Անտագոնիստ (հին հունարեն՝ ἀνταγωνιστής՝ «հակառակորդ», «մրցակից»), գեղարվեստական գրականությունում կերպար, որը խոչընդոտում է գլխավոր հերոսին (պրոտագոնիստ) հասնել իր նպատակներին։ Անտագոնիստ-պրոտագոնիստ հակամարտությունը ստեղծագործության հիմնական կոնֆլիկտի հնարավոր շարժիչ ուժերից մեկն է։ Անտագոնիստի գործողությունները ոչ միայն խոչընդոտներ են ստեղծում, որոնք պետք է հաղթահարի պրոտագոնիստը, այլև կարող է պրոտագոնիստի խարակտերի զարգացման պատճառ հանդիսանալ[1]։ Հնարավոր է նաև սյուժե՝ առանց անտագոնիստի[2]։
Որպես անտագոնիստ կարող է հանդես գալ ոչ միայն մեկ կերպար, այլև մի խումբ կերպարներ (ընտանիք, կազմակերպություն և այլն) կամ չանձնավորված ուժ՝ բնական կատակլիզմ, հասարակական կարգ։ Հնարավոր է անտագոնիստի ավելի լայն սահմանում, որն ներառում է ոչ միայն պրոտագոնիստի հանդեպ արտաքին ուժեր, այլև ընդհանուր բարոյական սկզբունքներ կամ խարակտերի իր սեփական գծերը[3]։ Հնարավոր է նաև հասկացության ավելի նեղ մեկնաբանում, երբ հերոսին որպես անտագոնիստ հակադրվող կերպարների խումբ համարվում է միայն մեկ՝ ստեղծագործության «ամենագլխավոր» չարագործը։
Դասական գրականության մեջ՝ նախևառաջ հին հունական ողբերգության մեջ, սովորաբար գլխավոր հերոսը (պրոտագոնիստ) հանդես է գալիս որպես դրական կերպար, բարու կրող, իսկ անտագոնիստը բացասական կերպար է, չարագործ։ Սակայն անտագոնիստի «բացասական լինելը» հնարավոր է ուղղել․ օրինակ՝ «Ռոմեո և Ջուլիետա» ստեղծագործությունում որպես հերոսների անտագոնիստներ հանդես եկող ընտանիքի անդամները ոչ այնքան չարագործներ են, որքան իրենց մոլորություններում համառող կռվարարներ և հիմարներ, սակայն այս դեպքում ևս անտագոնիստի կերպարը չի արժանանում հեղինակի հավանությանը։ «Անտագոնիստից բարի պրոտագոնիստ» հարաբերակցությունը կարող է և լիովին խախտվել, օրինակ՝ Շեքսպիրի«Մակբեթում» գլխավոր հերոսին հակադրվում է ավելի բարի Մակդուֆը։ Հնարավոր է նաև այնպիսի սյուժե, որտեղ պրոտագոնիստը և անտագոնիստը իրար հավասար հերոսներ են (Ախիլը և Հեկտորը Հոմերոսի«Իլիական»-ում)։
Անտագոնիստի կերպարը տարբեր ժանրերում կրում է իր խարակտերային առանձնահատկությունները։ Այսպիսով, կատակերգությունում հենց անտագոնիստն է հերոսին ներգրավում կատակերգական իրավիճակների մեջ[4], թրիլերի և սարսափ ժանրի մեջ անտագոնիստի հետ է կապվում գոտեմարտի, բռնության և մահվան ավելի վառ և բնական տեսարաններ, ինչ-որ չափով հենց անտագոնիստի պատկերումը որպես չարի մարմնավորում կարող է լինել ժանրի գեղարվեստական խնդիրը[5], վեսթերնին բնորոշ է պրոտագոնիստի և անտագոնիստի որոշ մտերմացում, գործողության և մեթոդի նմանություն[6], կանացի սիրային վեպում անտագոնիստը, որպես կանոն, տարիքով ավելի մեծ է և փորձառու հերոսուհուց, դրդում է վերջինիս խախտել արգելքները և նրա առջև «բարդ խնդիրներ» է դնում՝ նպաստելով հերոսուհու կանացի նախաձեռնությանը[7]։