Ալացկիվի (դղյակ)

Ալացկիվի (դղյակ) (էստ․՝ Alatskivi loss, գերմ.՝ Schloss Allatzkiwwi), դղյակ էստոնիայում՝ կառուցված Տարտումաա նահանգի Ալացկիվի շրջանում՝ ամրոցը վերակառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին նեոգոթիկ ոճով։

Ալացկիվի
Նկարագրություն
Տեսակդաստակերտ
ՏեղագրությունԱլացկիվի
Վարչական միավորPeipsiääre Rural Municipality?
Երկիր Էստոնիա
Համալիրի մասAlatskivi manor?
Կառուցված1880[1]
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա և Scottish baronial architecture?
Կայքalatskiviloss.ee
Քարտեզ
Քարտեզ
 Alatskivi castle Վիքիպահեստում

Նկարագրություն

Դղյակը կառուցվել է համանուն լճի ափին[2]։ Այն անհամաչափ հատակագծով կառույց է, որի մի թևը մեծ է մյուսից, մեկը միահարկ է, մյուսը՝ երկհարկանի։ Դղյակի շուրջը տեղակայված են 41 փոքր օժանդակ կառույցներ (նախկինում՝ 57՝ լվացքատուն, խոհանոց, ախոռներ, հողմաղաց, եկեղեցի, գերեզմանատուն և այլն)։ Դղյակը շրջապատված է 130 հեկտար տարածքով զբոսայգով, որն ամենամեծն է Տարտումաայում։ Զբոսայգու հիմնական ծառատեսակներն են կաղնին, հացենին, թխկին, լաստենին։ Կից ճանապարհի եզրերին տնկված են լորենիներ։ Լճակից բացի զբոսայգում կա երկու փոքր ջրավազան։ Այստեղ կարելի է տեսնել դյուցազուն Կալևիպոեգի քանդակը։ Նախկինում այնտեղ էր գտնվում նաև Ապոլլոնի արձանը, որն այսօր Տալլինի Կադրիորգի զբոսայգում է[3]։

Պատմություն

Դղյակը կառուցվել է 16-րդ դարի վերջին[4]։ Նրա մասին առաջին անգամ հիշատակվել է 1601 թվականին։ 1628 թվականին Շվեդիայի արքա Գուստավ II Ադուլֆը նվիրել է այն իր քարտուղար Յուհան Ադլեր Սալվիուսին։ 1642 թվականին դղյակն անցել է կալվածատեր Յոահիմ Կրոնմանին, 1753 թվականին՝ Շտակելբերգ ընտանիքին, իսկ 1870 թվականին՝ Նոլքեն ընտանիքին։ 1876 - 1885 թվականներին բարոն Արվեդ Գեորգ ֆոն Նոլքենը վերակառուցեց դղյակը շոտլանդական բարոնական ոճով՝ Շոտլանդիայում արքայական նստավայր Բալմորալ ամրոցի օրինակով։

1919 թվականին Անկախության պատերազմի ընթացքում դղյակն ազգայնացվեց և փոխանցվեց գյուղատնտեսության նախարարության տնօրինությանը։ Այն ծառայել է որպես դպրոց, սահմանապահների զորանոց, կոլտնտեսության վարչական շենք, կինոթատրոն և գրադարան[5][6]։

2005—2011 թվականներին իրականացված մեծածավալ վերականգման արդյունքում դղյակը վերստացավ իր սկզբնական տեսքը[7]։ Առաջին հարկի հինգ սենյակները տրամադրված են դիրիժոր և կոմպոզիտոր Էդուարդ Տուբինի թանգարանին[8]։ Դղյակում անց են կացվում տարբեր հանդիպումներ, գիտաժողովներ, սեմինարներ, որոնց համար կահավորված են 60-120 տեղ ունեցող երեք դահլիճներ[9]։ Կա ռեստորան և 8 անձի համար նախատեսված հյուրանոցային լյուքս-համարներ[10]։ Նկուղային հարկում գտնվում է այստեղ երբևէ ապրած մարդկանց մոմե արձանների թանգարանը[11]։

1997 թվականին դղյակն ընդգրկվել է Էստոնիայի մշակութային հուշարձանների պետական ցուցակում, 13.05.2019-ի տեսչական ստուգման ժամանակ վիճակը գնահատվել է գոհացուցիչ[12]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ