Աբրահամ Երևանցի

Աբրահամ Երևանցի (1680 - 1740), XVIII դարի հայ պատմագիր[1]։

Աբրահամ Երևանցի
Ծնվել է1680
Մահացել է1740
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Տիրապետում է լեզուներինհայերեն

Աբրահամի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Եղել է Հովհաննեսի որդին, ապրել Երևանում՝ Արևելյան Հայաստանի պարսկական ռազմական պաշտպանության կենտրոնում։ Ձեռագրի ոճը և պարզ լեզուն ցույց է տալիս, որ նա հոգևորական կամ իշխան չէր։ Եվրոպական ռազմական եզրաբանության իմացությունը, ռազմական գործողությունների մանրամասն նկարագրությունը որոշ հիմք են տալիս ենթադրելու, որ Աբրահամ Երևանցին եղել է կա՛մ զինվոր, կա՛մ փորձառու առևտրական, որն աջակցել է բանակին[1]։

Գրել է «Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թուի» երկը (հրատարակված՝ 1938, Երևան, 1977, Վենետիկ[2], Սբ Ղազարի տպարան, ռուսերեն՝ 1939)[3], որն արժեքավոր աղբյուր է Հարավային Կովկասի և թուրք-պարսկական հարաբերությունների պատմության համար։ Ընդգրկում է աֆղանների ապստամբությունից մինչև Նադիր Շահի գահակալությունը կատարված դեպքերը (1721-1736)[1]։ Առանձնապես կարևոր է գրքի 2-րդ գլուխը, որտեղ մանրամասն նկարագրված է Երևանի պաշտպանությունը 1724 թվականին։ Պարունակում է նաև հետաքրքիր տեղագրական տվյալներ Հին Երևանի մասին[4]։

«Պատմության» բնագիրը, որից ընդօրինակված է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի № 8069 ձեռագիրը, գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում։ Աբրահամ Երևանցու «Պատմությունը» տպագրվել է 1938 թվականին։ Հրատարակվել է նաև ռուսերեն (1939)[4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 41