մելիք հաստատված և 1736 թվականին հորը հաջորդած եղբորը՝ Մելիք-Հովսեփին, ապօրինաբար տիրանում է Վարանդայի մելիքական աթոռին։ Լինելով ազգությամբ հայ՝ Շահնազար Բ-ն վարել է թուրքամետ քաղաքականություն։ Երկրամասի հայկական կիսանկախ իշխանության համար աննախադեպ այս սպանությունը և Արցախի մելիքների միասնականության խախտելու հանգամանքը Շահնազարի դեմ պատժիչ արշավանքի է դուրս հանում Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի և Դիզակի մելիքներին։ Սակայն Շահնազարը 1750 թվականին պատսպարվում է Ավետարանոց մելիքանիստում և անառիկ բերդավանի վերածում այն։ Այնուհետև դաշնակցում է Արցախի մերձակա դաշտավայրերում հայտնված թափառական ցեղապետ Փանահի հետ, նրան տրամադրում Վարանդայի հնագույն ու անառիկ Քարագլուխ-Շոշի բերդը, որը և վերակառուցվում-լրացվում է 1752-1754 թվականներին[10][11][17][18][19]։ Իր մահից վեց տարի առաջ՝ 1786 թվականին Շահնազարը Ավետարանոցում կառուցել է ապարանք ու նվիրել իր թուրք ապօրինի կնոջից ունեցած որդուն՝ Հուսեյն-բեկին (Սէյին-բեկին)։ Այդ մասին նա թողել է շինարարական արձանագրություն[10]։

1840 թվականից մինչև 1923 թվականը Ավետարանոց բնակավայրը եղել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմում[20]։

1923 թվականին տարածաշրջանը խորհրդայնացվել է և ներառվել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ասկերանի շրջանում։

1991 թվականին Խորհրդային Միության փլուզմամբ և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության հռչակումով Ավետարանոցը դարձել է Արցախի Ասկերանի շրջանի բնակավայր։ Ադրբեջանի Հանրապետությունը չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը և այդ տարածքը համարում է իրենը, այդ թվում՝ Ավետարանոցը (Չանախչին) որպես Ադրբեջանի Խոջալուի շրջանի բնակավայր։

Հայ-ադրբեջանական հակամարտություն

Արցախյան պատերազմ, 1991-1994

1988 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվացումից հետո՝ 1990 թվականին Ավետարանոցում կազմավորվել է Հ․Ստեփանյանի հրամանատարությամբ գործող կամավորական ջոկատ, որի հիմքի վրա 1991 թվականի վերջին ստեղծվել է վաշտ։ 1992 թվականից Ավետարանոցի ջոկատն առանձին, իսկ վաշտը Ա. Ղարամյանի հրամանատարությամբ Ասկերանի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել են Հասանաբադի, Լեսնոյի, Քարինտակի, Մալիբեկլուի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ավետարանոցից հրամանատարներ են եղել Հ. Ստեփանյանը, Ա. Ղարամյանը։ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Հ. Ստեփանյանը, Ա. Համբարձումյանը, հետմահու՝ Ա. Հայրապետյանը, Մ. Հովսեփյանը, Կ. Գադյանը։ Արցախյան ազատամարտի ընթացքում գյուղից զոհվել է 12 ազատամարտիկ[3]։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9][21]։

Պատմամշակութային հուշարձաններ

Ավետարանոց գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնցից 53-ը համարակալված և հաշվառված են պետության կողմից[4]։ Կան նաև բազմաթիվ այլ պատմական հուշարձաններ, որոնք ներառված չեն պետության կողմից կազմված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմից հետո, երբ Ավետարանոց գյուղը անցավ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, պատմամշակութային հուշարձանների վիճակի մասին տեղեկություններ չկան։

Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է գյուղի մեջ գտնվող և 13-ից 19-րդ դարերով թվագրվող «Չանախչի» ամրոցը, 17-րդ դարով թվագրվող դիտակետը, 1616 թվականին կառուցված «Կուսանաց անապատ» վանքի եկեղեցին, գավիթը, 10-ից 16-րդ և 20-րդ դարերով թվագրվող 11 խաչքարերը, 17-րդ դարով թվագրվող խաչքար տապանաքարը և 1579 թվականով թվագրվող տապանաքարը, 1651 թվականին գյուղի մեջ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, 1511, 1616 թվականներով և 17-րդ դարով թվագրվող և «Եղցուն խաչ» անունը կրող երեք խաչքար, 1511 թվականով, 16-րդ, 17-րդ և 19-րդ դարերով թվագրվող տապանաքարեր, գյուղից 5 կմ արևմուտք գտնվող և 16-ից 17-րդ դարերով թվագրվող «Բլեն խութ» գյուղատեղին, գյուղի մեջ գտնվող և 17-րդ դարով թվագրվող գլխատուն, գյուղից 1․7 կմ հարավ գտնվող «Սանա եխցե» անունը կրող եկեղեցին, գյուղից 1.8 կմ հարավ գտնվող ու 16-րդ դարով թվագրվող, գյուղից 2 կմ հարավ գտնվող ու 17-րդ դարով թվագրվող «Փափադերին» անունը կրող խաչքարերը, գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվող ու 10-րդ դարով թվագրվող «Ըրտաշին տափ» խաչքարը, գյուղի մեջ գտնվող գերեզմանոցն ու 13-ից 19-րդ դարերով թվագրվող 6 տապանաքարերը, գյուղից 3.5 կմ հյուսիս-արևմուտք գտնվող ու 13-րդ դարով թվագրվող գերեզմանոցը, գյուղից 4.5 կմ հարավ-արևմուտք գտնվող և մ․թ․ա․ 1-ին հազարամյակով թվագրվող 6 դամբարանաբլուրները, գյուղից 1.7 կմ հարավ գտնվող և 16-րդ դարով թվագրվող տապանաքարը, գյուղի մոտ գտնվող և 1751 թվականով թվագրվող տապանաքարը, գյուղի մեջ գտնվող և 16-ից 17-րդ դարերով թվագրվող 3 տապանաքարերը, գյուղից 3 կմ հյուսիս գտնվող խաչքարը, Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, որը գտնվում է գյուղի մեջ[4]։

Բացի պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկվածներից` Ավետարանոցում կային նաև պատմության այլ կարևոր վկայություններ։ Գյուղի տարածքում եղել են 3 մելիքական ապարանք, որոնցից ամենահինը կառուցվել է 17-րդ դարում Կուսանաց անապատ վանքի մոտ և կիսավեր վիճակում պահպանվել է մինչև 20-րդ դարի սկզբները[10][11]։ Երկրորդ ապարանքը կառուցվել է 18-րդ դարում գյուղի արևմտյան կողմում՝ բերդապարսպի լեռնային մասում։ Այն նույնպես չի պահպանվել մինչև մեր օրերը[10][11][22]։ Երրորդ ապարանքը կառուցվել է 1786 թվականին արևելահայաց բլրալանջի ընդարձակ դարավանդահարթակի վրա՝ խորքի պատով հպված լանջին։ Այն Ավետարանոցի միակ մելիքական ապարանքն է, որը կիսավեր վիճակում պահպանվել է մինչև մեր օրեր[10][11]։

Ավետարանոց գյուղի տարածքում հայտնի է 4 պատմական կամուրջ[23] Առաջին կամուրջը կառուցվել է 17-րդ դարում և գտնվել է Կուսանաց անապատ վանքի ստորոտով հոսող վտակի վրա։ Կամրջից պահպանվել են անմշակ քարով և կրաշաղախով կառուցված աջափնյա խելի մնացորդները[23]։ Երկրորդ կամուրջը նույնպես կառուցվել է 17-րդ դարում գյուղի հյուսիսարևելյան կողմում։ Այն անմշակ քարով, կրաշաղախով կառուցված միաթռիչք կամուրջ է, որի երկարությունը 6,21 մ է, անցուղու լայնությունը՝ 2,80 մ[23]։ Երրորդ կամուրջը կառուցվել է 17-18-րդ դարերում գյուղից 200 մ հարավ-արևմուտք` Հղցկոտ գետի վրա, և գետի անունով կոչվել է Հղցկոտի կամուրջ։ Շինանյութը եղել է անմշակ գետաքար և կրաշաղախ, իսկ թաղակիր կամարի անկյունաքարերը՝ սրբատաշ։ Կամրջի թռիչքի երկարությունը 5,50 մ է, անցուղու լայնությունը՝ 4,35 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 4,25 մ[23]։ Չորրորդ կամուրջը կառուցվել է 1663 թվականին գյուղի հարավարևելյան եզրին` Ջաղացներ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում և հայտնի է Մահտեսի Արանի կամուրջ։ Կամրջի թռիչքի երկարությունը 6 մ է, անցուղու լայնությունը՝ 3,10 մ, բարձրությունը ջրի մակարդակից՝ 4,35 մ[23]։

Բնակչություն

Ավետարանոց գյուղում գործված հայկական գորգեր, 19-րդ դարի վերջ
Հայկական գորգ Մեղու (19-րդ դարի վերջ, Ավետարանոց, Ասկերանի շրջան)
Հայկական գորգ Թռչնաբուն (19-րդ դարի վերջ, Ավետարանոց, Ասկերանի շրջան)
1. Հայկական գորգ «Մեղու»,
2. Հայկական գորգ «Թռչնաբուն»։

1908 թվականին Ռուսական կայսրությունում անցկացված մարդահամարի տվյալներով Ավետարանոցն ունեցել է 1807 բնակիչ, բոլորը հայեր[20]։

Ավետարանոց համայնքի բնակչության թվաքանակը 2015 թվականի դրությամբ 1121 մարդ էր (245 տնտեսություն)[4]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[24].

Տարի200820092010
Բնակիչ105210831116

Համայնքային կյանք

Ավետարանոցում գործում էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ։ Առկա էր մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Գյուղում գործում էր նաև «Ասկերանի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Ավետարանոցի մասնաճյուղը։ Համայնքային ճանապարհները գրունտային և խճապատ էին։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Ավետարանոցն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ[3][4]։

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 1407,71 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[4]։

Կրթություն

Ավետարանոց գյուղում գործում էր[Ն 3] Ի․ Աթայանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 165 աշակերտ, և մանկապարտեզ, որտեղ հաճախում էր 30 երեխա[4]։

Տես նաև

Նշումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետարանոց» հոդվածին։