Անդրեաս Բորջեաս

Անդրեաս Ալեքսանդր Բորջեաս (անգլ.՝ Andreas Alexander Borgeas, մարտի 7, 1974(1974-03-07), Արիզոնա, ԱՄՆ[1][2][3][4]), ամերիկացի իրավաբան, իրավագետ, դասախոս և հանրապետական քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի Սենատի անդամ[5][6]։ Սան Խոակին իրավունքի քոլեջի միջազգային և համեմատական իրավունքի պրոֆեսոր[7][8] և Մոնտերեի միջազգային հետազոտությունների Միդլբերյան ինստիտուտի ադյունկտ-պրոֆեսոր, որտեղ դասավանդել է միջազգային անվտանգություն։ Դասավանդել է Չինաստանում և Կենտրոնական Ասիայում[9]։ Ունի Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի կողմից տրված իրավասությունների վկայական։ Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանադրական հանրաքվեի և ազգային ընտրությունների պաշտոնական քաղաքական դիտորդ էր։ 2009 թվականին նրա նախաձեռնությամբ Էջմիածինը (Հայաստան) և Ֆրեզնոն (Կալիֆորնիա, ԱՄՆ) դարձել են քույր քաղաքներ[10]։ 2000 թվականին դարձել է Կալիֆորնիա նահանգի, իսկ 2001 թվականին՝ Կոլումբիայի շրջանի փաստաբանների կոլեգիայի անդամ[11][12][13][14], ինչպես նաև Ամերիկա-հունական առաջադիմական լուսավորչական միության անդամ (AHEPA)[15]։ Ունի ամերիկյան և հունական քաղաքացիություն[16]։

Անդրեաս Բորջեաս
 
Կուսակցություն՝Կալիֆոռնիայի հանրապետական կուսակցություն
Կրթություն՝Northern Arizona University?, Հարվարդի համալսարան և Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրմարտի 7, 1974(1974-03-07) (50 տարեկան)
ԾննդավայրԱրիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
 
Կայք՝borgeas.cssrc.us

Կենսագրություն

Վաղ տարիներ, ընտանիք և կրթություն

Ծնվել է Հունաստանի Սամոս կղզուց ԱՄՆ ներգաղթած հույների ընտանիքում։ Դպրոցական տարիներին ակտիվորեն ներգրավվել է Ֆինիքսի հունական համայնքի կյանքում, այդ թվում՝ անցել է հունական ուղղափառ Սուրբ Երրորդություն տաճարում եկեղեցական ծառայության և հաճախել հունական դպրոց։ Ակտիվ մասնակցություն է ունեցել երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի (YMCA) գործունեությանը։ 11 տարեկանից սկսել է աշխատել։

Ավարտել է Հյուսիսային Արիզոնայի համալսարանը՝ հումանիտար գիտությունների բակալավրի աստիճանով (1996), Հարվարդի համալսարանը՝ հումանիտար գիտությունների մագիստրոսի աստիճանով, Ջորջթաունի համալսարանի իրավունքի դպրոցը՝ իրավունքի դոկտորի աստիճանով[6][17], և «Պանթեոն» համալսարանը՝ միջազգային հարաբերությունների ոլորտում փիլիսոփայության դոկտորի աստիճանով։

Լինելով Ջորջթաունի համալսարանի ուսանող՝ միջազգային իրավունքի գծով ամառային ուսուցում է անցել Աթենքի Կապոդիստրիայի անվան ազգային համալսարանում։

Գործունեություն

Հարվարդի համալսարանն ավարտելուց հետո հաստատվել է Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), որտեղ մեկ տարի որպես գրագիր աշխատել է Օլիվեր Վանգերի գրասենյակում։ Վերջինս Կալիֆորնիայի Արևելյան շրջանի դաշնային շրջանային դատարանի դատավորն էր։ Այստեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ հետ։

Դառնալով Ֆուլբրայթի ծրագրի կրթաթոշակակիր՝ կնոջ հետ մեկ տարի շարունակ ապրել է Հունաստանում, որտեղ Եվրոպական ուսումնասիրությունների հունական կենտրոնի հրավիրված գիտաշխատող էր։ Զբաղվել է մի շարք տեղական ծայրահեղական խմբավորումների ուսումնասիրությամբ, որոնցից էր Նոյեմբերի 17-ի նախկին հեղափոխական կազմակերպությունը։

Զբաղվել է մասնավոր փորձաշրջանով, այդ թվում՝ աշխատել է «Luce Forward» իրավաբանական ընկերությունում, որտեղ մասնագիտացել է առևտրային և միջազգային իրավունքի ոլորտում։

Ծառայել է Ղազախստանի ԱՄՆ դեսպանատանը՝ որպես քաղաքական հարցերով աշխատակից, որտեղ զբաղվել է «Ղազախստանի ույղուրների շրջանում իսլամական մարտունակության տարածման» ուսումնասիրությամբ, որը «հատուկ նշանակություն ունի Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Ղազախստանի անվտանգության և տնտեսական հարաբերությունների հայեցակարգի ընկալման համար և, ի վերջո, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական շահերի առաջմղման համար»։

2009-2012 թվականներին Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ էր։ 2009 թվականին Բորջեասի նախաձեռնությամբ, որը «Fresno-Armenia Sister City» կոմիտեի հիմնադիրն ու նախագահն էր, Էջմիածինը դարձել է Ֆրեզնոյի քույր քաղաքը[10][18]։ Մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին[19]։

2013-2018 թվականներին Ֆրեզնոյի շրջանի դիտորդական խորհրդի անդամ էր։ Այդ ընթացքում դարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ճանաչման մասին բանաձևի նախաձեռնողը[20]։ 2015 թվականին այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ որպես տեղական խորհրդարանական ընտրությունների դիտորդ[21]։

2019 թվականից Կալիֆորնիայի Սենատի անդամ է։

Լինելով Կալիֆորնիայի Սենատում հայկական կոկուսի անդամ[22][23][24] և բազմիցս այցելելով Հայաստան և Լեռնային Ղարաբաղ[25]՝ լոբբինգ է արել Հայաստանի և հայկական Սփյուռքի շահերը Հայոց ցեղասպանության և Արցախյան հակամարտության հարցերում[26][27]։

Անձնական կյանք

Ամուսնացել է Աննա Հաջինլյան-Բորջեասի հետ[28]։ Ունեն երկու որդի՝ Ալեկոն (Ալեքսանդրա) և Հարիսը[29][30]։ Բորջեասի կինը ծագումով հայ է, նրա ծնողները ծագումով Սալոնիկ քաղաքից և Ամորգոս կղզուց էին (Հունաստան)[31]։ Բորջեասի ընտանիքն ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ հունական և հայկական համայնքների կյանքին։

Ծանոթագրություններ