Ալիգո

Ալիգո (ֆր.՝ aligot)[1][2], պանրից ուտեստ, խառնված կարտոֆիլի պյուրեի հետ (հաճախ սխտորի հետ), որը պատրաստում են Օբրակ մարզում (Ավերոն, Կանտալ, Լոզեր, Օքսիտանիա), Ֆրանսիայի կենտրանական զանգվածի հարավում[3]։ Ավերոնի գավառից այս ուտեստը, որը նման է ֆոնդյուի, համարվում է սովորական ուտեստ Օվերնի ռեստորաններում։

Ալիգո
ԵնթատեսակԿարտոֆիլի պյուրե
Առաջացման երկիր Ֆրանսիա
 Aligot Վիքիպահեստում

Ավանդաբար Tomme de Laguiole (Tomme fraîche) կամ էլ տոմմա դ’Օվերնի պանրից պատրաստված ալիգոն համարվում է ֆրանսիական դելիկատես, որը բարձր է գնահատվում տեղական գաստրոնոմիայում՝ թուլուզյան երշիկներով կամ տապակած խոզի մսով[4]։ Բացի տոմմայից, ալիգո պատրաստելիս կարող են օգտագործվել տարբեր պանիրներ, որոնցից են կանտալը[5], մոցարելլան[6] և լայոլը։ Պանրի ընտրությունը կարևոր է և մեծ ազդեցություն է թողնում արդյունքի վրա։ Տոմման դժվար է գտնել Ֆրանսիայի սահմաններից դուրս, իսկ շատ այլ պանիրներ համարվում են չափազանց կոշտ։ Պանիրը պետք է լինի փափուկ, թեթև կաթնային համով, բայց ոչ չափից աղի և հեշտորեն հալվող։ Մեծ Բրիտանիայում լավագույնն է համարվում լանկշարյան պանիրը[7]։ Նախընտրելի է ալյուրի, այլ ոչ թե մոմ կարտոֆիլը[7]։

Բաղադրիչներ

Ալիգոն պատրաստվում է կարտոֆիլի պյուրեից՝ կարագի, սերուցքի, մանրացված սխտորի և հալած պանրի հետ խառնված։ Ուտեստը համարվում է պատրաստ, երբ այն դառնում է համասեռ։ Չնայած բաղադրատոմսերը տարբերվում են, «Larousse Gastronomique»-ը[3] պնդում է, որ բաղադրիչներն են 1 կգ կարտոֆիլ, 500 գ տոմմա, լայոլ կամ կանտալ պանիր, 2 պճեղ սխտոր, 30 գ կարագ, աղ և պղպեղ։

Պատմություն

Այս ուտեստը ուխտավորները պատրաստում էին Սանտյագո դե Կոմպոստելայի ճանապարհին, ովքեր գիշերում էին այդ մարզում[4]։ Համաձայն առասպելին, ալիգոն ի սկզբանե պատրաստում էին հացով, որը հետո փոխարինվել է կարտոֆիլով, երբ այն հայտնվել է Ֆրանսիայում[5][7][8][9]։ Այսօր այն մատուցում են գյուղական հանդիպումներին և տոներին՝ որպես հիմնական ուտեստ։ Ալիգոն մինչ օրս եփվում է ձեռքով Ավերոնի տներում և փողոցային շուկաներում[4]։ Ալիգոն ավանդորեն մատուցում են Օվերնիի կարմիր գինու հետ։

Ստուգաբանություն

Հնարավոր է, որ անունը փոխառվել է օքսիտանական alicouot-ից, հնարավոր է լատիներեն aliquid-ից կամ հին ֆրանսիական harigoter-ից։ Նաև կա վարկած, որ անվանումը առաջացել է alle cuite («եկեք ուտելու», «ամեն ինչ պատրաստ է») արտահայտությունից, որով վանականները ողջունում էին ուխտավորներին[10].

Ծանոթագրություններ

Աղբյուրներ