Ալվար Նունյես Կաբեսա դե Վակա

իսպանացի կոնկիստադոր

Ալվար Նունյես Կաբեսա դե Վակա (իսպ.՝ Álvar Núñez Cabeza de Vaca, ոչ վաղ քան 1490 և ոչ ուշ քան 1507, Խարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[1][2] - 1559[3][4][5], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[6][2]), իսպանացի կոնկիստադոր, Նոր աշխարհի հոտազոտող, Պարագվայի նահանգապետ։

Ալվար Նունյես Կաբեսա դե Վակա
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան 1490 և ոչ ուշ քան 1507
ԾննդավայրԽարես դե լա Ֆրոնտերա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[1][2]
Մահացել է1559[3][4][5]
Մահվան վայրՍևիլյա, Կաստիլիա և Լեոն[6][2]
ՔաղաքացիությունԻսպանիա
ՄասնագիտությունԿոնկիստադոր, ճանապարհորդ հետազոտող, ռազմական գործիչ, գրող և պատմաբան
Ծնողներհայր՝ Francisco de Vera y de Hinojosa?, մայր՝ Teresa Cabeza de Vaca y de Zurita?
Զբաղեցրած պաշտոններadelantado?
Ստորագրություն
Изображение автографа
 Álvar Núñez Cabeza de Vaca Վիքիպահեստում

Կենսագրություն

Ալվար Նունյես Կաբեսա դե Վական (Կաբեսա դե Վական տոհմանունը բառացի նշանակում է կովի գլուխ) ծնվել է Էստրեմադուրա նահանգում, ազնվականական ընտանիքում մոտավորապես 1490 թվականին։ Կաբեսա դե Վական դասական կրթություն է ստացել և անցել պետական ծառայության։ 22 տարեկան հասակում մասնակցել է Ռավեննայի ճակատամարտին (1512), որից հետո որոշ ժամանակ զբաղեցրել է Նեապոլի մոտակայքում գտնվող Գաետա քաղաքի ռազմական պարետի պաշտոնը[7]։ 1513 թվականին Կաբեսա դե Վական վերադարձել է Սևիլյա և ծառայության անցել Մեդինա Սիդոնիայի հեցոգի մոտ։ 1521 թվականին նորից հայտնվել է բանակում և աչքի ընկել Պամպլոնի ճակատամարտում։

Ռազմական փորձառությունը և վարչական գործի իմացությունը նրան թույլ են տվել դառնալ ալգվասիլ և դեպի Ֆլորիդա կազմակերպվող արշավի գանձապետ։ 1527 թվականի հունիսի 17-ին ջոկատը, որը բաղկացած էր հինգ նավերից և 600 մարդուց, նահանգապետ Պանֆիլո դե Նարվաեսի ղեկավարությամբ դուրս է եկել Սանլուկար դե Բառամեդա նավահանգստից։

Ձմռանը նավերը կայանել են Կուբայում և Ֆլորիդայի ափերին են մոտեցել միայն 1528 թվականի ապրիլի 12-ին։ Հնդկացիական տիմուկուա ցեղի ափամերձ բնակավայրի մոտակայքում նա հայտնաբերել է ոսկա զարդարանք, ինչից հետո ոսկի գտնելու գայթակղությամբ թողել է նավատորմը և ուղևորվել Ֆլորիդայի խորքերը` ոսկի փնտրելու. այստեղ շատ կոնկիստադորներ մահացել էին սովից, հիվանդություններից և հնդկացիների գրոհներից։

Ինքնաշեն նավակներով հասնելով Միսիսիպիի գետաբերան` իսպանացիների մեծամասնությունը, այդ թվում` Պանֆիլո դե Նարվաեսը, ուժեղ հոսանքից մղվում են բաց ծով։

Ալվար Նունիես Կաբեսա դե Վակայի ճամփորդությունը

1528 թվականի նոյեմբերի 6-ին 60 կոնկիստադորներ Կաբեսա դե Վակայի գլխավորությամբ նավաբեկության են ենթարկվում հնդկացիական դակոտ ցեղի կղզում[8]։ Հնդկացիները նորեկներին բարեկամաբար են վերաբերվում և օգնում, սակայն շուտով բոլորին ստրկացնում են։ Մինչև հաջորդ տարվա սկիզբ սովից ու հիվանդությունից իսպանացիների թիվը կրճատվում է մինչև 15 մարդու։

Մեկ տարի անց Կաբես դե Վական վաճառվում է չորուկո հնդկացիներին, որոնք ապրում էին մայրցամաքում։ Այստեղ նրան և մի քանի այլ իսպանացիների ստիպել են հասու լինել շամանության ու հեքիմության հիմունքներին։ Վեց տարվա ստրկությունից հետո իսպանացիներին հաջողվում է փախչել գերությունից։ Այդ ընթացքում Կաբես դե Վական սովորել էր հնդկացիական վեց լեզու և ստացել մեծ հեքիմի համբավ[9]։ Նա երկու համերկրացիների և սևամորթ ստրուկի առաջնորդում է դեպի ցամաքի խորքերը` ճանապարհին բուժելով հիվանդ ու վիրավոր հնդկացիներին։ Շուտով նրանց միանում են շատ երկրպագուներ, ովքեր կոնկիստադորին համարում էին «արևի որդի»։

Հյուսիսային Ամերիկայում ճանապարհորդությունը տևում է երկու տարի և ավարտվում 1536 թվականին։ Ոտքով քայլելով 2.000 լիգ` կոնկիստադորները հայտնվում են Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում` Նոր Գալիսիսայի տարածքում, որը պատկանում էր Նունիո դե Գուսմանին[10]։ Այնտեղից Կաբեսա դա Վական և նրա ուղեկիցները տեղափոխվում են Մեխիկո։

1537 թվականի օգոստոսի 9-ին կաբեսա դե Վական հասնում է Լիսաբոն և ցամաքով վերադառնում Էստրեմադուրա։

1539 թվականին հանձնարարություն է ստանում հետազոտել Լա Պլատա գետը։ 1541 թվականին գրավում են գուարանի հնդկացիների երկիրը և այն անվանում Վերա նահանգ։ Նունիես Կաբեսա դե Վական եղել է առաջին եվրոպացին, որ եղել է Իգուասու գետի վրա. նա համարվում է Իգուասու ջրվեժի բացահայտողը։ 1542 թվականին մտել է Ասունսիոն և չնայած իսպանացի կոնկիստադորների դիմադրությանը` իր ձեռքն է վերցրել իշխանությունը։

Երբ նա փորձել է տանող ցամաքային ճանապարհ գտնել, նրա զինվորները ապստամբել են և ընտրել այլ նահանգապետ։ Կաբեսա դե Վական ձերբակալվել և ուղարկվել է Իսպանիա, որտեղից արտաքսվել է Աֆրիկա։

Կաբեսա դե Վական իր դատավարության ընթացքում հրապարակել է «Ալվար Նունյես Կաբեսա դե Վակայի նավաբեկությունը» («Naufragios de Alvar Nuñez Cabeza de Vaca»)` իր գործողություններն արդարացնելու համար[11]։ Դրան նրա քարտուղարն ավելացրել է` «Commentarios de A. N. Adelantado y Gobernador de la provincia del Rio de la Plata» (Վալյադոլիդ, 1555)[12]։

Հետագայում արդարացվել է Կառլոս V կայսեր կողմից և վերադարձել հայրենիք` ստանալով պաշտոն Սևիլյայի գերագույն դատարանում[13]։ Մահացել է 1559 թվականին։

Հետաքրքիր փաստեր

  • Հետազոտողի պատվին է անվանակոչվել Կաբեսա դե Վակա լիճը, որը ցամաքել է մ. թ ա. 50.000 տարի առաջ։ Լճի մեջ է երբեմն թափվել Ռիո Գրանդե գետը։
  • Կաբեսա դե Վական եղել է առաջին եվրոպացիներից, ով տեսել է Իգուասու ջրվեժը։
  • Կաբեսա դե Վական եղել է առաջին եվրոպացին, որ տեսել է բիզոնների։ Հետագայում նա բիզոններին նկարագրել էի իր «Նավաբեկություն» գրքում` նրանց անվանելով կով[14]։

Ծանոթագրություններ

Ստեղծագործություններ

  • Ալվար Նունիես Կաբեսա դե Վակա Նավաբեկություն = Naufragios de Álvar Núñez Cabeza de Vaca. — 1749.
  • Աբել Պոսել, Ճանապարհորդի երկար մթնշաղը— М.: Иностранка: Б. С. Г.-Пресс, 2003.

Հրատարակումներ

  • Ա. Ն. Կաբեսա դե Վակա, Նավաբեկություն / Իսպ. թարգման.` Յու. Վաննիկով — М.: Мысль, 1975. — 128 с.

Ֆիլմագրություն

  • 1991 — Կաբեսա դե Վակա / Cabeza de Vaca]] (ԱՄՆ, Մեծ Բրիատանիա, Իսպանիա, Մեքսիկա), ռեժիսոր` Նիկոլաս Էչևերիա / Nicolás Echevarría.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվար Նունյես Կաբեսա դե Վակա» հոդվածին։