Անդրեաս Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրեաս Հոսեփի Արզումանյան (հուլիսի 18, 1876[1][2], Թաղավարդ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 24, 1931[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ բժիշկ, նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1914), պրոֆեսոր (1925)։
Ծնվել է | հուլիսի 18, 1876[1][2] |
---|---|
Ծննդավայր | Թաղավարդ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 24, 1931[1][2] (54 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1898)[1] և Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1903)[1] |
Մասնագիտություն | բժիշկ և նյարդախտաբան |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1914) |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան[1] |
Կենսագրություն
Սկզբնական կրթությունն ստացել է Շուշիի ծխական դպրոցում։ 1898 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, իսկ 1903 թվականին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մինչև 1904 թվականը աշխատել է նույն համալսարանի թերապևտիկ կլինիկայում, ապա նշանակվել Կոստրոմայի մարզի երկու տեղամասերի և հիվանդանոցների վարիչ, սակայն շուտով զորակոչվել է և մինչև 1906 թվականը ծառայել որպես գնդի բժիշկ։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Մոսկվայի Վ. Ռոտի նյարդային հիվանդությունների կլինիկայում։ 1914 թվականին զորակոչվել և Սիբիրյան գնդի կազմում մասնակցել է ավստրո-գերմանական ճակատի ռազմական գործողություններին։ Պատերազմում աչքի ընկած ծառայությունների համար 1915 թվականին պարգևատրվել է մի շարք մարտական շքանշաններով։
1926-1931 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի նյարդախտաբանության և հոգեբուժության ամբիոնը։
Գիտական գործունեություն
Մոսկվայում նա կատարել է իր գիտական առաջին ուսումնասիրությունները, որոնցից առավել արժեքավորները հրատարակվել են Ս. Կորսակովի անվան նյարդախտաբանության և հոգեբուժության հարցերին նվիրված գիտական հանդեսում։ Ուսումնասիրել է գիգանտիզմին, սուր բազմակի նևրիտին, ուղեղի հավելումներին ու գանգի հիմի ուռուցքներին, ցրված սկլերոզին վերաբերող հարցեր։ «Գլխուղեղի և ողնուղեղի բազմակի սկրելոզ» աշխատությունը նա 1914 թվականին պաշտպանել է որպես դոկտորական ատենախոսություն[3]։
Անդրեաս Արզումանյանի գիտական աշխատությունները նվիրված են բազմանյարդաբորբի, հիպոֆիզի և գանգի հիմքի ուռուցքների ուսումնասիրություններին։ Հայաստանում աշխատելու տարիներին մեծ ուշադրություն է նվիրել մալարիայի հետևանքով առաջացած նյարդաբորբերի, ընդհանուր և սուր ատաքսիայի, վիրաբուժական տուբերկուլոզի բուժման ընթացքում նյարդահոգեկան ոլորտի բարդությունների հարցերին։
Ծանոթագրություններ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Արզումանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 48)։ |