Ալեքսեյ Դիկի

ռուս խորհրդային դերասան, թատրոնի ռեժիսոր

Ալեքսեյ Դենիսովիչ Դիկի (ռուս.՝ Алексей Денисович Дикий, փետրվարի 12 (24), 1889, Դնեպր, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 1, 1955(1955-10-01)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, թատերական ռեժիսոր, մանկավարժ։ Դիկիի անվան ստուդիայի հիմնադիր և ղեկավար (1931-1936), Դրամատիկական մեծ թատրոնի գլխավոր ռեժիսոր (1936-1937)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1946, 1947, 1949՝ երկու անգամ, 1950)։

Ալեքսեյ Դիկի
ռուս.՝ Алексей Денисович Диков
Ծնվել էփետրվարի 12 (24), 1889
ԾննդավայրԴնեպր, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 1, 1955(1955-10-01)[1][2] (66 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր և թատերական ուսուցիչ
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն

Ռուսական կայսրությունում

Ալեքսեյ Դիկին ծնվել է 1889 թվականի փետրվարի 24-ին[3] (այլ աղբյուրներով՝ 1889 թվականի փետրվարի 25-ին[4][5]) Եկատերինոսլավում (ներկայումս՝ Դնիպրո, Ուկրաինա)՝ աղքատ գյուղացիներ Դենիս և Աննա Դիկիների ընտանիքում։ Հայրն անբուժելի հիվանդ էր, չէր կարողանում աշխատել, և ամբողջ ընտանիքին կերակրում էր մայրը, որն աշխատում էր որպես դերձակ[5]։

Վաղ մանկությունից ավագ քրոջ՝ դերասանուհի Մարիա Դիկովայի և նրա ամուսնու՝ Խարկովում գործող Ուկրաինայի երաժշտական դրամատիկական թատրոնի ռեժիսոր և անտրեպրենյոր Ալեքսեյ Սուխոդոլսկու ազդեցությամբ սկսել է հետաքրքրվել թատրոնով. վերջինիս ներկայացումներին սկսել է մասնակցել վեց տարեկանից[5][6]։ Նրա վրա մեծապես ազդել են դերասաններ Մարկ Կրոպիվնիցկին, Պանաս Սակսագանսկին, Իվան Կարպենկո-Կարին, Մարիա Զանկովեցկայան։

Ավարտել է տարրական դպրոցն ու քաղաքային չորսամյա ուսումնարանը։ 1904-1907 թվականներին սովորել է Խարկովի ռեալական ուսումնարանում։ 1907-1908 թվականներին ծառայել է Պենզայի 121-րդ հետևակային գնդում[7]։ Երիտասարդ դերասանի տաղանդը բացահայտեց Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասան Իլյա Ուրալովը՝ նրան հրավիրելով սովորել թատրոնին կից գործող ստուդիայում[6]։

1909 թվականին տեղափոխվում է Մոսկվա և սկսում հաճախել Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասանուհի Սոֆյա Խալյուտինայի մասնավոր դրամատիկական դասընթացներ։ Մինչև 1912 թվականը սովորում է Կոնստանտին Մարջանովի և Վախթանգ Մչեդելովի մոտ[3]։

Չգիտեմ, թե ինչով էին առաջնորդվում ինձ քննողները՝ որոշելով ռուսական թատերական դպրոց վերցնել ուկրաինական խոսվածքով ուկրաինացի երիտասարդի... բայց միայն ես ընդունվեցի և նույնիսկ որոշ ժամանակ անց ինձ ազատեցին ուսման վճարից... որն անում էին միայն այն աշակերտների համար, որոնց հետ մեծ հույսեր էին լապում։
- — Ալեքսեյ Դիկի, «Հատընտիր»[5]

1910 թվականի օգոստոսին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի թատերախումբ, հանդես է եկել մասսայական տեսարաններում։ 1911 թվականին հաջողությամբ խաղացել է առաջին դերը՝ ծառա Միշկայի դերը «Ռևիզորում» և դատական պրիստավի (զառամյալ ծերունի) ոչ մեծ դերը «Կենդանի դիակ» պիեսում։ 1911 թվականի օգոստոսին սկսել է հաճախել թատրոնին կից գործող դրամատիկական դասընթացներին։ 1912 թվականին ստեղծվում է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 1-ին ստուդիան, որտեղ Դիկին շարունակում է իր բեմական գործունեությունը։ Նույն թվականին դառնում է Պրեչիստենկայի աշխատավորական դասընթացների բեմական կազմավորման ղեկավարը, որտեղ աշխատանքները տարվում էին 1-ին ստուդիայի ոճով[5]։ Երկու տարվա ընթացքում բեմադրել է Անտոն Չեխովի՝ մեկ արարանոց մի քանի պիես։ Աշխատել է նաև Ուրալովի անվան թատրոնի բանվորա-գյուղացիական խմբակում[6]։

1914 թվականի օգոստոսին սկսված Առաջին համաշխարհային պատերազմը ընդհատեց նրա դերասանական կարիերան։ 1914-1917 թվականներին պրապորշչիկ կոչումով ծառայել է Ռուսական կայսերական բանակի Կովկասյան ճակատում։ Զինվորական տարիները համարում էր «անվերադարձ կորած»[4]։

Խորհրդային իշխանության տարիներին

1918 թվականի հունվարից հիմնականում հանդես է եկել 1-ին ստուդիայի բեմում, 1924 թվականին՝ վերակազմավորված Մոսկվայի գեղարվեստական երկրորդ թատրոնում։ Այդ տարիներին մարմնավորել է սուր խարակտերային, չարաճճի կերպարների[6]։ Միաժամանակ փնտրել է իր ուղին ռեժիսուրայի մեջ։

1919 թվականին Մանսուրովի ստուդիայում որպես ռեժիսոր բեմադրել է Գենինգ Բերգերի «Ջրհեղեղ» ներկայացումը։ 1921 թվականին Ֆ. Շալյապինի անվան թատրոն-ստուդիայում բեմադրել է իր առաջին ինքնուրույն ներկայացումը՝ Արթուր Շնիցլերի «Կանաչ թութակը». մամուլը գովաբանել է ներկայացումը գունեղության, կրակոտության և ժամանակակից լինելու համար[6]։

1925 թվականին Մոսկվայի գեղարվեստական երկրորդ թատրոնում բեմադրել է Եվգենի Զամյատինի «Լու»-ն, որը դարձավ նրա ռեժիսորական աշխատանքներից ամենանշանակալիներից մեկը։ Ներկայացումներ է բեմադրել նաև այլ թատրոններում՝ Ելիզավետա Տարախովսկայայի «Գտածո»-ն Մոսկվայի պատանեկան թատրոնում, Բեռնարդ Շոուի «Կապիտան Բրասբաունդի վարմունքը» Կոմեդիա թատրոնում (նախկինում՝ Կորշի)։ Լենինգրադի Ժողովրդական տան թատրոնում աշխատել է ավանգարդ նկարիչներ Նիկոլայ Ռադլովի և Արիստարխ Լենտուլովի հետ[6]։

1922-1926 թվականներին աշխատել է նաև Մոսկվայի հրեական թատրոնում, որտեղ «Տևիե-կաթնավաճառ»-ի հիման վրա բեմադրել է «Ջութակահարը տանիքում» ներկայացումը։ Աշխատել է նաև Բելառուսական ԽՍՀ-ի Հրեական ստուդիայում, որտեղ բեմադրել է Շոլոմ Ալեյխեմի «Տոնը Կասրիլովկայում»[5]։ Ներկայացումը հաջողություն ունեցավ, ճիշտ էին ցուցադրվել ազգային ձևը, լեզուն, հոգեբանական դիմանկարները։ 1928 թվականին ռեժիսորին հրավիրեցին Թել Ավիվի Հաբիմա թատրոն՝ Շոլոմ Ալեյխեմի «Ոսկի փնտրողները» և Կալդերոնի «Դավթի թագը» պիեսները բեմադրելու համար։ Պրեմիերան կայացել է 1929 թվականի մայիսի 23-ին։ Մի շարք պատճառներով Դիկին հեռացավ թատրոնի[8] ց։

1925-1926 թվականներին ի հայտ եկան Ալեքսեյ Դիկիի ռեժիսորական և դերասանական տաղանդի հիմնական գծերը՝ սերը վառ և ուժեղ բեմական գույների, աչք ծակող բեմական պատկերի, դերասանական կերպարների մեծածավալության և մասշտաբայնության նկատմամբ։ Դիկիի արվեստը երբեմն հակվում էր դեպի խեղկատակային զավեշտականություն և ցասկոտ երգիծանք[9]։

1925-1928 թվականներին Մեծ թատրոնում բեմադրել է օպերաներ և բալետներ։ 1927-1928 թվականներին եղել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1928 թվականին Մոսկվայի հեղափոխական թատրոնում բեմադրել է Ալեքսեյ Ֆայկոյի «Պորտֆելով մարդը» պիեսը։ 1929-1930 թվականներին կրկին եղել է Լենինգրադի ժողովրդական տան թատրոնի ռեժիսորը։ 1931 թվականին ղեկավարել է Սվերդլովսկի դրամատիկական թատրոնը, որտեղ բեմադրել է Ալեքսանդր Աֆինոգենովի «Վախը» պիեսը։

1931 թվականին Գիտնականների տանը կից ստեղծել և ղեկավարել է թատերական-գրական արվեստանոց, որը հետագայում ստացել է «Դիկիի ստուդիա» անվանումը[3]։ Այստեղ ծավալել է ռեժիսորական և մանկավարժական գործունեություն՝ մասնավորապես բեմադրել է «Մցենսկու գավառի լեդի Մակբեթը» ներկայացումը, որը բարձր է գնահատել խորհրդային մամուլը[6]։ Զուգահեռաբար 1932-1936 թվականներին եղել է Պրոֆեսիոնալ միությունների համամիութեանակն կենտրոնական միության անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1936 թվականի սկզբին Դիկիի ստուդիան փակվել է։

1936 թվականի մարտի 26-ին նշանակվել է Մ. Գորկու անվան դրամատիկական մեծ թատրոնի գլխավոր ռեժիսոր, որտեղ նրա հետ միասին եկել են մի խումբ երիտասարդ դերասաններ՝ իր նախկին ստուդիայի սաներից։ Թատրոնի պատմության մեջ մեծ իրադարձություն էր 1937 թվականի հունիսին բեմադրված «Քաղքենին»[10]։ Նվիրված լինելով Մաքսիմ Գորկու մահվան տարելիցին՝ ներկայացումը սկզբում քննադատաբար ընդունվեց՝ ինչպես բեմադրման գաղափարի, այնպես էլ մի շարք դերասանների առումով։ Նույն թվականի օգոստոսի 23-ին կայացավ ներկայացման թարմացված տարբերակը՝ մասնակիորեն փոփոխված դերասանական կազմով[11]։

1937 թվականի օգոստոսի 17-ին Ալեքսեյ Դիկին ձերբակալվեց, իսկ 1938 թվականի սեպտեմբերի 2-ին ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի հատուկ ժողովով Հոդված 58-ով դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման։ Պատիժը կրելու համար ուղարկվեց ՆԳԺԿ-ի Ուսոլսկու ուղղիչ-աշխատանքային ճամբար։ Առանց ղեկավար մնացած երիտասարդ դերասանները որոշեցին պահպանել իրենց թատերախումբը և գրեթե նույն կազմով մեկնեցին Տաջիկական ԽՍՀՍտալինաբադ քաղաք, որտեղ հիմնեցին Վ. Մայակովսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը։

1941 թվականի օգոստոսի 28-ին «Դիկիի գործը» կասեցվեց[12]։ Վերջինս վերադարձավ Մոսկվա և ընդգրկվեց Ե. Վախթանգովի անվան թատրոնի թատերախումբ։ Նույն թվականի նոյեմբերին թատրոնի հետ տարհանվեց Օմսկ, որտեղ 1942 թվականին խաղաց իր լավագույն դերերից մեկը՝ գեներալ Գորլովի դերը «Ռազմաճակատ» ներկայացման մեջ։

Ալեքսեյ Դիկիի ստեղծած Գորլովի կերպարը դերասանական վարպետության գագաթնակետն է։ Այս կերպարը խորհրդային բեմը զարդարող լավագույն կերպարների թվում է։ Գեներալ Գորլովի կերպարը Դիկիի մարմնավորմամբ վերածվել է հավաքական կերպարի։ Նրա այս դերն ընդհանրական բառով անվանել են «գորլովշչինա»։

1943 թվականից ակտիվորեն նկարահանվել է կինոյում։ «Կուտուզով» և «Ադմիրալ Նախիմով» ֆիլմերում խաղացած գլխավոր դերերի համար արժանացել է Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակների։ Իոսիֆ Ստալինի դերակատարումը «Երրորդ հարված» (1948) և «Ստալինգրադի ճակատամարտ» (1949) ֆիլմերում արժանացել է Ստալինի հավանությանը և բարձր պարգևների արժանացել։

1944 թվականին Դիկին նշանակվել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից գործող կինեմատոգրաֆիայի գծով կոմիտեի գեղարվեստական խորհրդի անդամ[6]։ Նույն թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Փոքր թատրոն, որտեղ աշխատել է մինչև 1952 թվականը։ Այնուհետև տեղափոխվել է Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն։

Ծավալել է մանկավարժական գործունեություն։ 1948 թվականից՝ Մ. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի պրոֆեսոր։ Գրել է «Պատմություն թատերական պատանեկության մասին» հուշեր (հրատարակվել է 1957 թվականին)[14] և թատերական արվեստի մասին բազմաթիվ հոդվածներ։

Ալեքսեյ Դիկին մահացել է 1955 թվականի հոկտեմբերի 1-ին Մոսկվայում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Հոկտեմբերի 5-ին կայացել է քաղաքացիական հոգեհանգիստը և թաղումը Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2)[5]։

Ընտանիք

Առաջին կինը՝ դերասանուհի Եկատերինա Կորնակովան է (1895-1956), Դիկիից հեռացել է ինժեներ Բորիս Բրինների մոտ, որը ամերիկյան հայտնի դերասան Յուլ Բրինների հայրն է[15]։

Երկրորդ կինը՝ բալետի պարուհի Ալեքսանդր Դիկայան է (օրիորդական ազգանունը՝ Բորովիտինովա)[16]։ Կինն ու զոքանչը դերասանի հետ թաղված են միևնույն գերեզմանոցում։

Մրցանակներ և պարգևներ

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (դեկտեմբերի 21, 1933)
  • Լենինի շքանշան (ապրիլի 14, 1944)՝ «Կուտուզով» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար[17]
  • Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ (1946)՝ «Կուտուզով» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար
  • Մեդալ «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար» (1946)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (նոյեմբերի 5, 1947)[18]
  • Վենետիկի կինոփառատոնում պատվոգիր «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ադմիրալ Նախիմով» ֆիլմում գլխավոր դերի համար (1947)
  • Մեդալ «Մոսկվայի 800-ամյա տարելիցի հիշատակին» (1948)
  • Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակ (1949)՝ Ի. Ստալինի դերակատարման համար «Երրորդ հարված» ֆիլմում
  • Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ (1949)՝ Ա. Սոֆրոնովի «Մոսկովյան բնավորություն» ներկայացման բեմադրության համար
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (հոկտեմբերի 26, 1949)[3]
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (հոկտեմբերի 29, 1949)
  • Գոտվալդովի կինոփառատոնում հաղթանակի մրցանակ «Ստալինգրադի ճակատամարտ» ֆիլմի համար (1949)
  • Մարիանսկե Լազնեի կինոփառատոնի գլխավոր մրցանակ «Ստալինգրադի ճակատամարտ» ֆիլմի համար (1949)
  • Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ (1950)՝ Ի. Ստալինի դերակատարման համար «Ստալինգրադի ճակատամարտ» ֆիլմում[19]

Հիշատակ

Մոսկվայում ռեժիսորի անունն են կրում՝

  • փողոց, որտեղ №16 համարի ներքո գտնվում էնրա տուն-թանգարանը։
  • 1957 թվականին այն տանը, որտեղ ապրել է ռեժիսորը (Տվերսկայա փողոց, տուն 19), տեղադրվել է հուշատախտակ (քանդակագործ՝ Դ. Ստրելյաև)

Դերերը թատրոնում

Մոսկվայի գեղարվեստական թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
1910Լև ՏոլստոյԿենդանի դիակդատական պրիստավ
1911Նիկոլայ ԳոգոլՌևիզորՄիշկա
Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 1-ին ստուդիա, Մոսկվայի գեղարվեստական երկրորդ թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
1911Մաքսիմ ԳորկիՀատակումԱլյոշկա
1912Իվան ՏուրգենևԳավառացի կինըՄիշա
1913Հերման Հեյերմանս«Հույսի» վախճանըԲարենդ
1917Անտոն ՉեխովԲալենու այգինԵպիխոդով
1917Անտոն ՉեխովԻվանովԼվով
1919Չարլզ ԴիքենսԾղրիդն օջախի ետևումՋոն Փիրիբինգլ
1921Յուհան Ավգուստ ՍտրինդբերգԷրիկ XIVդուքս Յոհան
1924Նիկոլայ ԼեսկովՄսխիչըՄոլչանով
1925Նիկոլայ ԼեսկովԼուՄատվեյ Պլատով
Ե․ Վախթանգովի անվան թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
1941Գերհարդ ՀաուպտմանԱրևածագից առաջՄատիաս Կլաուզեն
1942Ալեքսանդր ԿոռնեյչուկՌազմաճակատգեներալ Գորլով
Փոքր թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
1948Ալեքսանդր ՕստրովսկիԵկամտաբեր տեղԴոսուժև
1948Արկադի ՊերվենցևՀարավային հանգույցԻոսիֆ Ստալին
1949Մաքսիմ ԳորկիՔաղքենինՏետերև
1949Նիկոլայ ՎիրտաԴատապարտվածների դավադրությունըԿոստա Վարա
1949Վսևոլոդ ՎիշնևսկիԱնմոռանալի 1919-ըԻոսիֆ Ստալին
1951Լև ՏոլստոյԿենդանի դիակԱրտեմև

Ռեժիսոր

Ֆ. Շալյապինի անվան թատրոն-ստուդիա
ՏարիՀեղինակՆերկայացում
1921Արթուր ՇնիցլերԿանաչ թութակ
Մոսխորհին կից Մոսկվայի թատրոն երեխաների համար
ՏարիՀեղինակՆերկայացում
1923Կառլո ԿոլլոդիՊինոկիո
1924Ելիզավետա ՏարախովսկայաԳտածո
Կոմեդիա թատրոն
ՀեղինակՆերկայացում
Բեռնարդ ՇոուԿապիտան Բրասբաունդի վարմունքը
Լյուդվիգ ՖուլդաԷշի ստվերը
Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 1-ին ստուդիա
ՏարիՀեղինակՆերկայացում
1923Ջոն ՍինգՀերոսը
Մոսկվայի գեղարվեստական երկրորդ թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացում
1925Նիկոլայ ԼեսկովԼու
Լենինգրադի Ժողովրդական տան դրամատիկական թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացում
Պանտելեյմոն Ռոմանով

(Նիկոլայ Ռադլովի հետ համատեղ)

Երկրաշարժ
1925Պյոտր Տրիոդին

(Արիստարխ Լենտուլովի հետ համատեղ)

«Ստեպան Ռազին» օպերա
1930Վսևոլոդ ՎիշնևսկիПервая Конная
Մոսկվայի հրեական թատրոն
ՀեղինակՆերկայացում
Շոլոմ ԱլեյխեմՋութակահարը տանիքին
Շոլոմ ԱլեյխեմՏոն Կասրիլովկայում
Մեծ թատրոն
ՏարիՀեղինակՕպերա/բալետ
1925Պյոտր ՏրիոդինՍտեպան Ռազին
1927Սերգեյ ՊրոկոֆևՍեր առ երեք նարինջները
1928Ռեյնգոլդ ԳլիերԿարմիր կակաչ
Հեղափոխության թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացում
1928Ալեքսեյ ՖայկոՊորտֆելով մարդը[20]
Սվերդլովսկի դրամատիկական թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացում
1928Ալեքսանդր ԱֆինոգենովՎախ
Ա. Դիկիի ղեկավարությամբ թատրոն-ստուդիա
ՏարիՀեղինակՆերկայացում
1931Նիկոլայ ԼեսկովՄցենսկու գավառի լեդի Մակբեթը
Պրոֆեսիոնալ միությունների համամիութեանակն կենտրոնական միության անվան Մոսկվայի դրամատիկական թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացում
1932Ֆրիդրիխ ՎոլֆՆավաստիները Կաթարոյից
1933Իվան ՄիկիտենկոՄեր երկրի աղջիկները
1933Կոնստանտին ՖիննԲարբաջանք
1934Միգել դե Սերվանտես

(Ալեքսանդր Օստրովսկու թարգմանությամբ)

Միջախաղ
1935Միխայիլ ՍվետլովԽորը պրովինցիա
Լենինգրադի դրամատիկական մեծ թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացում
1936Ֆրիդրիխ ՎոլֆՆավաստիները Կաթարոյից
1937Վլադիմիր ԿիրշոնՄեծ օր
1937Ալեքսանդր ՊուշկինՊուշկինյան ներկայացում
1937Մաքսիմ ԳորկիՔաղքենի
Ե․ Վախթանգովի անվան թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացում
1941Ալեքսանդր Ռժեշևսկի

Միխայիլ Կաց

Օլեկո Դունդիչ
1941Կոնստանտին ՍիմոնովՌուս մարդիկ
Փոքր թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացում
1936Ալեքսանդր Սուխովո-ԿոբիլինՏարելկինի մահը
1946Մաքսիմ ԳորկիՔաղքենի
1948Անատոլի ՍոֆրոնովՄոսկովյան բնավորություն
1950Ալեքսանդր ԿոռնեյչուկԲռնչենու պուրակ
1950Գեորգի ՄդիվանիԲարի կամքի մարդիկ
1951Վալենտին ՕվեչկինՆաստյա Կոլոսովա
Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացում
1953Միխայիլ Սալտիկով-ՇչեդրինՍտվերներ[21]
Ալեքսանդր ՕստրովսկիՋերմ սիրտ

Ֆիլմագրություն

ՏարիՖիլմԴեր
1919Чем ты был?Իվան Սոտի
1921Անդրեյ ԳուդոկԱնդրեյ Գուդոկ
1934Ձկնորսների ապստամբությունըԿեդենեկ
1941Մարտական կինոժողովածու №6 («Ատելություն» նորավեպ)ծեր
1943ԿուտուզովԿուտուզով
1946Ադմիրալ ՆախիմովՆախիմով
1947ՊիրոգովՆախիմով
1947Շարքային Ալեքսանդր ՄատրոսովՍտալին
1948Երրորդ հարվածՍտալին
1948Պատմություն իսկական մարդու մասինՎասիլի Վասիլևիչ
1949Ստալինգրադի ճակատամարտՍտալին
1949Փոքր թատրոնը և նրա վարպետներըկամեո

Ծանոթագրություններ

Մատենագրություն

  • Повесть о театральной юности / Вступ. статья А. Мацина. — М.: Искусство, 1957. — 359 с.
  • Статьи. Переписка. Воспоминания / Сост. и ред. Н. Г. Литвиненко и А. Г. Гулиев. — М.: Искусство, 1967. — 503 с.
  • Избранное / Сост. Н. Г. Литвиненко, предисл. З. В. Владимировой. — М.: ВТО, 1976. — 442 с.

Գրականություն

  • Владимирова З. Алексей Дикий // Портреты режиссёров. Выпуск 4. — М.: Искусство, 1986. — С. 5—37.
  • Иванов В. В. Алексей Дикий в Тель-Авиве // Иванов В. В. Русские сезоны театра «Габима». М.: «АРТ», 1999. С. 166—180.
  • Иванов В. В. Алексей Дикий — режиссёр «Габимы» // Диалог культур. Проблемы взаимодействия русского и мирового театра XX века. Сб. ст./ Ред. коллегия: А. В. Бартошевич, Т. В. Бутрова, Т. К. Шах-Азизова. СПб.: Дмитрий Буланин, 1997. С. 56—71.
  • Кино. Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1987. — 640 с. — 100 000 экз.
  • «Реалистическая химера» Алексей Дикий. Режиссерский план спектакля «Смерть Тарелкина» А.В. Сухово-Кобылина в Малом театре и статья «Мои взгляды на театр» / Публ., вступит. статья и коммент. Е. И. Струтинской // Мнемозина. Документы и факты из истории отечественного театра XX века. Вып. 7 / Ред.-сост. В. В. Иванов. М.: Индрик, 2019. С. 459—486.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Դիկի» հոդվածին։