Ալիս Ռոս-Քինգ

Բրիտանական թագավորական կարմիր խաչի շքանշանակիր և ռազմական մեդալակիր Ալիս Ռոս Էփլֆորդ (ծնյալ՝ Ալիս Ռոս-Քինգ, անգլ.՝ Alice Ross-King, օգոստոսի 5, 1887(1887-08-05)[1], Բալլարատ[1] - օգոստոսի 17, 1968(1968-08-17)[1], Սիդնեյ, Ավստրալիա[1])[6], ավստրալիացի քաղաքացիական և ռազմական բուժքույր, որը մասնակցել է երկու Համաշխարհային պատերազմներին։ Համարվում է Ավստրալիայի ամենաշատ պարգևատրված կինը[7]Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում աշխատել է Եգիպտոսի և Ֆրանսիայի՝ 1-ին ավստրալիական ընդհանուր հիվանդանոցներում և ավստրալիացի յոթ բուժքույրերից մեկն էր, որ արիության համար պարգևատրվել է ռազմական մեդալով, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ավստրալիայի բանակի բժիշկ կանանց ծառայությունում գլխավոր պաշտոն է զբաղեցրել։ 1949 թվականին արժանացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բարձրագույն մրցանակ Ֆլորենս Նայթինգեյլի անվան մեդալի։

Ալիս Ռոս-Քինգ
անգլ.՝ Alice Ross-King
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1887(1887-08-05)[1]
ԾննդավայրԲալլարատ[1]
Մահացել էօգոստոսի 17, 1968(1968-08-17)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա[1]
Մասնագիտությունռազմական բուժքույր և բուժքույր
Պարգևներ և
մրցանակներ

Վաղ կյանք

Ռոս-Քինգը ծնվել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Բալարատ քաղաքում Արչիբալդ Ռոս Քինգի և Հենրիետա Քինգի ընտանիքում․ ծնողները նրան անվանել են Ալիս Ռոս Քինգ[8]։ Ընտանիքը տեղափոխվել է Պերթ, որտեղ դժբախտ պատահարի արդյունքում հոր ու եղբայրների ջրասույզ լինելուց հետո մայրն Ալիսի հետ տեղափոխվել է Մելբուռն[8]։

Մելբուռնի Ալֆրեդ ուսումնական հիվանդանոցում անցել է բուժքույրական վերապատրաստում և արդեն 1914 թվականին որակավորված բուժքույր էր[8][9]։

Առաջին համաշխարհային պատերազմ

Պատերազմի բռնկումից կարճ ժամանակ անց Ռոս-Քինգն անդամագրվել է Ավստրալիայի բանակի բուժքույրական ծառայությանը (AANS) և հենց այս ժամանակ իր ազգանունը Ռոս Քինգից դարձրել է գծիկով գրվող Ռոս-Քինգ, որպեսզի իրեն չշփոթեն Ալիս Քինգ անունով մյուս բուժքրոջ հետ[8]։

1914 թվայանի նոյեմբերին բուժքույր Ռոս-Քինգը գործուղվել է Եգիպտոսի 1-ին ավստրալիական ընդհանուր հիվանդանոցում (1st AGH) ծառայելու։ Հիվանդանոցը գտնվում էր Կահիրեի արվարձան Հելիոպոլիսում, որտեղ աշխատելուց հետո տեղափոխվել է Դարդանելի օպերացիայի վիրավորներիի համար նախատեսված Սուեզի մասնաճյուղը։ 1915 թվականի ավարտին վերադարձել է Ավստրալիա՝ որպես տուն վերադարձող վիրավոր զորքերի բուժքույր[8]։

Վերադառնալով 1-ին ընդհանուր հիվանդանոց՝ դրա կազմաում 1916 թվականի ապրիլին մեկնել է Ֆրանսիա։ Հիվանդանոցը տեղակայվել է Ռուանում և Ռոս-Քինգն այնտեղ աշխատել է մինչև 1917 թվականը, այդ թվում՝ Սոմի ճակատամարտը։ 1917 թվականի հունիսին նրան ուղարկել են սուրբ Օմերի 10-րդ ստացիոնար հիվանդանոցը, որտեղ ընդամենը մի քանի շաբաթ անցկացնելուց հետո գործուղվել է Տրուա Արբրեում գտնվող վիրավորների համար նախատեսված 2-րդ կայան (2nd CCS)։ Ժամանել է հուլիսի 17-ին, որից 5 օր անց՝ 1917 թվականի հուլիսի 22-ի գիշերն այն ռմբակոծվել է, որի արդյունքում չորս մարդ զոհվել է, իսկ ևս տասնհինգը՝ վիրավորվել։ Բուժքույրը, որը նոր էր ավարտել գիշերային հերթափոխը, վերադարձել է պալատներ ու շարունակել հոգ տանել հիվանդներին, թեև կտավե վրանները փլվել էին նրա և վիրավորների գլխին[10]։

Այս գործողությունների համար արժանացել է «Արիության համար» մեդալի (MM)՝ դառնալով պատերազմի ընթացքում այդ մեդալին արժանացած միայն յոթ բուժքույրերից մեկը[8]։ Մյուս վեց մեդալներից երեքին արժանացել են նրա գործընկերներ Դորոթի Քավուդը, Կլեր Դիքոնը և սպայակազմի բուժքույր Մերի Դեռերը[11]։ Բոլոր չորս պարգևատրումների մասին 1917 թվականի սեպտեմբերի 25-ին գրել է «London Gazette» պարբերականը, իսկ մեդալները հանձնել է գեներալ Ուիլյամ Բիդվուդը[8]։

1917 թվականի նոյեմբերին վերադարձել է 1-ին ընդհանուր հիվանդանոց և մնացել այնտեղ մինչև պատերազմի ավարտը։ 1918 թվականի մայիսին արժանացել է «Արքայական կարմիր խաչ» շքանշանի։ 1919 թվականի հունվարին 1-ին ընդհանուր հիվանդանոցը տեղափոխվել է Անգլիա և նույն ամսում վերադարձել Ավստրալիա։ Նույն թվականի սեպտեմբերին զորացրվել է Ավստրալիայի բանակի բուժքույրական ծառայությունից[8]։

Անձնական կյանք

Պատերազմի ընթացքում հանդիպել և նշանվել է Ավստրալիայի առաջին կայսերական բանակի 53-րդ գումարտակի սպա Հարրի Մոֆիտի հետ, սակայն վերջինս զոհվել է 1916 թվականի հուլիսին տեղի ունեցած Ֆրոմելի ճակատամարտի ընթացքում[12]։ 1919 թվականին դեպի Ավստրալիա ճանապարհորդության ընթացքում հանդիպել է բժիշկ Սիդնի Էփլֆորդին ու նրա հետ ամուսնացել նույն տարվա օգոստոսին։ Հաստատվել են Վիկտորիա նահանգի Լանգ Լանգ քաղաքում, որտեղ էլ մեծացրել են իրենց չորս զավակներին[8]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Պատերազմների ընթացքում ընդգրկվել է Վիկտորիա նահանգի կամավոր օգնության ջոկատի անձնակազմում (VAD)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Ռոս-Քինգն անդամագրվել է կամավոր օգնության ջոկատին և 1942 թվականին Ավստրալիայի բանակի բժիշկ կանանց ծառայության հիմադրումից հետո (AAMWS) մայորի կոչումով անցել է ծառայության ու նշանակվել վերահսկիչի ավագ օգնական, որը պատասխանատու էր Վիկտորիա նահանգի բոլոր ԱԲԲԿԾ-երի համար[13]։

Ավստրալիայի բանակի բժիշկ կանանց ծառայությունում շարունակել է աշխատել մինչև 1951 թվականը[13]։ Ծառայության ընթացքում արժանացել է Ֆլորենս Նայթինգեյլի անվան մեդալի և հանդիսացել է ավստրալիացի երկու բուժքույրերից մեկը, որն ստացել է այդ մեդալը 1949 թվականին[14]։ Մեդալի համար նրա առաջադրումն ավարտվել է հետևյալ խոսքերով․

Մայոր Էփլֆորդի հետ շփում ունեցած ցանկացած մարդ չի կարող ընկալած չլինել նրան որպես կանանց առաջնորդ։ Պարտքի նրա զգացումը, բնավորության կուռ համերաշխությունը, մարդասիրությունը, անկեղծությունն ու սրտի բարությունը լավագույն օրինակ են ուրիշների համար։

Հետագա կյանք

Ամուսինը վախճանվել է 1958 թվականին, իսկ Ալիսը կյանքի վերջին տարիներն անցկացրել է Սիդնեյի Կրոնուլա առափնյա արվարձանում, որտեղ էլ մահացել է 1968 թվականի օգոստոսի 17-ին[8]։

Ճանաչում

1970 թվականից «Ավստրալիայի բանակի բժիշկ կանանց ծառայություն» կազմակերպությունը ներկայացրել է ամենամյա որակավորման մրցանակ՝ Ալիս Էփլֆորդի հուշամրցանակը, որը մատուցվում է Ավստրալիայի արքայական բանակի բուժքույրական կորպուսի ենթասպա անդամներին[13][15]։

2008 թվականին գրող Փիթր Ռիզը Ռոս-Քինգի՝ Առաջին աշխարհամարտի փորձառությունների մասին պատմել է իր «The Other ANZACs» (վերահրատարակված որպես «Anzac Girls») գրքում[16], որի հիման վրա 2014 թվականին նկարահանվել է «ANZAC Girls» հեռուստասերիալը[17]։ Ալիս Ռոս-Քինգին մարմնավորել է Ջորջիա Ֆլուդը[18]։

2008 թվականին Ալիս Էփլֆորդն ընդգրկվել է Վիկտորիա նահանգի կանանց պատվավոր ցանկ[19]։

Ծանոթագրություններ

Նշումներ
Աղբյուրներ
  • Bassett, Jan (1997). Guns and Brooches: Australian Army Nursing from the Boer War to the Gulf War. OUP Australia and New Zealand. ISBN 978-0195540840.
  • Finnie, Lorna M. «Ross-King, Alice (1887–1968)». Australian Dictionary of Biography. National Centre of Biography, Australian National University. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  • Kelly, Darryl (2004). Just soldiers : stories of ordinary Australians doing extraordinary things in time of war. ANZAC Day Commemoration Committee (Queensland). էջեր 181–188. ISBN 978-0-9581625-3-1.

Արտաքին հղումներ