Վարշավան ունի 1.711 միլիոն բնակչություն, իսկ արվարձանները ներառյալ 2.666 միլիոն, Եվրամիության երկրների քաղաքների ցանկում բնակչության քանակով իններորդն է։
Վարշավայի հիմնական մասը տեղադրված է Վիսլայի ձախ, բարձրադիր ափին և ընդգրկում է քաղաքի պատմական կորիզը՝ Հին (Ստարե Մյաստո) ու Նոր (Նովե Մյաստո) քաղաքները, երկուսն էլ՝ փողոցների ուղղանկյուն ցանցով, կենտրոնադիր Շուկայի հրապարակով։ Հին քաղաքում պահպանվել են բերդապարիսպները (XIV-XV-րդ դդ․), XV-XVIII-րդ դդ․ տներ, գոթական ոճի կոստյոլ (XV-րդ դ․), Նոր քաղաքում՝ գոթական ոճի (XV-րդ դ․) և XVI-XVII-րդ դդ․ կոստյոլներ, մենաստաններ։ XVI-XVIII-րդ դդ․ Վարշավայի կառուցապատումը տարածվել է դեպի հարավ և արևմուտք, կառուցվել են բազմաթիվ պալատներ, կոստյոլներ, «Լազենկի» պալատա-պուրակային համալիրը և այլն։ XIX դարասկզբից կազմավորվել է Վարշավայի նոր կենտրոնը՝ կանոնավոր թաղամասերով, կլասիցիզմի ոճի բնակելի և հասարակական շենքերով, Թատերական և Բանկային հրապարակային համալիրներով։ XIX-րդ դ․ 2-րդ կեսին - XX-րդ դդ․ 30-ական թթ․ Վարշավայի ծայրամասերը տարերայնորեն կառուցապատվել են եկամտաբեր տներով, անբարեկարգ բնակելի թաղամասերով, ի հակադրություն կենտրոնի շքեղ կառուցապատմանը՝ էկլեկտիկ ոգով, մոդեռն, իսկ ավելի ուշ՝ ֆունկցիոնալիզմի ոճերով։ 1945 թվականից հետո ամբողջությամբ վերականգնվել են գերմանաֆաշիստական զորքերի ավերած Հին և Նոր քաղաքները, ինչպես և կարևոր ճարտարապետական հուշարձանները։ Ըստ Վարշավայի վերակառուցման նախագծի (1946) ստեղծվել են «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» փոխհատվող գլխավոր մայրուղիները, վերականգնվել են Մարշալկովսկի փողոցը՝ Սահմանադրության հրապարակի անսամբլով (1950-52), Մշակույթի և գիտության պալատով (1952-55, ճարտարապետ՝ Լև Ռուդնև), բնակելի ու հասարակական շենքերի կենտրոնական նոր անսամբլով (1961 թվականից՝ ճարտարապետ՝ Զ․ Կարպինսկի և այլք)։ Ստեղծվել են բնակելի նոր թաղամասեր, կառուցվել են Կուսակցության տունը (այժմ՝ Ֆինանսաբանկային կենտրոնը, 1948-51, ճարտարապետ՝ Եվգենիուշ Վեժբիցկի և այլք), Վիճակագրական գլխավոր վարչությունը (1948-54, ճարտ․ Ռ․ Գուտտ), սեյմի շենքը (1948-52, ճարտ․՝ Բոհդան Պնևսկի), Տասնամյակի մարզադաշտը (1954-55, ճարտ․՝ Եժի Հրինևեցկի և այլք), Գդանսկի երկհարկանի կամուրջը (1959), «Սուպերսամ» խանութը (1962, ճարտարապետներ՝ Մացիեյ Կրասինսկի և այլք)։ Նշանավոր հուշակառույցներից են․ Սիգիզմունդ III-ի սյունը (1643), Նիկոլայ Կոպեռնիկոսի (1828-30, քանդակագործ՝ Բերտել Տորվալդսեն), Ադամ Միցկևիչի (1898, քանդակագործ՝ Ցիպրիան Գոդեբսկի), Ֆրեդերիկ Շոպենի (1907-1926, քանդակագործ՝ Վացլավ Շիմանովսկի), Գետտոյի հերոսների (1948, քանդակագործ՝ Նաթան Ռապոպորտ, ճարտարապետ՝ Լեոն Սուզին), Վարշավայի հերոսների (1964, քանդակագործ՝ Մարյան Կոնեչնի) հուշարձանները, խորհրդային բանակի մարտիկների դամբարանը (1950, ճարտ․՝ Բոհդան Լյահերտ, քանդակագործներ՝ Ե. Յարնուշկևիչ, Ստանիսլավ Լիսովսկի)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։