Անօսմիա

հոտառության կորուստ

Անօսիմիա, նաև հայտնի որպես հոտառական կուրություն, մեկ կամ մի քանի հոտերի զգայության կորուստ[1][2]։ Անօսմիան կարող է լինել ժամանակավոր կամ մշտական[3]։ Անօսմիան անհրաժեշտ է տարբերակել հիպօսմիայից, որի դեպքում հոտառության զգայությունը պակասած է[2]։

Անօսմիա
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն և ականջաքթակոկորդաբանություն
ՀՄԴ-9781.1
ՀՄԴ-10R43.0
 Anosmia Վիքիպահեստում

Անօսմիան կարող է արտահայտվել մի շարք գործոնների ազդեցության հետևանքով, որոնցից են քթի լորձաթաղանթի բորբոքումը, քթանցքերի փակվածությունը, քունքային բլթի հյուսվածքի դեստրուկցիան[4]։ Հարքթային ծոցերի բորբոքումից բխող անօսմիան պայմանավորված է այդ ծոցերը ծածկող լորձաթաղանթի և միջին ու վերին խեցիների քրոնիկ վնասումով[5][6]։

Եթե անօսմիան բորբոքման հետևանք է, այն բուժվում է բորբոքման վերացմամբ[7][8]։ Այն կարող է առաջանալ քրոնիկ մենինգիտի և նեյրոսիֆիլիսի արդյունքում, որոնց ժամանակ բարձրանում է ներգանգային ճնշումը։ Անօսիմա դիտվում է առաջնային թարթչային դիսֆունկցիայի, ցիլիոպաթիայի հետևանքով[9][10][11]։

Որոշ մարդկանց մոտ անօսմիան կարող է լինել մեկ հոտի նկատմամբ, որ անվանում են սպեցիֆիկ անօսմիա։ Ծնված օրվանից դիտվող անօսմիան անվանում են կոնգենիտալ անօսմիա[12]։

Անօսմիան COVID-19-ի դեպքում ամենահաճախ դիտվող ախտանիշն է[13]։

Ախտանշաններ

Անօսմիան կարող է ունենալ մի շարք վնասակար հետևանքներ[14]։ Հանկարծակի սկսվող անօսմիայով մարդիկ կարող են ուտելիքն ավելի քիչ ախորժելի համարել, թեև բնածին անօսմիկները հազվադեպ են բողոքում դրա մասին։ Հոտառության կորուստը կարող է նաև վտանգավոր լինել, քանի որ հոտառությունը շրջապատում կողմնորոշվելու կարևոր գործոններից է։

Շատերը գանգատվում են հոտառության միակողմանի կորստից, որը հաճախ գլխի փոքր վնասվածքների դեպքում է լինում։ Այս տեսակի անօսմիան նորմայում հայտնաբերվում է այն ժամանակ, երբ երկու քթանցքերը ստուգվում են առանձին-առանձին։ Հակառակ դեպքում միակողմանի խանգարումը կարող է չհայտնաբերվել[15]։

Հոտառական հիշողության կորուստը (թարմ կտրած խոտի, տատիկի տան ձեղնահարկի, կոնկրետ գրքի, սիրելի մարդու հոտերը) կարող է հանգեցնել դեպրեսիայի[16]։

Հոտառության կորուստը կարող է հանգեցնել լիբիդոյի կորստի, սակայն բնածին անօսմիայով հիվանդների դեպքում այս ախտանիշը չի դիտվում[16][17]։

Պատճառներ

Հոտառության ժամանակավոր կորուստ դիտվում է քթի փակվածության կամ բորբոքային հիվանդությունների ժամանակ։ Հոտառության կայուն կորուստը կարող է պայմանավորված լինել հոտառական զգայության բջիջների մահվան, գլխուղեղի վնասման ժամանակ, որի դեպքում վնասվում է նաև հոտառական նյարդը կամ հոտառության ընկալման կենտրոնները (տես՝ հոտառական համակարգ)։ Ծնված օրվանից դիտվող հոտառությակ կորուստը, որը հաճախ պայմանավորված է լինում գենետիկ գործոններով, սահմանվում է որպես կոնգենիտալ անօսմիա։ Կոնգենիտալ անօսմիայով հիվանդների ընտանիքի անդամները նույնպես կարող են նշել նման գանգատ, ինչը ստիպում է ենթադրել, որ անօսմիան ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ տիպով[18]։ Անօսմիան կարող է որոշ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, մասնավորապես՝ Պարկինսոնի հիվանդության և Ալցհեյմերի հիվանդության նախանշան լինել։

Հոտառության մնայուն կորստի մեկ այլ պատճառ կարող են հադիսանալ որոշ տեսակի քթային ցողաշիթերը․ դրանց շարքին են պատկանում քթի արյան միկրոշրջանառությունը խաթարող անոթասեղմիչ պրեպարատները։ Այս խնդրից խուսափելու նպատակով կարևոր է սահմանափակել տվյալ պրեպարատների օգտագործումը․ օգտագործել ըստ խիստ ցուցման և կարճ ժամանակով։ Անոթասեղմիչներ չպարունակող ցողաշիթերը, որոնք օգտագործվում են ալերգիկ ռինիտների բուժման մեջ, երկարատև օգտագործման համար անվնաս են[19]։

Անօսմիա կարող է դիտվել նաև քթի և դրա հարակից խոռոչների պոլիպների առկայության դեպքում։ Այս պոլիպները հայտնաբերվում են ալերգիայով, սինուսիտների և ընտանեկան պատմությամբ հիվանդների մոտ։ Պոլիպներ դիտվում են նաև ցիստիկ ֆիբրոզով հիվանդների մոտ։

Ամիոդարոնը սրտային առիթմիաների ժամանակ կիրառվող դեղորայք է։ Կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ պացիենտների մոտ այս դեղորայքի կիրառումը հանգեցրել է անօսմիայի։ 66 տարեկան պացիենտի մոտ, ով օգտագործել է ամիոդարոնը որպես փորոքային տախիկարդիայի բուժման եղանակ, դիտվել են անօսմիայի երևույթներ, սակայն, դեղաչափը պակասեցնելուց հետո այս նվազել է։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ անօսմիայի արտահայտումն ուղիղ համեմատական կապի մեջ է դեղաչափից[20]։

COVID-19-ով հարուցված անօսմիա

Քիմիոսենսոր խանգարումները, որոնցից են հոտառության և համի զգայության կորուստը, COVID-19-ի գերակշռող նյարդաբանական ախտանիշներից են[21][22]։ COVID-19-ով պացիենտների մոտ 80%-ի մոտ դիտվում է քեմեսթեզիսի, մասնավորապես՝ հոտառության, խանգարում։ COVID-19-ի դեպքում հոտառության կորուստը, համեմատած մյուս ախտանիշների (ջերմություն, թուլություն, հազ), ավելի կանխատեսելի է[23]։ Համաճարակի սկզբում «հոտառություն», «հոտառության կորուստ», «անօսմիա» տերմինների որոնելիությունը Google-ում զգալի ավելացել է, տատանվելով՝ կախված վարակելիության և մահացության տեմպերից[24]։ Այս ախտանիշի առաջացման մեխանիզմների պարզաբանման ուղղությամբ դեռ աշխատանքներ են տարվում[25][26]։

Շատ երկրներում անօսմիան պաշտոնապես համարվում է COVID-19-ի ախտանիշ, որոշներում հոտառության ստուգումը համարվում է սքրինինգային հետազոտություն[27][28]։

Պատճառների ցանկ

* Վերին շնչուղիների ինֆեկցիաներ Upper respiratory tract infection (օրինակ՝ սինուսիտ, մրսածություն)[29]

Ախտորոշում

Անհրաժեշտ է մանրամասնորեն անամնեզ հավաքել․ հարցման արդյունքում պարզվում է՝ ստացել է արդյոք հիվանդը տրավմաներ, որոնք կարող են ընդգրկել նաև վերին շնչուղիները։ Համընկալման հոգեֆիզիկական դիտարկումը նույնպես կարևոր է։ Գանգուղեղային նյարդերի վնասումը հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է կատարել նյարդային համակարգի մանրամասն հետազոտություն[50]։ Ախտորոշման և վնասման աստիճանի որոշման համար կլինիկաների մեծամասնությունում առկա են հատուկ հոտառական հավաքածուներ[51]։ Գլխի տրավմաներից հետո պացիենտների մեծ մասը նշում է հոտառության միակողմանի կորուստ։ Հոտառությունն անհրաժեշտ է ստուգել ամեն քթացքում առանձին[15]։

Կոնգենիտալ անօսմիայի շատ դեպքեր մնում են չբացահայտված։ Քանի որ այս խանգարումը ի հայտ է գալիս ծնված ժամանակից, պացիենտները կարող են պարզապես չհասկանալ իրենց մոտ առկա հոտառության պակասը[52]։ Դա կարող է հանգեցնել նաև ախորժակի կորստի[53]։

Բուժում

Գլխուղեղի վնասմամբ հարուցված անօսմիան հնարավոր չէ բուժել, իսկ լորձաթաղանթի բորբոքմամբ պայմանավորված անօսմիան կարելի է վերացնել գլյուկոկորտիկոիդներով։ Դրանց դոզավորումը կատարվում է՝ կախված լորձաթաղանթի հաստությունից, այտուցի արտահայտվածությունից և քթի խոռոչի պոլիպների առկայությունից[7]։ Այնուամենայնիվ, այս խմբի դեղորայքներով բուժումը չի կարելի կատարել երկարատև, այն կրկնում են որոշակի ընդմիջումներից հետո[7]։ Անհրաժեշտություն է լինում նաև պակասեցնել քթի խոռոչի հոտառական մասի վրա ճնշումը՝ ավելացնելով այդ մասի օդափոխությունը և դրենաժը[54]։

Քթի պոլիպով պայմանավորված անօսմիան բուժվում է ստերոիդային թերապիայով, կամ էլ՝ պոլիպի վիրաբուժական եղանակով հեռացմամբ[55]։

Ըստ վերջերս կատարված էքսպերիմենտի, որի ճամանակ անօսմիայով կամ ագուզիայով տառապող հիվանդներին տվել են 1000 մգ քրքում, դիտվել է զգալի լավացում, հատկապես՝ COVID-19-ով պայմանավորված ախտաբանությունների դեպքում։ Այնուամենայնիվ, այս հետազոտությունները դեռ շարունակվում են[56]։

Մեկ այլ հետազոտությամբ հաջողվել է գենային թերապիայի միջոցով մկների մոտ լավացնել ցիլիոպաթիայով պայմանավորված կոնգենիտալ անօսմիան[57][58]։

Անօսմիայով գանգատվող հայտնի մարդիկ

Գեղարվեստական կերպարներ

  • Դյուի Քոքսը՝ Walk Hard:The Dewey Cox Story-ից (2007)

Տես նաև

Ծանոթագրություններ

Լրացուցիչ գրականություն

Դասակարգում