Աշխարհագրական անվանումների փոփոխությունը Թուրքիայում

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Աշխարհագրական անվանումների փոփոխությունը Թուրքիայում տեղի է ունեցել պարբերաբար 1913 թվականից մինչև այժմ Թուրքական կառավարության կողմից։ Թուրքացման քաղաքականության արդյունքում հազարավոր անվանումները Թուրքիայի Հանրապետությունում կամ Օսմանյան կայսրությունում կորցրել են իրենց տարածված կամ պատմական տարբերակները՝ տեղի զիջելով թուրքերեն անվանումներին։ Կառավարությունը պնդում է, որ այսպիսի անվանումները օտար են և պառակտում են թուրքական միասնությունը։ Հիմնականում փոխվել են հայերեն, հունարեն, լազերեն, վրացերեն, բուլղարերեն, քրդերեն, ասորերեն և արաբերեն ծագմամբ անվանումները։

Եվրոպական միությանը միանալու Թուրքիայի ջանքերը նվազեցրել են այս փոփոխությունների քանակը։ Որոշ դեպքերում օրենսդրությունը վերականգնել է գյուղերի նախկին անվանումը (հիմնականում քրդաբնակ գյուղերում)։ Նախկինում փոխված տեղանունները հաճախ կրել են տեղական բարբառների կամ լեզուների ազդեցությունը։

Քաղաքականությունը սկսվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին և շարունակվել է Թուրքիայի Հանրապետությունում։ Քեմալական կառավարության ներքո ստեղծվել են հատուկ կառավարական հանձնաժողովներ՝ անվանումների փոփոխության համար։ Մոտավորապես 28,000 տեղագրական անվանումներ փոխվել են, որը ներառում է՝ 12,211՝ գյուղ և քաղաք, 4,000՝ լեռ, գետ և այլ տեղագրական անվանում։ Փոփոխությունների մեծ մասը կատարվել է արևելյան մարզերում, որտեղ ազգային փոքրամասնությունները բնակչության մեծամասնություն են կազմում։ Քաղաքականությունը երբեմն ներառում էր օտար անվան օգտագործման արգելում, երբ այդ անվանումը համարվում էր պառակտիչ և անհամապատասխան։

Պատմություն

Օսմանյան կայսրություն

Էնվեր փաշա, ով 1916 թվականին հրաման արձակեց, որ բոլոր ոչ մուսուլմանական ծագման անվանումները պետք է փոխել

Միություն և առաջադիմություն կուսակցությունը 1913 թվականին պետական հեղաշրջման արդյունքում եկավ իշխանության[1]։ Առաջին համաշխարհային պատերազմի թեժ պահին և Օսմանյան կայսրության վերջին տարիներին, երբ ընթանում էր ոչ մուսուլման հույների, հայերի և ասորիների էթնիկ զտում, Էնվեր փաշան 1916 թվականի հոկտեմբերի 6-ին հրաման (ferman) արձակեց, հայտարարելով[2][3][4][5][6]՝

Որոշվել է, որ վիլայեթները, գավառները, քաղաքները, գյուղերը, լեռները և գետերը, որոնք ունեն ոչ մուսուլման ազգերի լեզուներով ծագում, ինչպես օրինակ՝ հայերը, հույները կամ բուլղարացիները, կանվանափոխվեն թուրքերեն անվամբ։ Որպիսի օգտվենք այս հարմար պահից, այս նպատակը պետք է իրականացնենք ժամանակին։

Թուրքիայի Հանրապետության պետական արխիվների գլխավոր վարչություն, İstanbul Vilayet Mektupçuluğu, no. 000955, 23 Kânunuevvel 1331 (հոկտեմբերի 6, 1916) Էնվեր փաշայի հրամանագիր

Էնվեր փաշան չփոխեց մուսուլման փոքրամասնություններին (օրինակ՝ արաբներ և քրդեր) պատկանող աշխարհագրական անվանումները՝ որպես խալիֆայություն օսմանյան կառավարության օրենքի պատճառով[7]։ Այս հրամանագրին աջակցել են բազմաթիվ թուրք մտավորականներ։ Նրանցից մեկն էր Հուսեյն Ավնի Ալփարսլանը (1877–1921)՝ թուրք զինվորական և թուրքական մշակույթի, թուրքերենի մասին գրքերի հեղինակ, ով ոգեշնչված Էնվեր փաշայի ջանքերից՝ իր Trabzon İli Lâz mı? Türk mü? գրքում (Տրապիզոնը թուրքական է թե՞ լազական) գրում է[8]՝

Եթե մենք ուզում ենք մեր երկրի տերը լինել, որեմն մենք պետք է նույնիսկ ամենափոքր գյուղի անվանումը փոխենք թուրքերեն և չթողնենք դրա հայերեն, հունարեն, արաբերեն տարբերակները։ Միայն այս ճանապարհով մենք կարող ենք մեր երկիրը իր գույներով ներկել։

Հայտնի չէ, թե որոշման արդյունքում քանի աշխարհագրական անվանում է փոխվել։ Սրա հետևում կանգնած ամբողջական նպատակը ձախողվեց՝ Օսմանյան կառավարության կործանման և եվրոպական ու օսմանյան դատարանների առջև՝ ազգային փոքրամասնությունների տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպած դրա ղեկավար գործիչների դատավարության պատճառով[5][9]։

Թուրքիայի Հանրապետությունում մշակութային ռեպրեսիաները համեմատաբար նվազել են, սակայն ոչ թյուրքական ծագմամբ անվանուները պաշտոնապես փոխվեն են[4][7]։

Թուրքիայի Հանրապետություն

Թուրքական ազգայանականությունն ու աշխարհականությունը Թուրքիայի Հանրապետության վեց հիմնարար սկզբունքներից են[10]։ Հանրապետության առաջին տասնամյակների առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ձգտում էր Օսմանյան կայսրության մնացորձնրից ստեղծել ազգային երկիր (թուրքերեն՝ Ulus)։ Հանրապետության առաջին երեք տասնամյակներում աշխարհագրական անվանումների թուրքացումը կրել է պարբերական բնույթ[5][7][11][12][13][14][15]։ Պատմական շրջաններին, ինչպես օրինակ՝ Հայաստան, Քուրդիստան կամ Լեզիստան (Ռիզե նահանգի պաշտոնական անվանումը մինչև 1921 թվականը), հղում ունեցող ներմուծված քարտեզներն արգելվել են (օրինակ՝ Լայպցիգում հրատարակված Der Grosse Weltatlas քարտեզը)[16]։

Լրագրող և գրող Այշե Հուրը նշել է, որ Աթաթուրքի մահից հետո և Թուրքիայի Հանրապետության ժողովրդավարական շրջանում՝ 1940-1950-ականներում, «Տգեղ, նվաստացուցիչ և վիրավորական անվանումները ենթարկվել են փոփոխության՝ նույնիսկ թուրքականները։ Կարմիր (kizil), զանգ (çan), եկեղեցի (kilise) նշանակությամբ բաղադրիչներով բոլոր գյուղերի անվանումները փոխվել են։ «Անջատողական գաղափարների» վերջը տալու համար արաբական, պարսկական, հայկական, քրդական, վրացական, թաթարական, չերքեզական և լազական գյուղերի անվանումները նույնպես փոխվել են»[17]։

Անվանափոխման համար հատուկ հանձնաժողովը (թուրքերեն՝ Ad Degistirme Ihtisas Komisyonu) ստեղծվել է ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո։ Այն պաշտոնական անվանումների փոփոխության համար համախմբել է պրոֆեսորների, լեզվաբանների, քաղաքական գործիչների, գեներալների և ակադեմիկոսների[11][18][19][20]։ Նախագիծը հաջողվեց. մոտավորապես 28,000 տեղագրական անվանումներ անվանափոխվեցին, ներառյալ 12,211 գյուղ և քաղաք, 4,000 լեռ, գետ և այլ տեղագրական անվանումներ[21][22][23][24][25]։ Ցուցանիշը ներառում է նաև փողոցների, հուշարձանների, թաղամասերի և այլ անվանումներ[12][21][26]։ 1927 թվականի դրությամբ թուրքական ծագում չունեցող Ստամբուլի բոլոր փողոցների և հրապարակների անվանումները փոխվել են[26][27]։ Արշավը շարունակվեց մինչև 1978 թվական և վերասկսվեց 1981-1983 թվականներին՝ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո[18]։ Քուրդ ապստամբների և թուրքական կառավարության լարվածության ընթացքում աշխարհագրական անվանումների փոփոխությունը 1980-ականներին կենտրոնացած էր քրդական գյուղերի, քաղաքների, գետերի և այլ աշխարհագրական անվանումների վրա[11][28]։ Քաղաքականության արդյունքում ոչ թուրքական ծագում ունեցող աշխարհագրական կամ տեղագրական անվանում չմնաց[14]։ Որոշ նոր անվանումներ նման են նախկինին, բայց ստացել են թուրքերեն լրացուցիչ իմաստ։

Ներկա վիճակ

Չնայած նրան, որ աշխարհագրական անվանումները Թուրքիայում փոխվել են, նրանց բնագիր տարբերակները շարունակում են օգտագործվել տեղական բարբառներում[29]։ Երբեմն թուրք քաղաքական գործիչներն իրենց ելույթների ժամանակ օգտագործում են քաղաքների նաև բնագիր անվանումները։ 2009 թվականին, Գուրոյմակում հավաքված ժողովրդին դիմելիս, նախագահ Աբդուլա Գյուլը օգտագործեց նախկին Նորշեն անվանումը[30]։ Նույն թվականին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր ընտանիքի ծագման մասին խոսելիս, Գունեյսուի փոխարեն օգտագործեց հունական Պոտամյա անվանումը[30]։

Թուրքիան երկրի փոքրամասնության բողոքներին պատասխանելու և Եվրոպական միությանը միանալու համար սկսել է վերականգնել քրդական գյուղերի նախկին անվանումնեը[31]։ 2012 թվականի սեպտեմբերին գյուղերի (հիմնականում քրդական) անվանումները իրենց նախկին տարբերակին փոխելու մասին օրինագիծ է ներկայացվել[32]։ Ըստ օրինագծի՝ Թունջելին պետք է անվանափոխվի Դերսիմ, Գուրոյմակը՝ Նորշեն, Այդինլարը՝ Թիլո[32]։

Համեմատական վերլուծություն

Աշխարհագրական անվանումների փոփոխությունների մեծ մասը տեղի է ունեցել երկրի արևելյան նահանգներում և Սև ծովի արևելյան ափին, որտեղ հիմնականում ապրում են ազգային փոքրամասնությունները։ Ստուգաբան Սևան Նիշանյանն իր անկախ հետազոտություններում հաշվել է, որ աշխարհագրական անվանումերի փոփոխության արդյունքում փոխվել է՝ 4200 հունական, 4000 քրդական, 3600 հայկական, 760 արաբական, 400 ասորական, 300 վրացական, 200 լեզական և 50 այլ անվանում[4][12][13][14][15]։ Անվանափոխման համար հատուկ հանձնաժողովի (թուրք.՝ Ad Degistirme Ihtisas Komisyonu) պաշտոնական վիճակագրությամբ ընդհանուր առմամբ անվանաբոխվել է 12211 աշխարհագրական անվանում[21][23]։

1916 թվականից սկսած Թուրքիայում աշխարհագրական անվանումների փոփոխությունը

Նշանակալի փոփոխություններ

Ասորերեն

Ասորերեն աշխարհագրական անվանումների փոփոխությունների մեծ մասը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ՝ Թուր Աբդին շրջանում։ Թուր Աբդինը (ասորերեն՝ ܛܘܼܪ ܥܒ݂ܕܝܼܢ) լեռնոտ շրջան է, որն իր մեջ է ներառում Շըրնաքի նահանգն ու Մարդինի նահանգի արևելյան կեսը՝ Տիգրիս գետի արևմուտքում՝ Սիրիայի սահմանին։ «Թուր Աբդին» անվանումը ծագում է ասորերենից և նշանակում է «ծառաների (Աստծո) լեռ»։ Թուր Աբդինը ասորական ուղղափառ եկեղեցու համար եղել է վանական և մշակութային կենտրոն։ Թուր Աբդինի ասորիներն[33][34] իրենց անվանում են «Սուրոյե» և «Սուրյոյե», ավանդաբար խոսում են արևելյան արամերենի Տուրոյո բառբարով[35]։

Ասորիների ցեղասպանությունից հետ տեղի ասորիները կամ տեղահանվեցին, կամ կոտորվեցին։ Ներկա դրությամբ շրջանում ապրում են 5, 000 ասորի[36]։

Ըստ Նիշանյանի Թուրքիայում անվանափոխվել է 400 ասորերեն աշխարհագրական անվանում[4]։

Թուր Աբդին շրջանի գյուղերի ասորերեն անվանումները

Հայերեն

Հայերեն անվանումները առաջին անգամ փոխվել են Աբդուլ Համիդ II-ի ժամանակաշրջանում։ 1880 թվականին «Հայաստան» բառի օգտագործումը մամուլում, դասագրքերևում, կառավարական հիմնարկներում արգելվել է՝ փոխարենը պետք է օգտագործվեր Քուրդիստան կամ Անատոլիա անվանումները[37][38][39][40][41]։ Հայերեն անվանումների փոփոխությունը շարունակվել է մինչև 21-րդ դար։ Սա ներառում էր նաև ազգանունների և կենդանիների անունների թուրքացում[42], հայկական պատմական գործիչների անունների փոփոխություն[43][44] և հայկական պատմական իրադարձությունների փոփոխություն և խեղաթյուրում[45]։

Հայերեն աշխարհագրական անվանումների մեծ մասը գտնվում է Օսմանյան կայսրության արևելյան նահանգներում։ Այն բնակավայրերը, որոնց անվանումներում կան -կերտ (օրինակ՝ Մանազկերտ, Նորակերտ, Տիգրանակերտ, Նոյակերտ), -շեն (օրինակ՝ Արծվաշեն, Պեմզաշեն, Նորաշեն) և -վան (օրինակ՝ Չարենցավան, Նախիջեվան, Դատվան) համարվում են հայերեն անվանում[7]։ Օսմանյան պատմության ընթացքում թուրքական և քրդական ցեղերը բնակեցրել են հայկական գյուղերը և փոխել են տեղական անվանումները։ Հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո, երբ արևելյան Թուրքիայի մեծ մասի հայ բնակչությունը դատարկվեց[7]։

Ըստ Սևան Նիշանյանի 3, 600 հայերեն աշխարհագրական անվանում փոխվել է[4]։

Հայերեն աշխարհագրական անվանումների փոփոխությունը Թուրքիայում

Հունարեն

Հունարեն անվանումների մեծ մասը ծագել են Բյուզանդական կայսրության և Տրապիզոնի կայսրության ժամանակաշրջանում։

Օսմանյան կայսրության հիմնադրումից հետո շատ փոխված թուրքերեն անվանումներ շարունակում էին հիշեցնել իրենց հունական ծագումը։ Օրինակ՝ ներկայիս «İzmir» անվանումը առաջացել է նախկին հունարեն Σμύρνη «Սմիրնա» անվանումից՝ «εις Σμύρνην» արտահայտության առաջին երկու վանկերի միջոցով, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «դեպի Սմիրնա»։ Այսպես կարելի է ստուգաբանել նաև թուրքական այն քաղաքների անվանումները, որոնք հունական ծագում ունեն. օրինակ՝ Իզնիկ, Իստամբուլ, նույնիսկ հունական Կոս կղզին, որը թուրքերենում կոչվում է «İstanköy»[46]:

Ըստ Նիշանյանի 4,200 հունարեն աշխարհագրական անվանում փոխվել է, որն էթինկ փոքրամասնությունների մեջ ամենամեծն է[4]։

Հունարեն աշխարհագրական անվանումների փոփոխությունը Թուրքիայում

Քրդերեն

Քրդերեն աշխարհագրական անվանումները Օսմանյան կայսրությունում ասատ էին՝ քրդերի իսլամական կրոնական կողմնորոշման պատճառով։ Հանրապետության շրջանում և հատկապես Դեսիմի ջարդերից հետո, Քուրդիստան և քրդեր բառերը արգելվեցին։ Թուրքական կառավարությունը քողարկել է երկրում քուրդ բնակչության վիճակագրությունը՝ ներկայացնելով նրանց որպես լեռնային թուրքեր[47][48]։ 1980 թվականից օգտագործվել է արևելյան թուրք եզրը[49]։

Ըստ Նիշանյանի՝ փոխվել է 4,000 քրդերեն աշխարհագրական անվանում, որը նաև ներառում է զազայերեն անվանումների փոփոխությունը[4]։

Քրդերեն աշխարհագրական անվանումների փոփոխությունը Թուրքիայում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ