Աթիլա Պեչաուեր

Աթիլա Պեչաուեր (հունգարերեն՝ Attila Petschauer, դեկտեմբերի 14, 1904(1904-12-14), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 20, 1943(1943-01-20)[1], Davidovka concentration camp, Ուկրաինա), հրեական ծագումով հունգարացի մարզիկ, սուսերամարտիկ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն[2]

Աթիլա Պեչաուեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝հունգ.՝ Petschauer Attila
Մասնագիտացում՝սուսերամարտիկ և լրագրող
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 14, 1904(1904-12-14)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվ՝հունվարի 20, 1943(1943-01-20)[1] (38 տարեկան)
Մահվան վայր՝Davidovka concentration camp, Ուկրաինա

Կենսագրություն

Ծնվել է Բուդապեշտում, հրեայի ընտանիքում[3][4][5]։ Ութ տարեկանից հաճախել է հրեա վարպետ Կարոլի Ֆոդորի (Մոզես Ֆրայբերգերի) հիմնադրած մարզադպրոցում գործող թրասուսերի խմբակի պարապմունքներին (մինչև 20 տարեկան դառնալը), այնուհետև շարունակել է պարապել սիոնիստ իրավաբան Մարսել Հայդուի հիմնած Nemzeti Vivó Club-ում (NVC)[6]: Այդ ընթացքում մասնակցելով սուսերամարտի Հունգարիայի առաջնության մրցումներին՝ չորս անգամ հռչակվել է այդ երկրի պատանիների չեմպիոն[6]։ Ընդգրկվել է սուսերամարտի Հունգարիայի ազգային հավաքականի կազմում և մասնակցել 1928 և 1932 թվականների օլիմպիական խաղերին։ Պեչաուերը 1920-ական թվականների վերջերին և 30-ականների սկզբներին համարվում էր աշխարհի ուժեղագույն սուսերամարտիկներից մեկը[7][8]։ 1925-ից 1931 թվականների միջակայքում կայացած աշխարհի առաջնություններում նա երեքական անգամ արծաթե և բրոնզե մեդալակիր է դարձել[9][10]։

Օլիմպիական կարիերան

1928 թվականին՝ 23 տարեկան հասակում մասնակցելով Ամստերդամում անցկացված ամառային օլիմպիական խաղերին՝ թիմային հաշվարկով արժանացել է ոսկե, անհատական հաշվարկով՝ արծաթե մեդալի[6][11]։ Լոս Անջելեսի 1932 թվականի ամառային օլիմպիադայում նույնպես ոսկե մեդալ է նվաճել թիմային հաշվարկով[6][12], իսկ անհատական մրցապայքարում գրավել է հինգերորդ տեղը[11]։

Սպանությունը

Ավանդազրույցի համաձայն՝ 1943 թվականին ֆաշիստները ձերբակալել են Պեչաուերին՝ որպես հրեայի, և ուղարկել են հարկադիր աշխատանքային ճամբար՝ Ուկրաինայի Դավիդովկա բնակավայրի մերձակայքում[7][13][14][15]։ Ըստ վարկածներից մեկի՝ այստեղ նա տանջահար է արվել ու սպանվել Հունգարիայի օլիմպիական թիմի նախկին անդամներից մեկի կարգադրությամբ, նախկին մի ընկերոջ, ով որպես սպա՝ ֆաշիստների մոտ ծառայության մեջ էր գտնվում այդ ճամբարում[14][16]։ Իսկ ճամբարային ընկերը՝ օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Կարոլի Կարպատին հայտնել է հետևյալը. «Վերակացուները գոչում էին. «Է՛յ օլիմպիակա՛ն մեդալիստ, արի տեսնենք՝ ծառ մագլցելուց ո՛նց ես»»։ Ձմեռվա կեսն էր, ահավոր սառնամանիք, երբ նրան մերկացնելով՝ ստիպեցին ծառ մագլցել, և դեռ հետն էլ՝ ծուղրուղու կանչել։ Իսկ իրենք հռհռում էին ու ջուր շփում խեղճի վրա։ Պեչաուերը ցրտահարվել էր ու կարճ ժամանակ անց մահացավ»[14][17][18][19]։ Պեչաուերի կյանքի ու մահվան պատմությունը գեղարվեստորեն արտացոլվել է 1999 թվականին թողարկված Sunshine կինոնկարում[11][20]։

Վերջերս որոշ ուսումնասիրողներ կարծիք են հայտնել, որ հունգարական թագավորական բանակի արխիվում պահպանված արձանագրությունների համաձայն՝ Պեչաուերը մահացել է խորհրդային ճամբարներից մեկում, տիֆից[21]։

Հիշատակը

1985 թվականին նշանավոր մարզիկի անունն ընդգրկվել է Միջազգային սպորտի հրեական փառքի սրահում[16]։

Աթիլա Պեչաուերի հետնորդներից մեկի՝ դոկտոր Ռիչարդ Մարկովիցի նախաձեռնությամբ 1995 թվականից ի վեր անցկացվում է նրա հիշատակին նվիրված ամենամյա մրցաշար[18], որը համարվում է թրասուսերի՝ ԱՄՆ-ում անցկացվող ամենակարևոր մրցումներից մեկը[22]։

Միջազգային նվաճումները

Օլիմպիական խաղեր
ՏարինՄրցավայրըՄեդալըՄրցաձևը
1928Ամստերդամ (  Նիդերլանդներ)ոսկեթրասուսեր, թիմային
1928Ամստերդամ (  Նիդերլանդներ)արծաթեթրասուսեր, անհատական
1932Լոս Անջելես (  ԱՄՆ)ոսկեթրասուսեր, թիմային
Աշխարհի առաջնություններ
ՏարինՄրցավայրըՄեդալըՄրցաձևը
1925Օստենդե Բելգիաբրոնզեթրասուսեր, անհատական
1926Բուդապեշտ ( ) Հունգարիաարծաթեթրասուսեր, անհատական
1929Նեապոլ ( ) Իտալիաբրոնզեթրասուսեր, անհատական
1930Լիեժ Բելգիաոսկեթրասուսեր, թիմային
1930Լիեժ Բելգիաարծաթեթրասուսեր, անհատական
1931Վիեննա Ավստրիաոսկեթրասուսեր, թիմային
1931Վիեննա Ավստրիաբրոնզեթրասուսեր, անհատական

Գրականություն

  • Attila Petschauer. In: Joseph Siegman: Jewish Sports Legends: The International Jewish Hall of Fame. Third Edition. Brassey, Washington D.C. 2000, ISBN 1-57-488284-8, S. 79. (mit Bild)
  • George Eisen: Attila Petschauer: Ein olympischer Sieger während des Holocaust, in: Diethelm Blecking, Lorenz Peiffer (Hrsg.) Sportler im „Jahrhundert der Lager“. Profiteure, Widerständler und Opfer. Göttingen : Die Werkstatt, 2012, S. 265–271

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ